ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՂԱՆ ՀԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Առաջին անգամ է, որ Հարավային Կովկասի մի երկիր (Վրաստան - խմբ.) Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներ ունի։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքերով, դա շատ կարևոր քայլ է։ «Մյուս կողմից՝ դա նաև չափազանց երկարաժամկետ գործընթաց է։ Օրինակ՝ Արևմտյան Բալկանների երկրները արդեն 15 տարի սպասում են ԵՄ-ին անդամակցելուն»,- նշեց նա։

Փորձագետը համարում է, որ Հայաստանի հետագա ընթացքն արևմտյան վեկտորի երկայնքով, որն ընտրել են Երևանի նոր իշխանությունները, մեծապես կախված է այս ուղղությամբ Վրաստանի առաջընթացից։ Երևանի իշխանությունների ընտրությամբ արևմտյան վեկտորով Հայաստանի հետագա շարժը ուժգնորեն կախված է Վրաստանի դեպի այդ կողմ առաջընթացից։ «Կարծում եմ՝ փորձ կարվի ակտիվացնել հայ-վրացական հարաբերությունները։ Եվրամիությունը կփորձի նոր տնտեսական նախագծեր ներգրավել Հայաստանում: Կրկին սա շատ երկարաժամկետ խնդիր է: Եվրամիությունը դանդաղ է գործում, իսկ մյուս խաղացողները շատ ավելի արագ են գործում», -ընդգծեց նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՅՈ, ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԳՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ վրացական գործոնը որոշակի նշանակություն ունի։ Բայց դժվար թե արժե գերագնահատել դա (գործոնը)։ Երևանի համար շատ ավելի ծանրակշիռ ազդակ է թվում տվյալ հարցում ոչ թե վրացական փորձը, այլ թերևս՝ սեփականը։ Եվ այստեղ չի կարող ուշադրությունից վրիպել այն փաստը, որ այդ փորձն այնքան էլ ոգևորիչ չէ։ Համենայն դեպս՝ տնտեսական փոխգործակցության ոլորտում։

Ահավասիկ Թոմաս դե Վաալը կանխատեսում է, որ ԵՄ-ն կաշխատի նոր տնտեսական ծրագրեր նախաձեռնել Հայաստանում։ Դա, իհարկե, լավ է։ Բայց ի՞նչ եղան հին նախաձեռնությունները, նախկին վիթխարի ծրագրերը։

2021 թվականի ամռանը ԵՄ-ն որոշում ընդունեց աննախադեպ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Եվ իրոք, գումարը տպավորիչ էր. 2,6 միլիարդ եվրո։ Նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ միջոցների առյուծի բաժինը տրվում էր վարկերի տեսքով, այսինքն պարտքով, իսկ պարտքը պետք է հետո վերադարձվի՝ տոկոսներով հանդերձ։

Ինչևէ, ծրագրվում էր այդ գումարները հատկացնել երկրի համար կարևոր կոնկրետ ծրագրերի, որոնք իրականացնել նախատեսվում էր 5 տարում։ Մասնավորապես, միջոցները պետք է ուղղվեին սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցության ուղիներին՝ Հյուսիս-Հարավ միջանցքին աջակցելու միջոցով։ Ծրագրվում էր դրան հատկացնել 600 միլիոն եվրո։ 80 միլիոն ենթադրվում էր հատկացնել Հայաստանի հարավային շրջանների, մասնավորապես՝ Սյունիքի կայունության ամրապնդմանը։ Նախատեսվում էր 500 միլիոն եվրո հատկացնել հաստատուն, նորարարական և մրցունակ տնտեսությանն աջակցելու համար՝ 30 հազար փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծման սիջոցով։ 300 միլիոն ծրագրվում էր ներդնել տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության ոլորտում։ 120 միլիոն հատկացվելու էր Երևանի կանաչապատմանը և այլն։

Մինչդեռ, ըստ էության, արդեն անցել է ժամկետի կեսը, որի ընթացքում պետք է իրագործվեին վերոհիշյալ ծրագրերը։ Բայց, ինչպես ասում են՝ սայլը այսօր էլ կանգնած է տեղում։ Փող չկա, նախագծերն իրագործված չեն։ Այստեղ, ի դեպ, արժե նշել, որ մի քանի ամիս առաջ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հանդգնեց հիշեցնել եվրոպացիներին իրենց խոստումները։ Մայիսին չեխական Respekt պարբերականին տված հարցազրույցում նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Երևան կատարած իր այցի ընթացքում խոստացել էր, որ ԵՄ-ն Հայաստանին ֆինանսական օգնություն կհատկացնի 2,6 միլիարդ եվրոյի չափով՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, և հույս հայտնեց, որ կարագացվի այդ միջոցները Հայաստանին տրամադրելու գործընթացը։

Այս իրավիճակում հղումները ԵՄ-ի գործողությունների դանդաղկոտությանը, ուղիղն ասենք, անհամոզիչ են։ Կրկնում եմ, այն հինգ տարիներից, որոնց ընթացքում 2,6 միլիարդ եվրո արժեցող ծրագրերը պետք է իրագործվեին, եկուսուկես տարին արդեն անցել է, իսկ ֆինանսական աջակցության փաթեթը դեռևս չի հատկացվել։ Դատելով ամենից, ԵՄ-ն բոլորովին էլ չի դանդաղում, այլ պարզապես մտափոխվել է կատարել սեփական խոստումը