Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԱԳՆ-Ի ՀՅՈՒՐԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՍԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի խումբ իրավապաշտպաններ մայիսի 25-ին հայտարարություն էին տարածել, որում ԱԳՆ-ից պահանջում էին պարզաբանել, թե ինչո՞ւ է օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումին մասնակցած Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու Կրեգ Օլիֆանտը հրավիրվել Երևանում 26-ից 27-ն անցկացվող «Երևանյան երկխոսություն» համաժողովին: Հայտարարությունից 3 օր անց էլ արտգործնախարարությունից արձագանք չի եղել, սակայն ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մայիսի 26-ին լրագրողներին ասել է, որ տեխնիկական խնդրի պատճառով Կրեգ Օլիֆանտը չի կարողացել ժամանել Հայաստան:
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը, որը ստորագրել է իրավապաշտպանների հայտարարությունը, Alpha News-ի հետ զրույցում չբացառեց, որ Կրեգ Օլիֆանտի Հայաստան չգալը կարող է կապ ունենալ իրավապաշտպանների բարձրացրած աղմուկի հետ:
«Կրեգ Օլիֆանտի մասնակցությունը հաստատված է եղել այդ համաժողովին, այսպես կոչված՝ տեխնիկական խնդիրներն ի հայտ են եկել նրա մասնակցության հարցը քննարկելուց հետո: Ես չեմ բացառում, որ նա վերանայել է հասարակական բացասական վերաբերմունքի պարագայում ՀՀ-ում գտնվելը: Չեմ բացառում նաև, որ արտգործնախարարությունն ինչ-որ չափով վերանայած լիներ իր մոտեցումը: Սրանք, իհարկե, ենթադրություններ են, բայց մենք առնվազն անուղղակի կապ իրավապաշտպանների հայտարարության և համաժողովին չմասնակցելու մեջ տեսնում ենք»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ իրավապաշտպանների, Կրեգ Օլիֆանտը հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու, 2025-ի ապրիլի 7-10-ը, որպես խոսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին, որն անց է կացվել օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում:
«2023-ից հետո Ադրբեջանը հատուկ գործելակերպ ուներ, միջազգային կառույցներին հրավիրում էր Ստեփանակերտ, իսկ մինչև այդ Շուշի, և բազմաթիվ դիվանագետներ զգուշավորություն էին ցուցաբերում, հրաժարվում այցելություններից, արտահայտելով իրենց քաղաքական վերաբերմունքը: Կրեգ Օլիֆանտը չի գործել մարդու իրավունքների, արժեքների, միջազգային իրավունքի դիտանկյունից: Այդպիսի մարդիկ չեն կարող ցանկալի լինել ՀՀ-ի համար ու չեն կարող մուտք գործել ու որոշակի գործունեություն իրականացնել Հայաստանում: «Երևանյան երկխոսությունը» մասնավոր համաժողով չէր, այն կարևոր միջոցառում էր, որում ներգրավված էր ԱԳՆ-ն: Ցավալի է, որ հրավիրյալների կազմում կարող էին ներառել մարդկանց, որոնք սատարում են Արցախի ու էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և հանցագործությունները: Ես անգամ չեմ բացառում անփութությունը, որ ԱԳՆ-ն ինչ-որ սկզբունքով ցուցակ է կազմվել և հատուկ ուշադրություն չեն դարձրել անձանց կենսագրությանը և նախկին գործունեությանը, բայց եթե դա անփութության արդյունք չէ, այստեղ տեսնում ենք, որ օկուպացված Արցախում գործունեություն իրականացնելը գնահատվում է որպես օրինական, քանի որ ելակետ է ընդունվում այն թեզը, որ Արցախն ադրբեջանական տարածք է, և այդ պայմաններում ԱԳՆ-ն չի ցանկանում սանկցավորել առանձին անհատների գործունեությունը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
«Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրված էր նաև Միացյալ Թագավորությունից վերլուծաբան Ջոշուա Կուչերան: Նա մայիսի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պանելային քննարկման էր մասնակցում: Տեղեկություններ կան, Ջոշուա Կուչերան արցախյան պատերազմի ժամանակ այցելել էր Քարվաճառ: Տեղեկություններ կան նաև, որ նրա մուտքը Հայաստան արգելված է եղել, բայց թե ինչո՞ւ, պարզ չէ, ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում այդ հարցին չէր պատասխանել: Պաշտոնյան ասել էր, որ նախորդ միջոցառման ժամանակ Կուչերան խախտել էր հավատարմագրման կարգը, բայց այս տարի նա պատշաճ հավատարմագրվել է ու թույլատրվել է մուտքը Հայաստան:
Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ Կառավարության այս գործելակերպը հակասական է:
«Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրված էին նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Այս երկրները պրոադրբեջանական դիրքորոշում ունեն: Սլովակիան զենք է վաճառել Բաքվին, այդ երկրի Պաշտպանության նախարարը օկուպանտ է անվանել Հայաստանին: Իսկ Հունգարիան 2012-ին Բաքվին էր արտահանձնել 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին: Հունգարիան 2024-ին արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը:
Մեկնաբանելով Սլովակիայի և Հունգարիայի ներկայացուցիչներին Հայաստան հրավիրելը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց.
«Հայաստանն այդ գործելակեպորվ հանրային ուղերձ է հղում, որ այդ երկրների քաղաքականությունը համահունչ է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ»: