Էլիզա ֆոն ՋՈԵԴԵՆ-ՖՈՐՋԵՅ. ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՅԼԵՐԸ ՉԻ ԱՆՎԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՂՍԱԿԻՑ ԵՆ

Միջազգային հանրության արևմտյան մեծամասնությունն Արցախում Ադրբեջանի ագրեսիվ քայլերը չի անվանում ցեղասպանություն, որովհետև նրանք մեղսակից են: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը։

«Մենք գիտենք, որ արցախյան ցեղասպանությունից առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ: Եվ իհարկե, հետո այդ էթնիկ զտումները տեղի ունեցան: «Էթնիկ զտումներ»-ն ինքնին խնդրահարույց եզրույթ է։ Միացյալ Նահանգներին դուր է գալիս այս բառակապակցությունը, քանի որ չկա օրենք էթնիկ զտումների մասին: Էթնիկ զտումները գործընթացի նկարագրություն են, որը չի արտացոլում հանցագործության ողջ բնույթը։

Այդ եզրույթն ինքնին փոխառված է սերբերից, որոնք այն օգտագործել են՝ նկարագրելու այն, ինչ նրանք անում էին բոսնիացի մուսուլմանների նկատմամբ Բոսնիական ցեղասպանության ժամանակ: Դա եզրույթ է, որը ոճրագործներն օգտագործել են որպես մեղմասացություն՝ ցեղասպանության փոխարեն և փորձել են թաքցնել ցեղասպանական բնույթը այն ամենի, ինչ տեղի ունեցավ Արցախում:

Ավելին ասեմ, էթնիկ զտումների դեմ կոնկրետ միջազգային օրենք չկա: Դատարանում այն պետք է քննվի կա՛մ որպես ռազմական հանցագործություն, կա՛մ որպես մարդկության դեմ հանցագործություն: Սակայն կարևորն այն ցեղասպանական մտադրությունն է, որ ընկած է այդ արարքի հիմքում, մի ամբողջ խմբի ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությունը: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իրեն հենց այդպես է պահել, հատկապես 2020-ից հետո։ Սակայն արևմտյան աշխարհը խորապես մեղսակից է տեղի ունեցածին: Եվ նրանք չեն ցանկանում ընդունել այդ մեղսակցությունը:

«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով մեղսակցությունն անօրինական է։ Այնուամենայնիվ, ես արևմտյան աշխարհին կառաջարկեի ցուցաբերել քաջություն և ընդունել իրենց թույլ տված սխալները, հստակ հասկանալ, թե ինչ է անում Ադրբեջանը և փոխել իրենց որդեգրած քաղաքական ուղեգիծը և տեղի ունեցածն անվանել ցեղասպանություն, հրապարակավ դատապարտել Ադրբեջանում ցեղասպանական հռետորաբանությունը և դա որպես հիմք օգտագործել պատժամիջոցներ կիրառելու համար։

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է որոշակի ուժ, քաջություն ցուցաբերի և իսկապես ընդունի կատարված հանցագործությունները և այն ցեղասպանական սպառնալիքները, որ Ալիևը շարունակում է ներկայացնել»,- հայտարարեց նա:

Հարցին՝ արդյոք միջազգային հանրությունը կցուցաբերի՞ այդ խիզախությունը, Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը անկեղծորեն պատասխանեց. «Չգիտեմ։ Նկատի ունեմ, որ սա այնպիսի ժամանակաշրջան է, երբ միջազգային հանրությունը չի դրսևորում այդ համարձակությունը: Մենք շատ քիչ ուժեղ ղեկավարներ ունենք, հատկապես մարդու իրավունքների առումով։ Կանոնների վրա հիմնված կարգը, այսպես կոչված, ցեղասպանության կանխարգելման մեխանիզմներն են։

Անկեղծ ասած, այսօր արևմտյան աշխարհում մենք չենք կարող խոսել մարդու իրավունքների կամ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմներ ունենալու մասին։ Դրանք կատարելապես ձախողված են: Եվ կանոնների վրա հիմնված կարգը նույնպես անտեսվել կամ խախտվել է՝ առանց հետևանքների: Չեմ կարող ասել, թե արդյոք նրանք կցուցաբերե՞ն այդ քաջությունը, թե՞ ոչ: Հուսով եմ, որ նրանք կանեն դա:

Ցավոք, Հայաստանը չի կարող հույսը դնել դրա վրա։ Այդուհանդերձ, սա խնդիր է, որի հարցում գլոբալ քաղաքացիական հասարակությունը կարող է շարունակել ճնշում գործադրել:

Լեմկինի ինստիտուտը շարունակում է պնդել, որ պետք է նման խիզախություն և հաշվետվողականություն դրսևորել, խոսքը հատկապես արևմտյան աշխարհի մասին է, քանի որ ենթադրվում է, որ հենց նրանք պետք է լինեն մարդու իրավունքները պաշտպանող այս քաղաքակրթության հասարակությունները: Սակայն նաև կարծում եմ, որ Գլոբալ Հարավը նույնպես կարող է օգնել այս տարածաշրջանի բնիկներին՝ հայերին: Դրա հետ համաձայն են ողջ աշխարհում: Այնպես որ, կարևոր չէ, թե ով է արձագանքում Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելուն, այլ այն, որ պարզապես ինչ-որ մեկն արձագանքում է: Մեզ անհրաժեշտ են համարձակ հայտարարություններ ամբողջ աշխարհից: Գուցե դրանք չարվեն Գլոբալ Արևմուքի կողմից, մեզ պետք են խիզախ հայտարարություններ՝ ի պաշտպանություն հայերի ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքի»:

Նրա խոսքով, Ադրբեջանը գերության մեջ է պահում Արցախի ութ բարձրաստիճան պաշտոնյաների. «Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ պաշտոնյաների, Արցախի խաղաղ բնակիչների շարունակական և անօրինական բանտարկությունը և միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել նրանց արագ և անվտանգ հայրենադարձությունն ապահովելու համար։ Պետք է ճնշում բանեցնել: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, քանի որ այդ մարդկանց լրիվ անօրինական են պահում։ Եվ եթե նրանք կարծում են, թե դա օրինական է, շատ լավ, ուրեմն եկե՛ք դա պարզենք միջազգային դատարանում: Սակայն Լեմկինի ինստիտուտը և իրավապաշտպան այլ կազմակերպություններ համարում են, որ այդ մարդիկ ապօրինաբար են պահվում իրենց ինքնորոշման իրավունքն արտահայտելու համար, իրավունք, որն արցախցիների հետևողականորեն արտահայտել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ շարունակ։

Այնպես որ, Արցախը նոր գաղափար չէ, այն դարերի պատմություն ունի: Պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, պատժամիջոցներ կիրառել, որոշակի կուլիսային, կոշտ դիվանագիտություն վարել, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշում գործադրվի, և այն ազատ արձակի այդ պատանդներին: Սա է այն ամենը, ինչ պետք է տեղի ունենա: Նկատի ունեմ, որ շատ բան կա, որը չի փորձվել՝ պատժամիջոցներ, տնտեսական, քաղաքական պատժամիջոցներ, միջազգային իրավական միջամտության սպառնալիքներ, մեկուսացում ՄԱԿ-ում: Աշխարհը պետք է համախմբվի՝ փորձելու այս քայլերը»:

News.am