Փաշինյան․ Հայաստանն Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացնում
Հայաստանն Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացնում խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնության հասնելու համար։ Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախորդող շրջանում ունեցել ենք անուրանալի հաջողություններ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հասատատման նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։
«Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնության հասնելու համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի միջազգային հեղինակությունն աճումէ տեսանելի կերպով»,– ավելացրեց Փաշինյանը։
Ըստ նրա` այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումները` «Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը» և «Կենսաբազմազանության կողմերի COP 17 համաժողովը», սրա տեսանելի ապացույցն են։
Վարչապետի խոսքով` Հայաստանը շարունակում է սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի ու Չինաստանի հետ, ԱՄՆ–ի հետ հաստատել է ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննխադեպ բարձր մակարդակի վրա։
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին` ՀՀ վարչապետը նշեց, որ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է. մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը, որի գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը։
«Հարևանների, այլ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարելը ու նրա ստեղծած հնարավորությունները վայելելը։ Դեպի ՀՀ հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն ու ազատություն տանող մեր ընթացքը մտնում է պատմականորեն վճռական փուլ»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` 29 743 քառ կմ տարածքով ՀՀ–ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։
Sputnik Արմենիա