Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին. հարցաքննվել են մի խումբ «տուժողներ»

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործով հերթական «դատական նիստը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «լսումների» ժամանակ հարցաքննվել են մի շարք «տուժողներ»: Հայտնվում է, որ նրանց մեծ մասը վիրավորվել է ականի պայթյունից։ Նրանք «դատական նիստին» հայտնվել են հենակներով։ Հրապարակվել են դատաբժշկական փորձաքննությունների «եզրակացությունները», որոնց մասնակցել են «տուժողները»:

Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է ապրիլի 29-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։

Sputnik Արմենիա