ԳՐՔԵՐՈՎ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սամվել Կարապետյանի հիմնադրած Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամը Նոր տարվա շեմին ներկայացրեց իր հերթական աշխատությունը՝ «Արցախ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը։ Շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում և իր շուրջ հավաքեց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգության ճակատագրով մտահոգված գիտնականների, մշակութաբանների և այլ մասնագետների։

КНИГИ В БОРЬБЕ ЗА НАСЛЕДИЕ АРЦАХА

Այս 140 էջից կազմված պատկերագիրքն իրականություն դարձավ ի շնորհիվ «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնության, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության։ Հրատարակությունը հովանավորեցին Հակոբ Քավարյանի ծնողները՝ ի հիշատակ իրենց լուսահոգի որդու, Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մեսրոպ Լագիսյանը, մեր հայրենակից Անդրե Էլիասյանը։

Սա ՀՃՈՒ հիմնադրամի և Համազգայինի առաջին համագործության փորձն է, որն երկու կողմերը գնահատում են իբրև հաջողակ ու շարունակական։ Պատկերագրքի հետ կապված աշխատանքները սկսվել էին մինչև Արցախի անկումը և հայերի վտարումը իրենց մայր-հայրենքից։ Այն արդեն պետք է մտներ տպարան, երբ 2023 թ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծվեց նոր պատերազմ, որի ընթացքում ավարտին հասցվեց արցախահայերի էթնիկ զտումների ալիևյան քաղաքականությունը։ Արցախը ամբողջովին հայաթափվեց մեկ շաբաթվա ընթացքում, իսկ արցախահայության ինքնատիպ ժառանգությունը անցավ Ադրբեջանի հսկողության տակ՝ մի երկրի, որն բարբարոսաբար ոչնչացնում է հայկական հետքը ոչ միայն Արցախում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Այսօր Արցախի հայկական բոլոր հուշարձանները վտանգված են։ Այդ պատճառով էլ գիրքը տպարան հանձնելուց առաջ հեղինակները որոշեցին անվանման կողքին տեղադրել «1» թվանիշը, տեղեկացնելով ընթերցողին, որ անպայման լույս կտեսնի նաև երկրորդ հատորը, որը նվիրված կլինի նոր վտանգի մեջ հայտնված պատմական և մշակութային կոթողներին։

«Կարծում եմ, մեզանից ոչ ոք երբեք չէր ցանկանա, որ լույս տեսներ այսպիսի վերնագրով մի գիրք։ Երկար ժամանակ մենք համոզված էինք, որ ապահովել ենք մեր ժողովրդի խաղաղ ապրուստը իր հայրենի հողում, և նաև այդ ժողովուրդի միջոցով մեր հուշարձանների պահպանությունը։ Ցավոք, այսօր այլ վիճակում ենք, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարենք պահպանել մեր նյութական և ոչ նյութական ժառանգությունը։ Ընդհակառակը, պետք է միավորենք մեր ջանքերը ժառանգության անվտանգութունը ապահովելու համար անգամ հիմա, երբ Արցախը մնացել է առանց հայերի, - ասաց ՀՃՈՒ հիմնադրամի փոխնախագահ և գրքի կազմող Րաֆֆի Քորթոշյանը։ - Եթե համեմատենք Արցախի և Արևմտյան Հայաստանի ժառանգության հետ կապված իրավիճակները, կարող ենք փաստել՝ հայոց ցեղասպանությունից հետո անցած 50 տարիների ընթացքում մեր մասնագետները չունեին ոչ մի հնարավորություն, որպեսզի այցելեն կորսված հայրենիքը և ուսումնասիրեն մեր պատմամշակութային կոթողները։ Իսկ սկսած 1965 թ, երբ Ցեղասպանության մասին արդեն հնարավոր էր բարձրաձայնել, Արևմտյան Հայաստանում մեր ժառանգությունից գրեթե ոչինչ չէր մնացել, միայն մշակույթի փշրանքներ։ Այսօր մեր պարտքն է բոլոր միջոցներով՝ գրքերով, ֆիլմերով, միջազգային ատյաններում պայքարել Արցախում մնացած մեր ժառանգության պահպանման համար։ Այո, մեր ժողովուրդը վտարված է Արցախից, բայց մենք պետք է թույլ չտանք, որ մեր ժառանգությունը այնտեղ ոչնչացվի, որպեսզի հետագայում հայոց հուշարձաններն ու մշակույթը վերակենդանացվեն իրեն ստեղծած ազգի ներկայությամբ»։

