ԱՆՑՅԱԼԻ ՎՐԱ ԹՔՈՂ ԿԵՐՏԱՐԱՐՆԵՐԸ

Իշխանության բուրգի վերին աստիճաններին հայտնված հիմար և ինքնապաստան մարդկանց թվում է, թե իրենք ինչ-որ առանձնահատուկ առաքելություն են կրում։ Թերարժեքության բարդույթի յուրօրինակ դրսևորում, քանզի հոգու խորքում ինչ-որ տեղ, ենթագիտակցության խորխորատներում նրանք հասկանում են, որ իրենց արժեքը կլոր զրո է։

ՄԻՋԻՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՔԵԼՈՒ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոյանը, իշխող կուսակցության պատգամավոր, «նախկինների» օրոք բանակում «տռուսիկների» անբավարարությունից վշտացած Վահագն Ալեքսանյանը և նրանց նման այլք, պարզվում է, պետություն են կառուցում…

Առանձնապես աչքի ընկավ խոսնակը, որի հիստերիկ ելույթից դատելով՝ հարաբերությունները Մոսկվայի հետ փչացած են լրջորեն ու երկար ժամանակով և դրանց կարգավորման հեռանկար չի նշմարվում։ Դե, այն բանից հետո, երբ իր հարսին քրեական պատասխանատվության ենթարկեցին, խոսնակը որոշեց միավորներ հավաքել վարչապետի աչքում ու սկսեց բարբաջել

Պարզվում է, ավելի քան 30 տարի մենք պետություն չենք ունեցել։ Այ, միայն հիմա է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» սկսում է ստեղծել այդ պետությունը, իսկ մինչև հիմա մենք խամաճիկներ ենք եղել։ «…սահմանը գծել էն էսինչները, ասել են՝ դուք կնստեք ստեղ, դուք կգողանաք, բանակից ձեր երեխաներին կազատեք, ձեր դղյակները կսարքեք, փորներդ կմեծացնեք, իսկ եթե հանկարծակի թշնամին հարձակվի, մեզ կզանգեք, մենք էդ ժամանակ կմտածենք, եթե մեր պետությանը ձեռք կտա, մենք ձեզ կփրկենք, եթե ձեռք չի տա, նորից մանրադրամ կդառնաք, ինչպես պատմության ընթացքում 100 տարի առաջ դրա օրինակը եղել է:Մենք պետականություն ենք կերտում, որը դուք, ցավոք սրտի, չկարողացաք կերտել»,- ժայթքեց խորհրդարանի խոսնակը։ Նորից թքեց, այս անգամ՝ բառերով։

«Մենք պետություն ենք կերտում»,- ասում է այն կուսակցության ներկայացուցիչը, որի իշխանության օրոք դադարեց գոյություն ունենալ թեկուզ չճանաչված, բայց փաստացի ավելի քան 30 տարի գոյություն ունեցած Արցախի Հանրապետությունը։ 2018 թվականին իշխանության եկած փողոցային պոպուլիստների թիմը ոչնչացրեց այդ հանրապետությունը։ Հիմա օրակարգում Հայաստանն է, որին պետք է զոհաբերել, որպեսզի կատարեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու վարձատրելի խնդիրը։

Ի դեպ՝ 100-ամյա վաղեմության պատմության մասին։ Հայաստանի Առաջին հանրապետությունը կազմավորվեց Ռուսական կայսրության բեկորների վրա։ Տրվելով Վուդրո Վիլսոնի հավաստիացումներին՝ այն տարածքների մասին, որոնք պետք է վերցվեն Թուրքիայից, Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները հասան նրան, որ թուրքերը գրավեցին Գյումրին։ Նրանց այնտեղից դուրս վռնդել հաջողվեց միայն խորհրդային իշխանության հաստատումից հետո, որի ընթացքում հանրապետության բնակչության թիվն աճեց 10 անգամ, չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմին, բռնաճնշումներին և այն դաժան ժամանակների այլ սարսափներին։

Հիմա իշխանությունը երկու ոտքն էլ դնում է հին փոցխի վրա, հաշվարկելով, թե Ռուսաստանը կփլուզվի արևմտյան տերությունների ճնշման տակ։ Այդպիսին էր հաշվարկը նաև 1918-1920 թվականներին։ Այդ պատճառով էլ հնչում են Սիմոնյանի հայտարարությունները, թե իբր՝ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, բայց հիմա Հայաստանը կանգնում է ճիշտ ուղու վրա։

 «Ճիշտ ուղին» էլ այն է, որ բավարարվեն Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները՝ նույնիսկ ոչ թե խաղաղության, այլ ներխուժումից առաջ շունչ առնելու դադարի դիմաց։ Հանրագումարում Հայաստանը պետք է անցնի Անկարայի և Բաքվի լիակատար հսկողության տակ, որպեսզի վերաշարադրվեն պատմության դասագրքերը, որպեսզի ոչ մեկի մտքով անգամ չանցնի մեղադրել «Քաղաքացիական պայմանագրին» ինչ-որ բանում։ Փաշինյանի ծրագիրը պարզ է ու հստակ։