ՀԱԿԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ, ՀԱԿԱԿՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐՈՎ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՊԻՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ
Եթե կան բարոյական նորմեր գոնե կրթական ոլորտում, որտեղ երեխաներ են, որտեղ ամեն ինչը երեխայի ու մարդու համար պիտի լիներ։
Մխչյանի դպրոցի դեպքը.
Տասներորդ դասարանի աշակերտներ զուգարանում կապկպել են չորրորդ դասարանի երկու երեխայի, բերաններին թմրանյութ քսել, որ երեխաները էլի ուզենան, տներից գումար գողանան՝ իրենց բիզնեսի համար։ Ինչ դժոխային ուղեղ պիտի ունենալ նման բան անելու համար։
Հանրությանից մի քանիսը, անջատվելով Մերձավանի դպրոցի դեպքերից, ունենալով քիչ թե շատ լոյալ, կամ՝ մեծի հայացք երեխաների վարքի մասով, չգիտես ինչու համարյա նույնացրեցին այս սարսափելի դեպքի հետ, թե՝ «լակոտություն են արել»։
Լակոտությունը ասենք անում են, երբ գարնանը ձորերից օձ-լորտու են հավաքում, իրենց դուր եկած աղջիկներին վախեցնում դրանցով։
Սա լակոտություն չէ։ Եթե անգամ թմրանյութ չէ այդ «սպիտակ փոշին»՝ այսպիսի կասկածներ էլ կային։ Որովհետև փոքրերը, որ 10 տարեկան են, հոգեկան ճնշված, վախեցած, անգամ գուցե՝ սարսափած վիճակում են եղել. Միայն կապկպելը ձեր վրա պատկերացրեք, պատերացրեք, որ անօգնական եք ու անում են բաներ, որից հետո դուք գող եք դառնալու, հիվանդ, ծնողներին խաբող, կախյալ...։
Այս երեխաներին նորմալ պայմաններում նորմալ հոգեբաններ պետք կգային։
Որքան անպատասխանատու, որքան անպատժելի, որքան մարդատյաց, որքան «բիզնես՝ ուրիշ ոչինչ» է միջավայրը, որ երեխաների մտքով նման բան անել է անցնել։ Սա՝ եթե մի կողմ թողնենք թմրանյութ է եղել մոտները, թե չէ։
Մերձավանի դեպքը.
Առաջին օրերին հանրությունը սոցցանցերում տարածվող տեսանյութերից «շոկ» ապրեց, թե՝ այս ինչպես են խոսում ուսուցչի հետ, մի հերոսական-պաթետիկ գրառումներ արեց, թե՝ ով է ուսուցիչը, ինչպես պետք է վերաբերել նրան, ինչ անդաստիարակ սերունդ է... կարծես իրենք դպրոցական տարիքում իրենց նկարագրած աշակերտներն են եղել։
Էլի ասեմ՝ այնպես, թեթև, վերևից գրառումներ անողները հիմնականում ապրում են հազարանոց, միլիոնանոց քաղաքներում, իսկ այդ երեխաները՝ գյուղում, որտեղ իրար հետ դու-ով են խոսում, որտեղ այլ հաղորդակցման ձևեր են և, ով գիտի՝ այդ ոչ բարով դասատուն էլ մի-երկուսի հորքուր-մորքուր է։
Իմ տեսած տեսանյութում դասասենյաում իրենց վիճակը ներկայացնող երեխան նյարդային, զգացմունքային պոռթկում էր ապրում՝ քրտնած, կարմրած։ Անպատկերացնելի է այն ներկայացումը, որ պատմության հերոս-դասատուն դրել էր երեխաների առաջ՝ քսակում փող չկա, ծամում է, ուտում է, ձեռքը փորին է դնում...։
Դասասենյակում նման զզվելի միջավայր ստեղծած, երեխաներին մարդու տեղ չդնող (թրքասիրության քարոզը չեմ էլ ասում), իր անձնական կենցաղը երեխաների աչքի առաջ վարող դասատուին պաշտպանողները, չգիտեմ, ուշադի՞ր են իրենց երեխաներին։ Գուցե նրանք էլ ունեն այդպիսի դասատու, սակայն իրենց երեխաները վախենում են տանը պատմել այդ մասին։ Կամ իրենց մեկ է, թե ով է, կամ ինչ է անում իրենց դասատւն դասարանում։
Ուշադի՞ր եք։