КНИГИ В БОРЬБЕ ЗА НАСЛЕДИЕ АРЦАХА

«Արցախ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը բաղկացած է 4 բաժնից։ Առաջին բաժնում պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է Արցախի հակիրճ, բայց բովանդակալից պատմությունը։ Երկրորդը Րաֆֆի Քորթոշյանը նվիրել է Արցախի ժառանգությանը՝ քրիստոնեական հուշարձաններին, որոնք 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ ՐՔորթոշյանի, դատելով Ադրբեջանի իշխանությունների գործողություններից վտանգված հուշարձանների մի մասն արդեն ավերված կլինի, մինչ գիրքը հասնի ընթերցողին։

«Գիրքը լույս է տեսել երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, և նպատակ ունի լայն միջազգային շրջանակներին ներկայացնելու Արցախի ժառանգության հետ կապված ներկայիս իրավիճակը։ Այստեղ միայն փաստեր են՝ Արցախի թե պատմության, թե ժառանգության վերաբերյալ։ Գրքում մենք տեղադրել ենք QR-կոդեր, որոնց միջոցով կարելի է դիտել Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին ֆիլմը, ադրբեջանցիների՝ հայոց կոթողների նկատմամբ վայրագությունները փաստող տեսանյութերը, որոնք հենց ադրբեջանցիներն են տեղադրում համացանցում։ Այս պատկերագիրքը մի մեծ տեղեկատվական աղբյուր է», - փաստեց Րաֆֆի Քորթոշյանը։

Գրքի երրորդ բաժնում ներկայացված է մոտ 250 լուսանկար։ Այս հուշարձանների մի մասը հայտնի է նեղ մասնագիտական շրջանակներում, մի մասն էլ անծանոթ է շատերին։ Վերջին բաժնի հեղինակ՝ պատմաբան, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Սլավա Սարգսյանը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ թշնամական օկուպացումից զերծ մնացած տարածքներում շարունակվել են հուշարձանների պահպանության հետ կապված գիտական արշավները։ Այդ աշխատանքների արդյունքում պեղվել են մեծ քանակով դեռևս անհայտ և չուսումնասիրված հուշարձաններ։

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ակունքներում կանգնած Արմեն Հախնազարյանը, տարիներ առաջ Արևմտյան Հայաստանի ժառանգության մասին խոսելիս, նշել է, որ մենք պարտավոր ենք պահպանել այն գոնե թղթի վրա։ Խոսելով Արցախի մասին, ես կուզեմ ձևափոխել այդ միտքը։ Ոչ միայն թղթի վրա, այլ թղթի՝ գրքի միջոցով մենք պետք է փորձենք պահպանել Արցախի հուշարձանները հենց Արցախում», - շեշտեց Րաֆֆի Քորթոշյանը։

КНИГИ В БОРЬБЕ ЗА НАСЛЕДИЕ АРЦАХА

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի համոզմամբ, Արցախի մասին չի կարելի խոսել անցյալով։ Մենք պետք է մեր առջև դնենք նպատակ՝ վերադառնալ ազատագրված Արցախ, իսկ այդ իրականացնելու համար պետք է գործել, նաև գրքեր հրատարակել։ Նման գրքերի շնորհիվ, ըստ ԱՄելքոնյանի, հնարավոր է ձևավորել ազգային հիշողություն ժառանգության մասին և ներկայացնել Արցախի ու նրա մշակույթի մասին ճշմարտությունը միջազգային հարթակներում։ Գիտական հանրությունը պետք է շարունակի իր պայքարը արցախահայության հիմնարար իրավունքի համար՝ ապրելու հայրենի հողում և պահպանելու մեր նախնիների կողմից ստեղծած դարավոր մշակույթը։ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի կարծիքով, նյութական և ոչ նյոթական ժառանգության պահպանման և նրա հետ սերտորեն կապված մշակույթի առաջնային տիրապետման իրավունքը պետք է հենք դառնան արցախցիների Հայրենիք վերադառնալու համար։

«Ժամանակակից աշխարհում մենք գործ ունենք հիբրիդային պատերազմի հետ, որը տարվում է և առաջնագծում, և թիկունքում՝ մշակույթի, տեղեկատվության, քարոզչության, ազգային ինքնության և այլ ոլորտներում։ Այսօր ավելի հաճախ ու ավելի լայնորեն, քան երբևէ, Ադրբեջանը ձգտում է ոչնչացնել հայկական ամեն մի հետք՝ կեղծելով պատմությունը, բնաջնջելով և յուրացնելով հայ ժողովրդի մշակույթը, այդ նպատակների համար օգտագործելով բոլոր լծակները միջազգային ասպարեզում ՝ կաշառքից սկսած մինչև կեղծ գիտական ​​գրականություն հրատարակելը, - ընդգծեց Համազգայինի Արցախի մասնաճյուղի պատասխանատու Հերմինե Ավագյանը։ - «Արցախ վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի լույս ընծայումը, մեր կարծիքով, կարող է դառնալ հակակշիռ ու ևս մեկ զենք հայ ազգի արդար պայքարում»։