ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի վճիռը։
Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. հոկտեմբերի 12-ին հայտարարված ռազմական դրության ընթացքում գեներալ-լեյտենանտի կոչումով ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցնելով, պաշտոնատար անձ, հասարակական ծառայող լինելով՝ Ջալալ Հարությունյանը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության հանդեպ, ինչը անզգուշության հետևանքով հանգեցրել էդ ծանր հետևանքների։ Նա դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։ Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր է ճանաչել։
Ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում Ջալալ Հարությունյանի փաստաբանները բացարձակ անհամաձայնություն են հայտնել դատարանի որոշմանը և նշել, որ վերաքննիչ դատարան երեք բողոք են ներկայացրել։
Փաստաբան Արսեն Սարդարյանը մանրամասն ներկայացրել է այն իրադարձությունները, որոնք հիմք են դարձել Հարությունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Իրավաբանը միաժամանակ կասկածի է ենթարկել գործով դատավորի օբյեկտիվությունը։ Հիշեցնենք, որ մեղադրանքի էությունը հանգում է նրան, որ Հարությունյանը մարտական ծանր իրավիճակում իբր իր ենթականերին վստահեցրել է, որ հրետանային դիրքին մոտեցող խումբը «մերն է», իսկ մոտենում է հակառակորդը, և արդյունքում դիրքը զիջվել է։ Վկաների խոսքով՝ Հարությունյանը մեկ անգամ ասել է «մերոնք», երկրորդ անգամ՝ «հնարավոր է՝ մերոնք»։ Փաստաբանը կարծում է, որ հրամանատարը կարող էր իր դատողությունները հիմնել գնդի և դիվիզիայի հրամանատարության կողմից տրամադրված տվյալների վրա, որոնք էլ իրենց հերթին հիմնված էին հետախուզական տվյալների վրա: Այն պայմաններում, երբ բանակը տեղեկություններ ուներ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջնագիծը ճեղքելու, ինչպես նաև դիրքերը լքած կամավորների առկայության մասին, հստակ ոչինչ ասել հնարավոր չէր։ Միաժամանակ գնդի հրամանատարության և դիվիզիայի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, և ընդհանուր առմամբ իրավիճակը ծայրաստիճան խառն էր։
Փաստաբան Անդրանիկ Մնացականյանի խոսքով՝ դատարանը հաշվի չի առել հրավիրված ռազմական փորձագետի կարծիքը, սակայն ինքը ռազմագիտական փորձաքննություն չի նշանակել։ Փորձագետը կարծում է, որ «մերոնց» մոտենալու սխալ ենթադրությունը ոչ մի նշանակություն չէր ունենա, եթե պաշտպանության բոլոր օղակները ճիշտ գործեին, այլ կերպ ասած՝ դիվերսիոն-հետախուզական խումբը ժամանակին բացահայտվեր և չեզոքացվեր։ Միաժամանակ, դատարանը չգիտես ինչու հակված էր վստահելու դատավարության ելքով շահագրգռված նախկին դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանի ցուցմունքներին։
Փաստաբան Էդգար Այվազյանը նաև հայտնել է արդարացնող դատավճռի անհրաժեշտության մասին։ Համենայն դեպս, Հարությունյանը չի կարող ազատազրկման պատիժ կրել, քանի որ նա ծանր վիրավորվել է և դեռ բուժման կուրս է անցնում։ Միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարան՝ ազատազրկում չպարունակող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանը մերժել է՝ այն համարելով ժամանակավրեպ։
Ամփոփելով ասվածը՝ Սարդարյանն ընդգծել է, որ պաշտպանական կողմը հույս ունի, որ վերաքննիչ դատարանը կվերականգնի արդարությունը և կկայացնի արդարացնող դատավճիռ։ Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացությունը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ վաստակավոր մարդուն ուղարկում է ոչ այնքան հեռավոր վայրեր, այլև այն պատճառով, որ խոցելի վիճակում է դնում բանակն ամբողջությամբ։
Փաստաբանն ավելացրել է, որ Հարությունյանը ցուցմունք է տվել, որ դիվերսիոն-հետախուզական խմբերի մասին տեղեկություններ կան, և որ դրանք կարող են լինել ամենուր։ Որ եղել են մեր կամավորները, ովքեր լքել են իրենց դիրքերը, և նրանց գտնվելու վայրը հայտնի չէր։ Այսինքն՝ մոտեցող խումբը կարող էր լինել ե՛ւ մերը, ե՛ւ ոչ մերը։ Հարությունյանը գործել է շատ ծանր իրավիճակում, երբ պարզ չէր, թե որտեղ են յուրայինները, որտեղ՝ թշնամին։ Փաստն այն է, որ սպաները վկայում են, որ ասվել է, որ «կարող են մերոնք լինել»,- եզրափակել է փաստաբանը։
News.am