Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ Ի՞ՆՉ ԱՐԵՑ ՖՐԱՆՍԻԱՆ

Ֆրանսիան հերթական անգամ կերտեց մի պատմություն, որով էլ ավելի հարստացրեց ու գունագեղ դարձրեց ֆրանսիական ազգի ու պետականության հիշողությունն ու ինքնությունը: Ֆրանսիան, Պանթեոնում Մանուշյանների վերաթաղման արարողության միջոցով, ավելի ու ավելի շեշտեց հայրենիքի գաղափարի կարևորությունը և այդ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակը ոգեկոչելու իմաստն ու պարտականությունը: Ֆրանսիան կարևորեց հայրենիքի գաղափարը, վերաթարմացրեց ու վերաիմաստավորեց այն: Այդպես են անում պետականության ավանդույթ ստեղծած ու կայացրած ազգերը…

Ֆրանսիան այս խորհրդանշական վերահուղարկավորման արարողությամբ հստակ ուղերձ հղեց առ ի Հայաստան, որ պատրաստ է ընդունել Հայաստանին և համարել այն «իրենը»: Չափազանցված, միգուցե անիրատեսական եզրահանգում, որի շուրջ չարժի շատ ոգևորվել:

Միգուցե…

Ֆրանսիան մեծարեց ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին: Իսկ Արցախում ռուսական զինուժի քթի տակ ադրբեջանցիները պահածոյի տուփ էին դնում Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի վրա ու նշանառու կրակ էին բացում: Նույն այդ ռուս զինվորների քթի տակ պղծվեցին ու ոչնչացվեցին ծովակալ Իսակովի ու շուշեցի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրիները: Այո, այդ նույն Նելսոնի, ով պաշտպանում էր բլոկադայի ենթարկված Լենինգրադի երկինքն ու զոհվեց հանուն Լենինգրադում շրջափակվածների կյանքը փրկելու, երբեք չկարծելով, որ իր հայրենի քաղաքն ու հայրենակիցները կենթարկվեն բլոկադայի ու էթնիկ զտման միգուցե Լենինգրադում շրջափակվածներից սերված ժառանգների մասնակցությամբ:

Երեկ Ֆրանսիան սահմանազատեց քաղաքակրթությունն ու բարոյականությունը, մարդակերությունից ու անբարոյականությունից:

Պանթեոնում տեղի ունեցած խորհրդավոր ու խիստ խորհրդանշական արարողության միակ խեղումն ու շեղումը ՀՀ վարչապետի ներկայությունն էր: Անձ, որի համար խորթ է «Հայրենիք» հասկացողությունը, ում համար հազարավոր զինվորների կյանքը առ ոչինչ են կորսված ժամացույցի ու օծանելիքի դիմաց: Ում համար հայրենի քաղաքները դժգույն են, իսկ սարերը անպետք ու ձյունապատ, ով իր թիմով հանդերձ շատ լավ է զգում համակարգային կոռուպցիայի միջավայրում կառավարելով ու հենց այդ համակարգի թալիսմանը դառնալով: Վարչապետ, ում համար պետական խորհրդանշանները, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, ազգայինն ու ազգային հիշողությունը լոկ թիրախ են, ապաշնորհ ծանակումների ու վարկաբեկումների համար…

Այդ ներկայությունը շատ լուրջ ու անհամատեղելի դիսոնանս էր…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