ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՆԱԽԱԴԵՊՈՎ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՓՈԽԵ՞Ն ՊՐԱԿՏԻԿԱՆ ԱՅԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայ-ռուսական համալսարանի գիտխորհրդի նիստում ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի դոկտորական ատենախոսության թեման միաձայն հաստատել են բուհում ձևավորված պրակտիկայի խախտմամբ, ինչպես նաև Սիմոնյանի բացակայությամբ։ Բանն այն է, որ բուհի Իրավունքի ինստիտուտի գիտխորհրդում թեման առանց քննարկվելու հաստատվել է բուհի գիտխորհրդում։
«Նման նախադեպ չենք ունեցել»,-Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՌՀ Իրավունքի ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Քալաշյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է իրավունքի ինստիտուտի գիտխորհրդում թեմայի քննարկումը շրջանցելն առաջիկայում դառնա պրակտիկա, նման արտոնություն տրամադրեն նաև այլոց, Մ. Քալաշյանը պատասխանեց՝ չեմ կարող կարծիք հայտնել, ապա խորհուրդ տվեց թեմայի հետ կապված հարցերն ուղղել ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին։
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն հետևողական կերպով անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ Անդրանիկ Սիմոնյանը ցանկանում է դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում է ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Սակայն ԱԱԾ տնօրենի տեղակալը հարկ չի համարել անձամբ ներկայանալ գիտխորհուրդ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։ Բուհի ռեկտորատը բավարարել է նրա պահանջը՝ ատենախոսության թեման հաստատվել նրա բացակայության պայմաններում։
Աղբյուրը նաև գրել էր, որ ԱԱԾ տնօրենի տեղակալի` դոկտորական թեմայի արտոնյալ պայմաններով հաստատելու լոբբինգով զբաղվել է Վճռաբեկ դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանը։ Սերժիկ Ավետիսյանը և Պարգև Ավետիսյանը եղբայրներ են։
ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պ. Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ որևէ կանոնակարգ չեն խախտել։ Նա որևէ կերպ չպատասխանեց հարցին, եղե՞լ է նախադեպ, երբ թեման ՀՌՀ իրավունքի ինստիտուտի գիտխորհրդում առանց քննարկելու ուղարկվի բուհի գիտխորհուրդ հաստատման։
Հարցին, ատենախոսության թեմաների՝ իրավունքի ինստիտուտի գիտխորհրդում քննարկելու պրակտիկան կշարունակվի՞, թե՞ մեկ անգամ պրակտիկան խախտվելուց հետո թեմաները միանգամից կուղարկվեն բուհի գիտխորհուրդ, Պ. Ավետիսյանն արձագանքեց.
«Որևէ բան չի խախտվել, եթե խախտումից ենք խոսում։ Պրակտիկայի տեսակետից կան տարբեր մոտեցումներ, օրինակ ամբիոնի մասնագետները, որ ներգրաված են լինում, երբեմն բավարար չեն լինում, դրա համար ամբիոնը, ի պատիվ իրենց, դիմել են Հայատանում գործող այլ մասնագետների՝ ՆԳՆ ակադեմիայի, ԵՊՀ ներկայացուցիչներ, որպեսզի խիստ մասնագիտական ճիշտ գնահատում տան»։
Ուշագրավ է՝ նիստին, որի ժամանակ հաստատվել է ատենախոսության թեման, Ա. Սիմոնյանը ներկա չի եղել։
«Պարոն Սիմոնյանը բավականաչափ հաճախ է այցելում ամբիոն և պատասխանատու է ամբիոնի առաջ իր գործունեությամբ։ Լիարժեք չեմ կարող պատասխանել՝ ինչ-ինչ պատճառով եղե՞լ է, չի՞ եղել։ Ես պատասխանեցի այն, ինչը հստակ կանոնակարգված է»,-ասաց գիտության գծով պրոռեկտորը՝ անպատասխան թողնելով հարցը, հնարավո՞ր է առաջիկայում նման դեպքեր լինեն, երբ ատենախոսության թեման հաստատվի առանց հեղինակի մասնակցության։
«Փաստինֆո»-ն գրել էր, որ ՀՌՀ գիտխորհրդի նախագահը բուհի ռեկտոր Էդ. Սանդոյանն է, ու հենց նրա որոշմամբ է պրակտիկայից շեղում արվել ԱԱԾ տնօրենի տեղակալի համար: Հետաքրիր է՝ ինչի՞ դիմաց է Էդվարդ Սանդոյանը նման բացառություն արել ու նման արտոնություն տրամադրել, գուցե սպառնացե՞լ են պաշտոնանկությամբ կամ քրեական վարույթ հարուցելով։
Սանդոյանը որևէ կերպ Panorama.am-ի հետ խոսել չցանկացավ՝ օգնականի միջոցով հայտնեց, որ թեմայի հետ կապված հարցերին կպատասխանի գիտության գծով իր տեղակալը՝ Պարգև Ավետիսյանը։ Ամեն դեպքում Panorama.am-ն այդ հարցերն օգնականի միջոցով ուղղեց պարոն Սանդոյանին՝ կասկածները ցրելու կամ հաստատելու, ինչպես նաև արտահայտվելու հնարավորություն տալով ռեկտորին։