Զուրաբյան․ Պապիկյանը նաև բանակի ռեսուրսն է օգտագործում Ալավերդու ընդդիմադիր ղեկավարի դեմ
Լոռու մարզի Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ աշխատում է ՔՊ–ական ռազմապատժիչ հանձնաժողովը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով` Ալավերդիում իշխանական ՔՊ–ն ցանկանում է տապալել «Ապրելու երկիր» և ՀԱԿ կոալիցիոն հուշագրով ընտրված համայնքի ղեկավարին` այդ նպատակով օգտագործելով քննչական ու ուժային մարմինների ռեսուրսը։
Ըստ նրա` քննչական մարմինները, մասնավորապես` Հակակոռուպցիոն կոմիտեն, տարբեր գործիքներով ճնշումներ են գործադրում ավագանու ընդդիմադիր անդամների ու ղեկավարի վրա, ապօրինի քրեական գործեր հարուցում, ճնշում գործադրում, որ նրանք անցնեն իշխանության կողմը։
«Արդյունքում այսօր գործում է ոչ թե ՀՀ ԿԸՀ, այլ ընտրապատժիչ հանձնաժողով, քանի որ ԿԸՀ–ն սկսել է համագործակցել քննչական մարմինների հետ։ Ավելին` ես դա կանվանեի ռազմապատժիչ հանձնաժողով, քանի որ այս արշավին միացել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա անձամբ ղեկավարում է այդ ճնշումների կոորդինացիան` շատ հաճախ օգտագործելով ՊՆ–ի ու բանակի ռեսուրսները այդ ճնշումներն իրականացնելու նպատակով»,– հայտարարեց Զուրաբյանը։
Նրա խոսքով` ՔՊ–ն տարբեր ձևերով փորձել է ազդել Ալավերդիի ընդդիմադիր ավագանու անդամների վրա, որ կոալիցիա կազմեն իշխանության հետ` կրիմինալ աշխարհի կողմից սպառնալիքներով, քաղաքական կաշառք առաջարկելով։
Sputnik Արմենիա