ԱՄՆ-ը մատնանշել է ԼՂ հակամարտությունից հետո կրոնական ազատության հարցում Ադրբեջանի հետընթացը

Միացյալ Նահանգների՝ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները «բացասական միտում» են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո: Դրա մասին գրել է Christian Post-ը։

Երկկուսակցական դիտորդական կոմիտեն ԱՄՆ Պետքարտուղարությանն առաջին անգամ հորդորել է Ադրբեջանին ներառել կրոնական ազատության ամենաչարանենգ ոտնահարողների ցանկում՝ խախտումների նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերելու կոչ անելով:

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը չորեքշաբթի հրապարակել է 2024 թվականի տարեկան զեկույցը։ Այս տարվա զեկույցում ավելի քան երկու տասնյակ երկրներ ներառված են կրոնական ազատության ամենաչարանենգ ոտնահարողների թվում: Պետքարտուղարությանը կոչ է արվում Ադրբեջանին ներառելու «առանձնահատուկ մտահոգություն հարուցող երկրների» ցանկում։

Կրոնական ազատության «հատկապես լուրջ» խախտումների օրինակները ներառում են «համակարգված, շարունակական և աղաղակող խախտումները, ինչպես օրինակ, խոշտանգումները կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը կամ պատիժը և առանց մեղադրանքի առաջադրման երկարատև կալանքը»:

Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը Պետդեպարտամենտին առաջարկում է ցանկում ավելացնել ևս հինգ երկիր, դրանց թվում՝ Ադրբեջանը։ Հանձնաժողովը 2023 թվականին պարզել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները «բացասական միտում են ունեցել» Լեռնային Ղարաբաղում, որտեղ բնակվում էին հայ քրիստոնյաները, մինչև 2023 թվականի զանգվածային գաղթը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտությունից հետո:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր սպառնալիք լինել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և շրջակայքի կրոնական վայրերի համար: «Մայիսին Ադրբեջանի կրոնական հարցերի պաշտոնական պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայ քահանաներին կոչ էր արել լքելու Դադիվանք վանքը՝ կեղծ պնդումներ անելով, թե նրանք կապ չունեն կրոնական վայրի հետ։ (Ադրբեջանի) կառավարությունը հերթական անգամ մերժել է գրանցել ոչ մահմեդական կրոնական համայնք՝ բողոքական քրիստոնյաների և Եհովայի վկաների կողմից պաշտոնական գրանցում ստանալու շարունակական փորձերին հակառակ»,- նշվում է փաստաթղթում:

Մահմեդականները ևս չեն խուսափել կառավարական հետապնդումներից: Իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել մահմեդականների վրա՝ նրանց կրոնական գործունեության հետ կապված և վերահսկել, տուգանել, կալանավորել ու ձերբակալել են նրանց, ովքեր ենթադրաբար խախտել են Ադրբեջանի կրոնական կանոնները:

Հանձնաժողովը տարվա ընթացքում արձանագրել է Ադրբեջանում կրոնի կամ համոզմունքի հիման վրա ձերբակալվածների թվի զգալի և տագնապալի աճ»,- ասվում է զեկույցում։ Հանձնաժողովը ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տալիս աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ վերանայելու կրոնի մասին օրենքը՝ այն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

News.am