ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՃՐԱԿԻՑԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՇԻՆ՝ ՎԵՐԱԾԵԼՈՎ «ԴԺԳՈՒՅՆ, ԴԺԲԱԽՏ» ՔԱՂԱՔԻ

Վերջին՝ տագնապալի և վտանգավոր զարգացումներով լի շաբաթվա ընթացքում երեք անգամ տեղեկություններ ստացվեցին բռնազավթված Արցախում բարբարոսների կողմից հայկական հետքի շարունակական համակարգված ոչնչացման մասին։ Աշխարհի և առաջին հերթին հենց Հայաստանի փաստացի լռությունը արձակում է ադրբեջանցի վանդալների ձեռքերը՝ հնարավորություն տալով Ալիևին նպատակաուղղված վերացնել Արցախում հայկական ոգին, որպեսզի պայմանական «վաղը» երկրամասի իրական տերերը չկարողանան ապացուցել իրենց իրավունքները նրա նկատմամբ։

Բաքվում շատ լավ հասկանում են, որ դրա համար պետք է ոչնչացնել նախևառաջ սրբավայրերը՝ տաճարներն ու հին հայկական գերեզմանատները։ Եվ առաջին հերթին Շուշիում՝ պատմության գլխավոր վկա և Արցախի հայկական ինքնության գլխավոր պահապան քաղաքում։

ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷԻՆ ՀԵՆՑ ՇՈՒՇԻԻՆ։ Ապրիլի 18. հիմնովին ավերված է բերդաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, մեր սիրելի «Կանաչ ժամը»: Ապրիլի 20. հիմնահատակ ավերվել է Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գերեզմանատունը (բուն եկեղեցին շարունակում է մնալ շինարարական փայտամածներով պատված, նրա ճակատագիրը մնում է անհայտ): Ապրիլի 20. հողին է հավասարեցվել Շուշիի մատույցներում գտնվող և քաղաքն իրենով պաշտպանող Քարին Տակ լեգենդար, հերոսական գյուղը:

Բոլոր երեք դեպքերում տեղեկատվության հեղինակների համար հիմք են ծառայել արբանյակային լուսանկարները, քանզի բռնազավթած հայկական տարածքում Բաքուն մշակութային ցեղասպանություն է իրականացնում բացարձակ անպատիժ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պետքն էլ չէ։ Դա տեղի է ունենում, հիշեցնեմ, 21-րդ դարում՝ իր աներևակայելի տեխնոլոգիաներով:

Վանդալիզմի մասին հայտնել են բնավ ոչ Հայաստանի Գիտությունների ակադեմիան, ոչ ՀՀ մշակույթի նախարարություն կոչեցյալ հիմնարկը, ոչ ՀՀ ԱԳՆ-ը, ոչ էլ ինչ-որ պրոֆիլային հետազոտական ինստիտուտ կամ ստեղծագործական միություն։ Կասկածում եմ, թե նշված հաստատություններն ընդհանրապես հետևեն և տեղյակ լինեն մեր պատմության, մշակույթի և ինքնության անգին հուշարձանների հետ կատարվող ամենին: Կասկածում եմ, թե դա ընդհանրապես հետաքրքրի ու հուզի նրանց, այլապես գոնե հայտարարություններ կհնչեցվեին, գոնե մի երկու խոսք կգրվեր այդ մասին սոցցանցերի էջերում։

Տաճարի և գերեզմանատան ոչնչացման մասին հաղորդագրությունները տարածել է ԱՄՆ Քորնելի համալսարանի «Caucasus Heritage Watch"«» (CHW) հետազոտական նախաձեռնությունը: «2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Շուշիի 177-ամյա տեսարժան վայրը, ինչը Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշման աղաղակող խախտում է Ադրբեջանի կողմից»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Բայց ո՞վ է այսօր հիշում ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին, եթե Հայաստանն ինքը՝ ի դեմս դավաճանական ռեժիմի, մոռացության է մատնել դա, ջերմեռանդորեն զբաղվելով միայն մեկ բանով՝ հայկական տարածքները թշնամուն հանձնելու շարունակումով։

CHW-ն հիշեցնում է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո «Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բաքվի թեմը իրավունքներ էր ներկայացրել շենքի նկատմամբ և խոստացել վերականգնել այն»: Ուրեմն ինչո՞ւ Բաքվում որոշեցին այնուամենայնիվ ոչնչացնել Շուշիի մարգարիտը՝ «ուղղափառ տաճար» հայտարարված հայկական եկեղեցին։ Պատասխանը շատ պարզ է. որովհետև հասկացան, որ եկեղեցու վերակառուցումն անգամ չի կարող թաքցնել հայկական ծագումը: Եվ պարզապես հաշվեհարդար տեսան նրա հետ. դե, ունեն նախիջևանյան հարուստ փորձը։

Գերեզմանատան ոչնչացման մասին հայտնեց նույն կազմակերպությունը, որպես ապացույց հրապարակելով ապրիլի 4-ին արված արբանյակային լուսանկարները։ Եվ կրկին նշելով, որ նման բան Արցախում առաջին անգամ է տեղի ունենում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո, որը պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի գործողությունները:

Ավելին, հետազոտողները հիշեցնում են, որ գերեզմանոցում ավերածությունների մասին իրենք նախազգուշացրել են դեռևս անցած տարվա նոյեմբերի վերջին, և այն ժամանակ դեռ ուշ չէր կասեցնել վանդալիզմը։ «Բայց 2023 թվականի դեկտեմբերին գերեզմանատունն արդեն գրեթե ոչնչացված էր»,- ասվում է CHW-ի հայտարարության մեջ: Դրա հեղինակներն ընդգծում են, որ սա արդեն երրորդ գերեզմանոցն է Արցախում, որ ոչնչացվել է 2020 թվականին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո։ Եվս չորսը ավերված են ոչ ամբողջությամբ, բայց զգալիորեն վնասված են։

Ինչպես ասում են, երեք փորձից կռահեք, թե ինչ ճակատագիր է սպասում այդ չորս գերեզմանոցներին...

