ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Երեկ միանգամայն անսպասելի հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի են ունենալու արտահերթ նախագահական ընտրություններ: Այս հոկտեմբերին լրացավ Իլհամ Ալիևի անընդմեջ պաշտոնավարման ուղիղ 20 տարին. թվում էր, թե իր համար հաղթական վերջին երեք տարիներից հետո ռեժիմի ղեկավարը կարող էր հանգիստ վայելել իր դափնիները, մինչև հերթական ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հոկտեմբերը։ Մանավանդ որ այդ երկրում «ընտրություններ» հասկացությունը զուտ պայմանական է. սույն ձևական-հանդիսավոր միջոցառումն Ադրբեջանում կարելի է անցկացնել թեկուզ ամեն տարի, և արդյունքը միշտ նույնը կլինի։

Թե հատկապես ինչն է դրդել Ալիեվին նման որոշման, դեռ այնքան էլ հասկանալի չէ։ Հետաքրքիր է, որ վերջին անգամ էլ քթեղ բռնապետն ընտրվել է 2018-ի ապրիլին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում՝ Հայաստանի համար չարաբաստիկ Նիկոլի «գալստյան» տարում։ Զուգադիպությո՞ւն։ Հնարավոր է, բայց ուշագրավ է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին հիմա ակտիվորեն խոսում են նաև Հայաստանում։

Նույն օրը՝ դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան, հայտնվում է «Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը», ըստ որի՝ Բաքուն վերադարձնում է 32 հայ ռազմագերիների, Երևանը՝ երկու ադրբեջանցի զինվորների, որոնք ձերբակալվել են ՀՀ տարածքում այս տարվա ապրիլին։ 32-ից 26-ը՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-14-ին Հադրութի ուղղությամբ խիստ կասկածելի հանգամանքներում գերեվարվածներ, մյուս վեցը՝ տարբեր ժամանակներում սահմանին և Լաչինի միջանցքում գերեվարվածներ։ Նրանց թվում՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեկյանը, որի ծանր վիճակի մասին բազմիցս գրվել է ԶԼՄ-ներում։

Այսինքն՝ արձանագրենք. ազատման ենթակա հայերի ցուցակում չկա որևէ հանցագործություն կատարած ոչ մի անձ, եթե ելնենք միջազգային իրավական նորմերից։ Մինչդեռ Հայաստանը վերադարձնում է ՀՀ սահմանն ապօրինի և զինված հատած երկու զինվորների, որոնցից մեկն ընդ որում կատարել է ծանր հանցագործություն՝ սպանել է ՀՀ քաղաքացու:

Ըստ էության, երբ դրանից մեկ օր առաջ Վերաքննիչ դատարանը հապճեպ խստացրեց մարդասպանի պատիժը՝ 20 տարով ազատազրկումը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ, պարզ դարձավ, որ հայկական իշխանությունները պատրաստվում են վերադարձնել այդ երկուսին։ Եվ ժամկետն արդեն ոչ մի նշանակություն չունի, քանի որ հանցագործը վերադառնալուն պես ազատ կարձակվի և հավանաբար կարժանանա պարգևի։

Ամեն դեպքում ուրախանանք մեր հայրենակիցների ազատ արձակմամբ, որոնց ճնշող մեծամասնությունը երեք լրիվ տարի է անցկացրել Բաքվի զնդանների դժոխքում։ Եվ հիշենք, որ 2021 թվականի իր քարոզարշավի ժամանակ Փաշինյանը ցինիկաբար օգտագործեց գերիների գործոնը՝ օդ ցնցելով աղաղակներով, թե իբր՝ նրանք ևս 2-3 ամիս կհամբերեն «հանուն Հայաստանի անկախության»։ Նրանցից 32-ի համար 2-3 ամիսը դարձավ 2-3 տարի, մինչդեռ ադրբեջանական բանտերում մնում են տասնյակ հայեր, այդ թվում՝ Արցախի նախկին և գործող առաջնորդները։ Այդ մարդկանց ճակատագիրը շարունակում է մշուշոտ մնալ։

Համատեղ հայտարարությունը, պետք է ենթադրել, ամենաուղղակի կերպով կապված է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայընի Բաքու կատարած այցի հետ (ընդգծենք՝ առանց Երևան այցելելու), որն Ադրբեջանում իր հանդիպումներն անվանել է «դրական և կառուցողական»: Ամենևին պատահական չէ, որ Պետդեպարտամենտի բանագնացի այցի հաջորդ օրը խրձով հայտնվեցին Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին հաղորդագրությունը, նշյալ հայտարարությունը, ինչպես նաև Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին տեղեկատվությունը:

Երեվանն ակնթարթորեն հաստատեց իր մասնակցությունը, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Բաքուն ևս դրական կարձագանքի։ Այսպիսով, մինչ Մոսկվան լեզվակռվի էր բռնվել Երևանի հետ՝ բորբոքված պարզաբանելով փոխադարձ վիրավորանքները և ստանալով ընդամենը ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցով երաշխիքներ, Արևմուտքը, այս անգամ՝ ի դեմս ԱՄՆ-ի, «ձիով քայլ» արեց։

Եթե Վաշինգտոնում հանդիպումը կայանա, ապա դա կամրագրի արևմտյան հարթակի առանցքային դերը բանակցություններում։ Իսկ եթե այնտեղ նաև կոնկրետ արդյունքներ արձանագրվեն «խաղաղության պայմանագրի» համատեքստում, ապա դա ցավոտ հարված կդառնա ռուսական դիվանագիտության համար։ Սակայն տվյալ գործընթացում, ինչպես միշտ, այնքան շատ են ստորջրյա խութերը, որ ակնկալել, թե ամեն ինչ կընթանա սահուն և առանց անակնկալների, առնվազն միամտություն կլինի:

