ԲԵՐՔԼԻԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ԱՄՆ-Ի ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐԻ ՇԱՆՏԱԺԻՆ

Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին «ԳԱ»-ն արդեն գրել է ապրիլի 29-ին: Այն ժամանակ մենք շեշտը դրեցինք հայկական դիվանագիտության (եթե իհարկե Նիկոլի օրոք այդպիսին ընդհանրապես գոյություն ունի) համար ամոթալի փաստի վրա՝ Բաքվի սպառնալիքների և շանտաժի պատճառով «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրության չեղարկման հետ կապված սկանդալին որևէ արձագանքի բացակայութան։

Սակայն այս պատմության մեջ կան նաեվ մի շարք այլ տեսանկյուններ, որոնք կարևոր է արձանագրել և հաշվի առնել ապագայում։ Առնվազն մոտ ապագայում, երբ Սփյուռքն ու հայ հասարակությունը պետք է ինքնուրույն պաշտպանեն ազգային շահերը՝ Հայաստան պետության, ավելի ճիշտ՝ փաշինյանական ռեժիմի կողմից որևէ աջակցության բացակայության պայմաններում։

Հիշեցնեմ, որ նշյալ բուհում ապրիլի 23-ին անսպասելիորեն չեղարկվեց Արցախին նվիրված «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրումը՝ նախատեսված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով: Ինչպես գրել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, «սա ԱՄՆ-ի խոսքի ազատության նվիրված հաստատությունում է եղել. Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում, այն էլ համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնից են հանել, ապրիլի 24-ի համար էր նախատեսված։ Բերքլիում է սովորել Ավոն (Մոնթե Մելքոնյանը-Մ.Գ.), որի անունը ևս ցենզուրայի է ենթարկում ամերիկյան Ֆեյսբուքը։ …Այն երկրում, որն աշխարհին սովորեցնում է, թե ինչ է խոսքի ազատությունը»։

Ավելի ուշ պարզվեցին այդ սկանդալային միջադեպի մանրամասները։ Ինչպես պատմեց համալսարանի ուսանողուհի լրագրող Գոհար Վեզիրյանը, չեղարկման մասին ծանուցմամբ նամակը ստացել են միջոցառումից մեկ օր առաջ, առանց որևէ բացատրության: Հաջորդ օրը Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների կենտրոնից պարզաբանել են, որ իրենք բողոքի ակցիաներ կազմակերպելու սպառնալիքներով ծանուցում են ստացել և անկարող են մեկ օրում լուծել անվտանգության հարցերը:

Ապրիլի 26-ին համալսարանի հայ ուսանողների ուժերով կազմակերպվեց բավական բազմամարդ հանրահավաք, որին մասնակցեցին նաև այլազգի ուսանողներ: Դրան հաջորդեց շատ խոսուն խոստովանություն. Մարդու իրավունքների կենտրոնը հայտնեց, որ զանգ է ստացել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունից:

«Այդ զանգը, հավանաբար, ահաբեկել է նրանց, և որոշել են չեղարկել ֆիլմի դիտումը: Թե ինչ բովանդակություն է ունեցել զանգը, չեն նշել»,- Alpha news-ին տված հարցազրույցում պատմեց Գոհար Վեզիրյանը։ Zartonk media պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի հյուպատոսը մեղադրել է ֆիլմը «արմատական գաղափարական դիրքորոշման մեջ, որին հավատարիմ են հայկական որոշ խմբեր»՝ հայտարարելով, թե «ֆիլմը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»: Ծանոթ մեղադրանքներ են, այնպես չէ՞, դրանք հաճախ են հնչում նաև փաշինյանական հանցախմբի ներկայացուցիչների շուրթերից։

Այսինքն, արձանագրենք. համաշխարհային ճանաչում և հեղինակություն վայելող ամերիկյան խոշորագույն համալսարաններից մեկը պաշտոնապես ընդունում է, որ սպառնալիքներ է ստացել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից: Սակայն ինչ-ինչ պատճառներով ոչ միայն չի դիմել ոստիկանություն՝ սպառնալիքների հեղինակներին, առաջին հերթին Ադրբեջանի հյուպատոսության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու համար, ոչ միայն ոստիկանությունից չի պահանջել ապահովել միջոցառման մասնակիցների անվտանգությունը, այլև շարժվել է շանտաժիստների թելադրանքով՝ չեղարկելով ֆիլմի ցուցադրումը։

Դա կարելի է բացատրել մեկ բանով. գործի են դրվել ոչ միայն սպառնալիքներն ու շանտաժը, այլև ադրբեջանական «դիվանագիտության» մյուս սովորական գործիքները՝ կաշառքն ու շռայլ խոստումները։

Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարության հետ հետագա զրույցների արդյունքում հայ ուսանողներին հաստատապես խոստացել են ցուցադրել ֆիլմը սեպտեմբերի 18-ին: Նույնիսկ եթե այդ խոստումը կատարվի, մնում են մի շարք հարցեր ու խնդիրներ, որոնց Կալիֆոռնիայի և առավելևս պակաս հայաբնակ ամերիկյան նահանգների հայ համայնքը բախվելու է մշտապես: Եվ եթե Ադրբեջանին հաջողվում է սպառնալիքներով ու շանտաժով հասնել իր ուզածին այն նահանգում, որտեղ ավանդաբար ուժեղ են հայ համայնքի դիրքերն ու ազդեցությունը, ապա այլ վայրերում այդ «հաջողությունը» է՛լ ավելի հավանական է։

Ցուցանշական է, որ Բաքվի ԶԼՄ-ները կոկորդ էին պատռում, թե իբր՝ ցուցադրության չեղարկմանը հասել են ադրբեջանցի ուսանողները, միտումնավոր շրջանցելով այն փաստը, որ վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հյուպատոսության խուլիգանական միջամտությունը (հայ հյուպատոսը, ինչպես արդեն գրել ենք, բացարձակ անտարբերություն է ցուցաբերել կատարվածի նկատմամբ)։ Հակառակ դեպքում դժվար թե մի քանի ուսանողների զանգերը (Գոհարի տեղեկություններով՝ նրանք ընդամենը երեքն են) ստիպեին կենտրոնի ղեկավարությանը չեղարկել ցուցադրությունը։

Նիկոլական իշխանությունների լուռ աջակցության խորապատկերին Բաքուն ակնհայտորեն ուժգնացնում է պայքարը Սփյուռքի դեմ, որն էլ իր հերթին գործունեության շեշտադրումը գնալով ավելի է փոխադրում Արցախի ուղղությամբ։ Ընդ որում, Վեզիրյանի խոսքերով, հասկանալի պատճառներով նրանք առանձնակի ակտիվացել են գիտակրթական խոշոր կենտրոններում։ «Հայաստանի այդ լռությունը նպաստում է, որ Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ թիրախավորի Սփյուռքին: Այստեղ հայ ուսանողները կարծես լքված են, Հայաստանի հետ կապը չկա»,- հավելում է նա:

«Իմ զարմուհին սովորում է Բերքլիի համալսարանում և եղել է ակցիան անցկացնող հայ ուսանողների խմբում։ Նա շոկի մեջ էր: Բայց եթե նման բան տեղի է ունենում Կալիֆոռնիայում, ապա էլ ի՜նչ խոսենք մյուս նահանգների մասին: Սփյուռքը չի կարող անել ամեն ինչ, պետք է լինի ՀՀ պաշտոնական մարմինների հստակ դիրքորոշում, բայց նրանց պետքը չէ»,- գրել է մեզ «ԳԱ»-ի ընթերցողուհին Սան Ֆրանցիսկոյից:

Այս ամենը հարցեր են, որոնք պահանջում են ոչ միայն պատասխաններ, այլև գործողություններ: Այսօր քիչ է լոկ արձանագրել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները ձեռք ձեռքի տված աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ վարելով հակահայկական քաղաքականություն, այդ թվում արտաքին քարոզչության ոլորտում և Սփյուռքի հանդեպ։ Այսօր ծայրաստիճան կարևոր է մտածել Սփյուռքի հետ արդյունավետ փոխգործակցություն ստեղծելու մասին՝ հասարակության, ոչ կառավարական և մասնագիտական կառույցների, հենց նույն լրատվամիջոցների մակարդակով: Նման գործընթացների ինչ-որ սաղմեր արդեն նշմարվում են, բայց անհրաժեշտ են շատ ավելի ակտիվ քայլեր։

Այո, քանի դեռ Նիկոլն ու իր թայֆան իշխանության ղեկին են, բոլոր այս բացասական միտումները լոկ ուժգնանալու են։ Բայց ոչինչ չձեռնարկելով սպասել, թե երբ են սրանք վռնդվելու, պարզապես չի կարելի։ Նախ, նման հասարակական գործընթացներն անխուսափելիորեն կնպաստեն օկուպացիոն ռեժիմից ազատվելուն։ Եվ երկրորդ, «հետո»-ն կարող է չափազանց ուշ լինել։

Իսկ կոնկրետ Բերքլիի դեպքում պետք է նախ հասնել «Տունս քաղցր ա» ֆիլմի խոստացված ցուցադրմանը սեպտեմբերի 18-ին, չնայած Բաքվի ահաբեկիչ դիվանագետների և խուլիգան ուսանողների բոլոր սպառնալիքներին ու շանտաժին։