ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ՆԱ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵԿԵՂԵՑՈՒՑ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ

Քաղաքագիտության մեջ բացակայում է Հայաստանում տիրող քաղաքական կառուցվածքի բնորոշումը։ Փաշինյանի ռեժիմը ինչ-որ միջին բան է բռնատիրության, ավտորիտար-հպատակային ավանդույթի և բացարձակ միապետության միջև։ Մեր երկրում «քաղաքացիական պայմանագիր» վաղուց արդեն չի գործում. ի տարբերություն ժողովրդավարական կարգի, իշխող ռեժիմին բռնի հնազանդեցումը բացառում է պայմանագրային հարաբերությունները քաղաքացիների և իշխանության միջև։

ԵԹԵ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է,ՈՐՆ ԱՉՔԻ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ և իշխանության անվերահսկելիությամբ (Արիստոտելը գտնում էր, որ այդպես է ընթանում ժողովրդավարության այլակերպումը բռնատիրության), իսկ աբսոլյուտիզմը մեկ անձի անսահմանափակ իշխանությունն է, ապա Փաշինյանը լիովին համապատասխանում է այդ սահմանումներին։ Այս մարդը հանրային տարածքում ամեն օր հրաժարվում է Հայրենիքից, Սահմանադրությունից, Հայ Առաքելական Եկեղեցուց, Անկախության հռչակագրից, և այդ ամենը՝ ժողովրդի անունից։ Աննախադեպ բռնաճնշումների ճանապարհով հայ ժողովրդին ստիպում են հրաժարվել պատմական հիշողությունից և ազգային ինքնությունից՝ նոր Սահմանադրության նախագծի օգտին քվեարկելու միջոցով, որը կդառնա դավաճանության բարձրակետը։ «Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա, է՞ս ա հայրենիքը». այսպիսի հայտարարության համար գերմանացիները մի հարվածով կջնջեին Շոլցին, ֆրանսիացիները՝ Մակրոնին, հայ ժողովուրդը, ցավոք, սա էլ հանդուրժեց…

Եթե Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում փետրվարի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակցիայի նախաձեռնողներին դեմ դուրս չգային Արթուր Ասատրյանի («Դոն Պիպո») մարդիկ, ապա դժվար թե ոստիկանները խանգարեին Եկեղեցու դեմ խաչատյաց արշավանքին։ Չի բացառվում, որ այդ այլանդակությունը կազմակերպողների թիկունքում կանգնած են Փաշինյանի մերձավոր շրջապատի մարդիկ, եթե ոչ ինքը՝ Փաշինյանը։ Հիշեցնեմ, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների շարժումն իրեն բարձրագոչ անվանել է «Վարդանանք»։ Դավաճանները հաճախ են ծպտվում հայրենասերի դիմակի տակ։

Հուսանք, որ փետրվարի 24-ին, ժամը 15-ին արդեն ոչ ոք չի գա ՀՀ հոգևոր մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ։ Սադրանքը ձախողվեց, թեպետ լիակատար վստահություն դրանում չկա։ Այս նորը այն շարժման շարունակությունն է, որը սկսվեց 2019 թվականին՝ «Նոր Հայաստան, նոր Կաթողիկոս» կարգախոսով։ Դրա մասնակիցներից ոմանք հետագայում պաշտոններ ստացան իշխանական կառույցներում։ Այսօր ռեժիմի վերնաշերտը, որը պարագլխի ու իր կնոջ օրինակով Եկեղեցի չի այցելում, որոշել է շարունակել պայքարը Կաթողիկոսի դեմ, ինչն իրականում իրենից ներկայացնում է պայքար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՕՐՈՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐՆ անպայման այցելում էին Կաթողիկոսի նստավայր։ Դա պետական այցելություններին առանձնակի իմաստ էր հաղորդում. Պաշտոնական անձինք հասկանում էին, որ եկել են մի երկիր, որն առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներ Սևակ Խաչատրյանը, Էմմա Պատուրյանը, Արմեն Դավթյանը և ուրիշներ վստահ չեն, թե Վաղարշապատի փոխքաղաքապետի կողմից ակցիայի հրապարակային արգելումը կարող է խանգարել դրա նախաձեռնողներին։ Ավագանու անդամները հայտարարեցին, որ «Վարդանանք» շարժումը նպատակ է հետապնդում հարվածել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր արժեքներին։ Ինչպե՞ս այստեղ չհիշես գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի այն հայտարարությունը, թե «Եկեղեցին անվերապահ արժեք չէ»։

