ՌԴ ԱԳՆ․ Հարավային Կովկասի ապաշրջափակման աշխատանքային խմբի աշխատանքը կանգ է առել 2 պատճառով

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասնագիտացված աշխատանքային խմբում կանգ է առել երկու պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցությունը, ինչպես նաև տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հաճախ է մեզ մոտ հարցեր առաջացնում, և այդ երկու գործոնների պատճառով խմբում համագործակցությունը կանգ է առել», – ասել է նա։

Նրա խոսքով` Մոսկվան վստահ է, որ աշխատանքային խմբում լիարժեք փոխգործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ համակարգի վերականգնմանը՝ թույլ տալով նրան ինտեգրվել Եվրոպայից Ասիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ավելի լայնածավալ սխեմաներին, այլև թույլ կտա ապահովել Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ–տնտեսական զարգացումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուսթաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում։

Sputnik Արմենիա