ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը Բանդար Աբբասի պայթյունից

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Հյուսիս-Հարավ» նախագիծը շարունակում է հարձակման ենթարկվել տարբեր կողմերից։ Հայաստանում այս նախագիծը կարելի է ասել, որ բացահայտ սաբոտաժի է ենթարկվել դեռևս 2018 թվականի իրադարձություններից առաջ՝ դառնալով ամենակոռումպացված (եթե ոչ ամենակոռումպացվածը) երկարաժամկետ ենթակառուցվածքային նախագիծը։ Այժմ նախագծին հասցվել է հերթական վնասը։

Ապրիլի 26-ին Իրանի ամենամեծ առևտրային նավահանգստում՝ Բենդեր-Աբասում պայթել են մի քանի կոնտեյներներ, ինչը հանգեցրել է ուժգին պայթյունի և հրդեհի։ Արդեն հայտնի է 40 զոհի և ավելի քան 1200 վիրավորների մասին։ Բենդեր-Աբասում տեղի ունեցած պայթյունը հարված է ոչ միայն Թեհրանին։ Նավահանգիստը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիմնական հանգույցը, որը ներկայումս փաստացիորեն փակված է։ Այս երթուղին նախատեսված էր Ռուսաստանի և Հնդկաստանի միջև արագ և մատչելի բեռնափոխադրումներ ապահովելու համար՝ շրջանցելով Արևմուտքը։ Պայթյունը վտանգի տակ է դնում ոչ միայն այս ճանապարհը, այլև ողջ նախաձեռնության կենսունակությունը։ Բացի դրանից, «Հյուսիս-Հարավ» նախագծի վրա հարձակում է կատարվել ևս մեկ աշխարհագրական կետում ապրիլի 25-ից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին տեղի են ունենում բախումներ։ Միջազգային մամուլը լի է վերնագրերով, որ շուտով երկու երկրների միջև կարող է սկսվել լիարժեք պատերազմ։ Ավելին, արդեն կան տեղեկություններ, որ Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Համաձայն հաղորդումների՝ Պակիստան են ժամանել Թուրքիայի օդուժի վեց C-130E ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներ։

Թուրքիայի հետքը հստակ նկատելի է։ Ավելացրեք սրան նաև այնփաստը, որ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը 2024 թվականի մայիսի 19-ին ավիավթարի ենթարկվեց՝ վերադառնալով Ադրբեջանից, և Դուք կտեսնեք, որ թուրքական և թյուրքական հետքը ակնհայտորեն նկատվում է տարածաշրջանում տեղի ունեցող այլ իրադարձություններում։ Այդ իրադարձությունները նույնպես ազդում են «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման վրա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ժամանակ, երբ ՆիկոլՓաշինյանը այցելում է Էստոնիա՝ ծաղիկներ դնելով «Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում», Իրանում տեղի ունեցածի պատճառով Հայաստանը կարող է կորցնել անգամ «Հյուսիս-Հարավ» նախագծում մասնակցելու նվազագույն հնարավորությունը և սահմանափակվել նրանով, որ պարզապես կտրամադրի ճանապարհը հայկական Սյունիքով Թուրքիային և Ադրբեջանին՝ անժամկետ և անվճար օգտագործման համար։ Այլ կերպ ասած, Իրանի իրադարձություններից տուժողներից մեկը կարող է դառնալ նաև Հայաստանը։ Հայաստանի համար տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին սեփական շահերով մասնակցելու եզակի հնարավորությունը եղել է «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը, որի տրամաբանությունը համահունչ էր նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Բայց նախագիծը ենթարկվել է ինչպես քաղաքական հարձակումների Հայաստանի կողմից, այնպես էլ ֆիզիկական հարձակումների այլ դերակատարների կողմից։

Մտածե՛ք այդ մասին․․․

Alpha News