«Վարդանանք»-ի գործողության արգելման մասին հաղորդագրությունից գրեթե անմիջապես հետո տեղեկություններ եկան այն մասին, որ զորամասերում ապամոնտաժել են «փառքի անկյունները»։ Հաջորդեց հերքումը ՊՆ-ից, իբր՝ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, քանի որ «անկյունները» տեսքից ընկել են և «թեմատիկ համալրման» կարիք ունեն։ Ինչպե՞ս չմտաբերես Փաշինյանի բացականչությունը «Ուր նայում ես՝ հերոսներ են»։ Հայտնի է, որ նախարար Անդրեասյանը գաղտնի հրահանգ է տվել ապամոնտաժելու դպրոցական «փառքի անկյունները»։ Նախարարության հերքմանը ոչ ոք չհավատաց։

Հայտնի գրականագետ Սերժ Սրապիոնյանը հայտնեց իր ունեցած տեղեկությունները Արմավիրի մարզից («Տանձուտ» համայնք), որ տեղի դպրոցում կարգադրություն են ստացել պատերից իջեցնել հերոսների դիմանկարները, իբր՝ դրանք շեղում են աշակերտների ուշադրությունը։ Տնօրինությունը հակառակվել է և չի վերացրել «փառքի անկյունը», որտեղ փակցված էին զոհված համագյուղացիների դիմանկարները։ Սրապիոնյանն տեղեկացնում է, որ համանման ահազանգեր են ստացվում նաև այլ դպրոցներից։ Դատելով ամենից, նախարարի կարգադրությունները ենթադրում են, որ կրթության համակարգը պետք է ընդօրինակի ադրբեջանցիների պահվածքը բռազավթված Արցախում…

Արարատի կենտրոնական հրապարակից հանել են Արցախի ազատագրման համար զոհված հերոսների դիմանկարները, և դա պատահական ընտրություն չէ, բոլորը գիտեն, որ Արարատը Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենիքն է։ Միաժամանակ ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է այն բաժինը, որը բոլոր լեզուներով պատմում էր Արցախի մասին։ Դա արվել է Բաքվից ստացած ուղիղ ցուցումով, բայց ԱԳՆ-ում պատճառաբանություն հորինեցին

Ավտորիտար-հպատակային ավանդույթը ստիպում է «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին» 6 տարի անց հրաժարվել հիմնարար արժեքներից՝ Հայրենիքից, Եկեղեցուց, ժողովրդի պատմությունից, նրա ավանդույթներից մինչև տարրական քաղաքացիական ազատություններ։ ՀՀ-ում կոպտորեն ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները՝ հավաքների իրավունքն ու խոսքի ազատության իրավունքը։ Երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքի բռնագանձման մասին օրենքն օգտագործվում է քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու համար։ Նույն նպատակով է կիրառվում խափանման միջոցը կալանքի տեսքով։

Ռեժիմի պարագլխի վերջին ելույթները հանգում են առանցքային գաղափարին, թե իբր՝ իշխանությունն ամեն ինչ անում է խաղաղության հասնելու համար։ Փաշինյանը «փրկում է» ժողովրդին՝ ազգային ինքնությունից հայերի հրաժարման գնով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո նա հայտարարեց, թե 35 հազար (թիվն անընդհատ աճում էր) կյանք է փրկել, հիմա նա փրկում է ողջ ժողովրդին, բայց այդ փրկության համար, իր խոսքերով, «պետք է շատ տհաճ ու շատ ծանր բաներ անել»։ Այլ կերպ ասած, հետևելով Փաշինյանի անձնական օրինակին՝ հրաժարվել Հայրենիքից, Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու այլևայլից։

Բոլոր նրանք, ովքեր դեմ են ազգային ինքնությունից հրաժարվելուն, համարվում են «Գարեգին Նժդեհի վնասաբեր գաղափարախոսության» կրողներ (Անդրեասյանի բնորոշումը)։ Ռեժիմի քարոզչամեքենայի կողմից այդ մարդիկ արդեն հայտարարված են պատերազմի հրձիգներ։

Փաշինյանը բացեիբաց խոսում է հայ ժողովրդի դեմ Ալիևի նոր ագրեսիայի սպառնալիքի մասին, բայց ջանադրաբար լռության է մատնում այն փաստը, որ այդ սպառնալիքը երկնքից չի ընկել, որ դա իր պարտվողական քաղաքականության հետևանքն է

«Շատ տհաճ և շատ ծանր բաներ» անել պետք չէ, պետք է անել միայն մեկ բան. ազատել ժողովրդին խամաճիկային ռեժիմից և նստեցնել դրա պարագլխին մեղադրյալի աթոռին։ Գուցե խորհրդարանական ընդդիմությունը արտասահմանյան ճամփորդությունների արանքում մտորի՞ նաև այդ թեմայի շուրջ։ Օրերս, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ ընդդիմությունը փողոցային պայքարի նոր փուլաշրջան սկսի ռեժիմի տապալման նպատակով, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ այդ ժամանակը մոտենում է