Ընդհանրապես՝ հանրությունը զուսպ չեղավ երեխաների մասին գրելիս, չմտածեց, որ հանկարծ կկարդան իրենց գնահատականները, խոսքերը... Հիշու՞մ եք ինչ եղավ, երբ ԱԺ մտած ու իրեն ԱԺ նախագահի աթոռին նստել թույլ տված պատանու մասին գրեցիք։
Չկա՞ հանրային պատասխանատվություն։
Էլ ինչ եք ուզում երեխաներից, ում ծնողներին Ժ. Անդրեասյանը առանց ձեզ էլ թե՝ դուք ձեզ ու ձեր երեխաներին հետևեք։
Հետևեցին, ոչ մի բանի չհասան. ծամող, ուտող, փորն ու քսակը ցույց տվող անդաստիարակ, թրքամոլ, հայատյաց դասատուն մնաց էլի իրենց վզին։
Բոլոր դեպքերում՝ հետևեք ձեր երեխաներին, ԿԳ ՍՄ նախարարը որևէ կանխարգելիչ քայլ, նախաիրավիճակների վերլուծություն չի անելու, որևէ դրական լուծում ոչ մի խնդրի չի տալու, գոնե կպաշտպանեք փոքրերին։
Ու քավ լիցի՝ ես ամենևին չեմ ասում, թե ուսուցիչ վիրավորելը, անհարգալից խոսքը պիտի տեղ ունենա։ Բայց երբ սուր դեպք է, պիտի կարողանալ միջից կարևորը առանձնացնել։ Թե չէ՝ անհարգալի այսօր էլ կխոսեն, վաղն էլ, գուցե՝ ձեր երեխան էլ, դուք էլ։
Խառնաշփոթ ռազմավարություն.
Իբր քիչ է դպրցում ոչ երեխայակենտրոն ուսումնական միջավայրը, Ժ. Անդրեասյանը որոշեց մի խառնաշփոթ էլ մտցնել։ Ըստ նորամուծված կարգի՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան:
Այսինքն՝ երեխան, որ մեկ-երկու տարվա գիտելիքների բաց ունի, պիտի նստի դասարանում՝ չկարողանալ անել, չընկալելով այն, ինչ անում են մյուսները։ Եթե ուսուցիչը հատուկ ուշադրություն դարձնի այս երեխաներին, ապա... ուշադրություն պիտի դարձնի միայն այս երեխաներին։ Առանց այն էլ խառը դասարաններում, տարբեր գիտելիքներով, սովորելու արագությունով, հմտություններով դասարաններում ուսուցիչը ստիպված է աշխատել միջին աշակերտական խմբի վրա՝ և ավելի արագ սովորողները, և ավելի դժվար սովորողները դուրս են մնում այս՝ ստիպված արած շրջանից։
Սրան գումարենք հիմա ինչ-ինչ պատճառներով դպրոցից դուրս մնացած երեխաներին, որ, ասենք՝ զրոյական գիտելիքներով նստում են հասակակիցների հետ, անընդհատ հետ մնալով նրանցից։ Ինչպիսի հոգեբանական մթնոլորտ է «ապահովում» այսպիսով Ժ. Անդրեասյանը, ինչ խնդիր է լուծում։
Թերևս՝ թուլացող ընդհանուր դասարան, խնդրահարույց իրավիճակներ, թերարժեքություն պարող երեխաներ։ Ընդ որում՝ սա այն երեխաների մասին չէ, որ ինչ-ինչ խնդիրներ ունեն՝ «մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք»։ Սրանք կարող են լինել այն երեխաները, որ դպրոց չեն գնացել պարզագույն պատճառով՝ ծնղները գումար չեն ունեցել ապահովելու երեխաներին հագուստ-կոշիկ և այլնով։ Ու արդեն այս խնդիրներին ավելացրեք բոլորից հետ մնալով սկսելու պայմանները։ Ինչ սկսել ու ինչպես՝ սա էլ է մեծ հարց։
Ինչ վերաբերում է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիքներ ունեցողներին, կրկին նրանց հարցը չի լուծվում, Ժ. Անդրեասյանը իբր հասկանում է իրավիճակը և նրանց թույլ է տալիս նստել մեկ դասարան ցածր՝ «իրենց տարիքից»։
Հիմա՝ այս ամենը ապահոված, այս ամենը աչքաթող արած, այս ամենը նունիսկ դիտմամբ չկազմակերպած մարդը պիտի վազելով պաշտոնաթող լիներ։ Եթե՝ ինքը հասկանար ինչ արել ու անում, եթե՝ կառավարությունը հավանություն տված չլիներ այս ապաերեխայությանը։
Անահիտ Ոսկանյան, Panorama.am