Փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը․ ՀՅԴ-ն՝ տարածված ձայնագրությունների մասին

Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել նրա բարի համբավը և կեղծ լուրեր տարածելով՝ պառակտել ընդդիմադիր դաշտն ու շարժման շարքերը։ Նշված է ՀՅԴ տարածած հայտարարության մեջ։

«Հայտնում ենք, որ իսկությանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրությունների ստեղծումը (թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կպարզվի քննության ընթացքում) և տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատված ռեժիմի՝ ստի և կեղծիքի որդեգրած գործելաոճին»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։

ՀՅԴ-ից նաև տեղեկացնում են, որ տեղեկացված են եղել այս և նմանատիպ այլ ձայնագրություններ պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին: Հիշեցնում են՝ դրանք հակաօրինական են։ ՀՅԴ-ն ընդգծում է, որ նմանատիպ ձայնագրությունների ստեղծման և տարածման գործում ներառված բոլոր անձանց պետք է քրեարիավական գնահատական տրվի:

Հավելենք, որ իշխանական կայքերում տարածվել էր մի ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքինն մասնակցելու համար գումարները, ում և ինչքան կաշառք տալ։

Sputnik Արմենիա