Իշխանություններն անհանգիստ են, որ ջահերով երթը կարող է հակաիշխանական ցույցի վերածվել
Իշխանություններն անհանգստանում են, որ ջահերով երթի միջոցառումները կարող են հակաիշխանական ցույցի վերածվել՝ թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանությունն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր՝ ապրիլի 23-ին, նախատեսում է միջոցառում կազմակերպել «Ազատության» հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո կանցկացնեն երթ ու կմիանան «Հանրապետության» հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը ՀՅԴ երիտթևն է։
Ըստ թերթի տեղեկությունների՝ քաղաքական այլ շրջանակներ ևս պատրաստվում են միանալ ջահերով երթին։
Թերթը նկատել է, որ 2018-ի ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել իր պետության ղեկավարին այցելել զոհերի հուշահամալիր։
Ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Այս օրը հայերը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլել էր մեկուկես միլիոնից ավելի հայերի կյանք։ Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է Ցեղասպանության վերաբերյալ հիմնական ուսումնասիրություններ, ինչպես նաև արվեստի գործեր և դժոխքի տանջանքները վերապրած մարդկանց հիշողություններ։