ՆՈՒՅՆԱԶԳԻ ԵՐԿՈՒ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԸ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Զվարճալի մարդիկ են Էրդողանն ու Ալիևը՝ երկու պետություն ունեցող նույն ժողովրդի երկու նախագահները։ Մի կողմից, սիրում են միջազգային հարթակներում փարիսեցիություն անել, իբր՝ որքա՜ն խաղաղասեր ու վեհանձն են իրենք, ինչքա՜ն են խաղաղություն ցանկանում տարածաշրջանում և այդ իսկ պատճառով առաջինը Հայաստանին առաջարկեցին խաղաղության չիբուխը ծխել։ Ահա թե ինչպես է ճամարտակում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ. «Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և անում է ամեն հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ում ևս նույն դիրքորոշումն ունեն։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կարգավորումը բխում է բուն տարածաշրջանի շահերից»։

ԻՍԿ ՀԵՏՈ ԱՅԴ ՆՈՒՅՆ ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆՈՒՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ, միաձայն ասում են, թե ի՜նչ վատն են այդ Հնդկաստանն ու Ֆրանսիան, որ սպառազինություն են մատակարարում Հայաստանին։ Սպառնում են նրանց պատժամիջոցներով։ Ալիևը նախկինում Մոսկվային էլ էր նման դժգոհություն հայտնել։ Այսինքն ձայները մեկ արած ասում են երկու նախագահները, թե իբր՝ իրենք խաղաղություն են ուզում, իսկ այդ ֆլան-ֆստան Հայաստանը մտադիր է զենք գնել։ Ալիևն ընդհանրապես սպառնում է, որ եթե մատակարարումները շարունակվեն, ապա ինքը կթքի ամեն ինչի վրա, կսկսվի Ադրբեջանի նոր ագրեսիաՄի խոսքով, Հայաստանը բանակ չպետք է ունենա, այդպես են իրար մեջ որոշել երկու նախագահները։

Եվ այնպիսի եռանդով են դա միաձայն ասում, որ չեն նկատում, թե ինչպես են, ժամանակակից ժարգոնով ասած՝ «քաշվում», փաստորեն խոստովանելով Հայաստանի նկատմամբ իրենց իրական մտադրությունները։ Այսինքն փոքրիկ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան ռեժիմների շրջապատման մեջ։ ՆԱՏՕ-ի երկրներից Թուրքիան ամենամեծ ցամաքային բանակն ունի Եվրոպայում։ Ադրբեջանը եռանդագին ամենաժամանակակից սպառազինություն է գնում Իսրայելից։ Բացի ատոմային ռումբից, երկու պետություններն ունեն ամենաժամանակակից փաստորեն բոլոր զինատեսակները։ Թուրքիան և Ադրբեջանը միասին շահեցին 44-օրյա պատերազմը, ինչը խոստովանում են առանց ամաչելու։ Հետո վերացրեցին հայկական Արցախը, ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Իսկ Երևանին չի՞ կարելի հակահրթիռային համակարգեր և զրահամեքենաներ գնել։

Այսինքն, Բաքուն ու Անկարան փաստորեն խոստովանում են, որ իրենց ծրագրերում Հայաստանը կարող է ունենալ միայն մեկ ապագա. նույն ժողովրդի երկու պետությունների վերահսկողության տակ գտնվող երրորդ կարգի պետություն, որը չունի ինքնապաշտպանության ոչ մի ռեսուրս, այդ իսկ պատճառով պիտի անվերապահորեն կատարի երկու նախագահների քմահաճույքները։ Հակառակ դեպքում երկու նախագահները սպառնում են ոչնչացնել մեզ։

Ահա սկզբունքորեն այն ամենը, ինչ պետք է իմանալ Ալիևի և Էրդողանի խաղաղասիրություն մասին, որքան էլ մեր գլուխը թլսորեն նրանք և Հայաստանի վարչապետի աթոռին նստած իրենց զինակիցը։ Իրականում ոչ մի խաղաղասիրություն էլ չկա, իհարկե։ Միակ բանը, որ կա, այն է, որ ճիշտ գուշակեն հարմար պահը իրենց ծրագրերի իրագործման համար։ Եվ, քանի որ դեռ այնուամենայնիվ մնում է ինչ-որ հույս, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրում» շատերը չեն ցանկանա տեսնել իրենց կամ սեփական երեխաների ապագան որպես թուրքական սրճարանների սպասավորների, ապա կարծում ենք, որ նույն ժողովրդի երկու նախագահներն անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերջնականապես գիտակցի. զինվելն անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է, որ երկու նախագահները հասկանան, որ եթե դիմեն Ցեղասպանության հերթական գործողության, հակահարվածը դաժան կլինի. մեզ այլ ելք չեն թողնում, Բաքվի հետ ոչ մի խաղաղ պայմանագիր չի կարող այլընտրանք ծառայել։

Առավելևս այն պայմանագիրը, որը նախապատրաստվում է և որին, ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի, մեծապես աջակցում է Անկարան։ Ինչպես վերջերս հաղորդեց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ինքը և իր գործընկերներ Աննա Գրիգորյանը և Քրիստինե Վարդանյանը հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև ծրագրվող խաղաղության պայմանագրի պայմաններին։ Իր ֆեյսբուքյան էջում ը գրել է. «Թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»։