Այն մասին, որ հողին է հավասարեցված Արցախի ամենահայտնի գյուղը՝ Քարին Տակը, հաղորդեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Այն գյուղը, որ ռազմական անմար փառք նվաճեց Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ՝ 1992 թվականի հունվարի 26-ին, երբ հերոսական ինքնապաշտպանությունն ու թշնամու ջախջախումը դարձան Շուշիի ազատագրման նախակարապետը։ Քարին Տակը հայկական ոգու և արցախցու տոկունության մարմնացումն էր, իսկ գյուղի չքնաղ բազիլիկն ասես շնչում ու բուրում էր հայոց պատմությամբ ու հավերժությամբ…

Ինչո՞ւ գյուղը հիմնահատակ ավերվեց։ Պատասխանը նույնքան պարզ է. հենց իր լեգենդարության և հերոսականության պատճառով: Ադրբեջանը քարինտակցիներից վրեժ լուծեց իրեն առավել բնորոշ ձևով՝ վանդալիզմով։ Այն մասին, թե ինչպես է Քարին Տակը դավաճանվել Հայաստանի իշխանությունների կողմից 44-օրյա պատերազմում, գրել ենք դեռևս 2022-ի հունվարին։

Ոչ մի արձագանք, ոչ մի հայտարարություն Հայաստանի որևէ պետական գերատեսչությունից և գիտական հաստատությունից չհնչեց այս հաղորդագրությունների առնչությամբ, կառավարությունից ոչ ոք ծպտուն անգամ չհանեց 177-ամյա տաճարի և 18-րդ դարում հիմնված գյուղի ցուցադրական-ցինիկ ոչնչացման բացարձակ անթույլատրելիության մասին։ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին հատուկ բյուջե հատկացնելու համար կոկորդ պատռող փաշինյանական կամակատար Անդրեասյանը բերանը ջուր առավ։ Ասես խոսքը հայոց պատմության մասին չէ, ազգային մշակույթի գանձերի մասին չէ։

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «LE FIGARO» թերթի փոխտնօրեն ԺԱՆՐԻՍՏՈՖ ԲՅՈՒԻՍՈՆԸ X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախի հայկական եկեղեցիները։ Վտարելով 150.000 հայ բնակիչներին՝ ադրբեջանցիները հարձակվում են Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության վրա: Արդեն մի քանի օր է՝ մտահոգիչ տեսանյութեր են տարածվում եկեղեցիների ավերման կամ վանդալիզմի մասին, հատկապես Շուշիի շրջանում»։

Բյուիսոնի և «Caucasus Heritage Watch»-ի հետազոտողների սիրտն ավելի է ցավում հայկական եկեղեցիների համար, քան Անդրեասյանինն ու Միրզոյանինը, ինչպեսև, դատելով ամենից, հայ պատմաբաններինն ու ճարտարապետներինը։ Ոչ, ձևակերպենք ավելի ստույգ. ֆրանսիացի լրագրողի համար ամենևին միևնույնը չէ, իսկ նշված անձինք, նրանց գործընկերներն ու թիմակիցները խորապես թքած ունեն։ Ասել է, չէ՞, սիրելի «վարչապետը», որ Շուշին «դժգույն ու դժբախտ» քաղաք է, ուրեմն ինչո՞ւ իրենց նեղություն տան «ինչ-որ» տաճարի, գերեզմանոցի ու գյուղի մասին մտածելով։

Ի դեպ, ի՞նչ եղավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը, որն արդեն երեքուկես տարի է, ինչ պատրաստվում է մեկնել Արցախ։ Արդեն չի՞ պատրաստվում: Ինչո՞ւ։ Գուցե այն պատճառով, որ Փաշինյանն ու Անդրեասյանը գիտակցաբար լռությա՞ն են մատնում թեման՝ եռանդագին տորպեդահարելով այն ակտիվացնելու ցանկացած փորձ։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի բարբարոսներին, որոնք մեթոդաբար փորձում են ջնջել հայկական հետքն Արցախում, ապա դժվար թե նրանց մոտ ինչ-որ բան ստացվի. այդ հետքն այնտեղ բառացիորեն ամեն քայլափոխի է, դա պարզապես անհնար է արմատախիլ անել։ Լավագույն դեպքում Ալիևին կհաջողվի վերածել Շուշին հենց այն «դժգույն ու դժբախտ» քաղաքի, որի մասին ճամարտակում էր իր երևանյան գործընկերն ու Արցախի և Հայաստանի դեմ հանցագործություններում իր ոճրակիցը։

Քանզի որքան էլ Բաքուն փորձի կառուցապատել Շուշին անճաշակ ճոխ շենքերով, միայն հայկական ոգին ու հայկական ներկայությունն են ունակ հաղորդել բերդաքաղաքին այն անկրկնելի հմայքը, որով միշտ աչքի է ընկել Շուշին: Եվ որը նա կվերստանա միայն այն ժամանակ, երբ վերադառնան իր իսկական տերերը: