ՀԺՄ-ն դատապարտել է ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ՊՊԾ աշխատակիցների պահվածքը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է ՊՊԾ աշխատակիցների պահվածքն ԱԺ–ում լրագրողների ակցիայի ժամանակ։ Այս մասին միությունը հայտարարություն է տարածել։

Նշենք, որ մարտի 26-ին ԱԺ անվտանգության աշխատակիցները խաղաղ ակցիա իրականացնող լրագրողներին խորհրդարանի օթյակից բռնի ուժով հեռացրել են։ Լրագրողները բողոքում էին իրենց գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքի դեմ։ Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա՝ կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր», «Լրագրողների հետ զգույշ» գրություններով։

«Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին։ Լրագրողները պահանջում էին հարգել չխոչընդոտել իրենց։ Ամենուր տեղակայված անվտանգության ծառայողներն իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարությունից իջեցված հրամանի: Հիշեցնում ենք` ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը ենթադրում են քրեական պատասխանատվություն»,– ասված է հայտարարությունում։

Միությունը գլխավոր դատախազությանը հորդորել է այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Sputnik Արմենիա