Այստեղ ճիշտ ժամանակն է վերադառնալ ընտրությունների հարցին, որոնց նախապատրաստումը, ըստ ամենայնի, զուգահեռ է ընթանում Հայաստանում և Ադրբեջանում։ Ալիևի համար ավելի հեշտ է. նա առավել քան վստահ է հաջողության մեջ, ուստի կարելի է վստահաբար ասել, որ որոշումը թելադրված է զուտ արտաքին պատճառներով։ Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկու կարծիքով՝ Բաքվում Սպիտակ տան ներկայիս վարչակազմին համարում են հայամետ և չեն ցանկանում նրա միջնորդությամբ խաղաղության պայմանագիր կնքել՝ հուսալով, որ Թրամփը կվերադառնա: Ընտրություններ նշանակելով փետրվարին՝ Ալիևն իրեն ազատեց առաջիկա ամիսներին բանակցություններ վարելու և որևէ փաստաթուղթ ստորագրելու պարտականությունից, նշել է փորձագետը 168.am-ին տված հարցազրույցում։

Նիկոլի համար իրավիճակն անհամեմատ ավելի բարդ է։ Աղետալի ցածր վարկանիշը և երկրում տիրող ընդհանուր իրավիճակը դավաճանների ոհմակին ոչ մի հիմք չի տալիս ակնկալելու իրենց համար ցանկալի արդյունքը՝ առանց այդ ուղղությամբ հատուկ ջանքեր գործադրելու։ Երևանում սեպտեմբերյան ընտրությունները դրա ավելորդ հաստատումն էին։ Փաշինյանը կարող է գնալ արտահերթ ընտրությունների միայն այն դեպքում, եթե նախապես վստահ լինի իր ուզած արդյունքն ապահովելու հարցում։

Դրա համար նրան անհրաժեշտ է շատ ամուր վարչական թիկունք և հնարավորինս լիակատար վերահսկողություն ներքին իրավիճակի նկատմամբ, ինչպես նաև արտաքին ուժերի չմիջամտության երաշխիքներ։ Մասնավորապես՝ Արևմուտքի կողմից. արձագանքի բացակայություն անխուսափելի և, ամենայն հավանականությամբ, կոպտագույն խախտումներին։

Բազմաթիվ նշաններ վկայում են, որ այդ ուղղությամբ աշխատանքը սկսվել է, և բավական լուրջ աշխատանք։ Տեսանելի ախտանշանների շարքում նշենք իշխանությունը զավթելու անթաքույց փորձերն այն շրջաններում, որտեղ դա ՔՊ-ի ձեռքում չէ (Ալավերդի և Գյումրի), իշխող կուսակցության կորիզի գրեթե ամենօրյա քաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև որոշ անդամների սանձարձակության հասնող վարքագիծը, որոնք ջանում են իրենց տեղն ապահովել Նիկոլի նոր թիմում։ Գումարած արևմտամետ քաղաքական գործիչների և ուժերի ծայրահեղ ակտիվությունը լրատվական ոլորտում, որոնք, բազմաթիվ փորձագետների կարծիքով, պատրաստվում են փոխարինել ներկայիս տիտղոսային ընդդիմությանը։ Մանավանդ որ վերջինս թուլություն է ցուցաբերում և դժվար թե կարողանա անցնել ԱԺ հաջորդ կազմ։

Այս իրավիճակում գերիների բավական մեծ խմբի վերադարձը, անկասկած, նվեր կլինի Փաշինյանին Ալիևից։ Բայց թե բավարար կլինի՞ արդյոք դա վարկանիշի փոքրիշատե նկատելի աճի համար, մեծ հարց է։ Եվ եթե Նիկոլն իսկապես հակվում է (կամ նրան մղում են) արտահերթ ընտրությունների, ապա դա կարող է համարվել նրա իմիջի արհեստական բարելավման լոկ սկիզբ։ Բնավ փաստ չէ, թե դա կհաջողվի, ի տարբերություն հուսալի և բազմիցս փորձարկված ուժային մեթոդների։

Վերջիններիս համատեքստում արևմտյան գործընկերների լռությունը և նրանց կողմից «հայկական ժողովրդավարության» երեսպաշտ գովաբանման շարունակումը, անշուշտ, մեծ օժանդակություն են ՔՊ-ի համար։ Սակայն կբավականացնի՞ արդյոք դա ռուսական ազդեցությունը չեզոքացնելու համար, նույնպես շատ մեծ հարց է։ Ասենք, ինչպեսև Մոսկվայի պահվածքը՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում։

Գործընթացները դեռ նոր են սկսվում, և դրանք նախորոշող և ուղղորդող գործոնները չափազանց շատ են։ Այս ամենի մեջ մեզ ամենից շատ պետք է մտահոգի ազգային ուղղվածության հասարակական ուժերի ակնհայտ անկարողությունը՝ դիմակայելու բացասական զարգացումներին, 2021-ի հունիսին ԱԺ եկած ընդդիմության բացարձակ իմպոտենցիայի խորապատկերին։ Եթե ամեն ինչ ընթանա Նիկոլի ու իր տերերի սցենարով, ապա հաջորդ խորհրդարանում չի լինի նույնիսկ այս՝ թույլ ընդդիմությունը։ Դե, և մեծ հաշվով, արդեն պետք էլ չի լինի դա՝ ընդդիմությունը