Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար հատուկ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ընդգծելով Իսրայելի սպառնալիքների դեմ միջուկային օբյեկտներն ու նյութերը պաշտպանելու համար հատուկ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, հաղորդում է Mehr գործակալությունը։
Անտոնիո Գուտերեշին ուղղված իր նամակում Աբբաս Արաղչին զգուշացրել է «սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած արկածախնդրության» հետևանքների մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ կառավարությունը կիսում է Իսրայելի գործողությունների իրավական պատասխանատվությունը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետն իր նամակում գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ըստ միջազգային իրավունքի կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր քաղաքացիներին, շահերը և կառույցները պաշտպանելու համար «ցանկացած ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություններից»։
Նա հավելել է, որ ինչպես նախկինում, Իրանը խստորեն զգուշացնում է «սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած արկածախնդրության դեմ և վճռականորեն կարձագանքի այս ռեժիմի ցանկացած սպառնալիքի կամ անօրինական գործողությունների»։
News.am