ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ, ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԵՌՆՈՒՄ ՈՒ ՕՍԼՈՅՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Կարճ՝ «Երևան դիալոգ» կոչվող փիառ-ակցիայի մասին. Հայաստանի հարկատուների հաշվին տարբեր երկրներից «Դվին» հյուրանոցում հավաքել են մի քանի տասնյակ պետական պաշտոնյաներ, փորձագետներ, ու «պարզապես լավ մարդիկ», որպեսզի հայ ազգի գերագույն դավաճանը նրանց առջև մեր բոլորի անունից խաղաղություն մուրա ադրբեջանցիներից ու թուրքերից ու փաստացի ասի, որ պատրաստ է համաձայնել նրանց յուրաքանչյուր պահանջի։ Էսքան բան»,- գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

Թերեվս դժվար է ավելի դիպուկ գնահատական տալ այն ամենին, ինչ կազմակերպել է Արաբատի ԱԳՆ՝ «Երևանյան երկխոսություն» հավակնոտ վերտառությամբ։ Ընդամենը մի քանի տարի առաջ պայմանավորված պատերազմում աղետալի պարտություն ու հսկայական կորուստներ կրած, մոտ երկու տարի առաջ Հայրենիքի մի մասը կորցրած և 150 հազար փախստական հայրենակից ընդունած երկրի մայրաքաղաքում կայացած համաժողովում, այն երկրի, որի ավելի քան 200 քառ.կմ-ը արդեն 4 տարի բռնազավթված է թշնամու կողմից և որի քաղաքացիներին դատում է Ալիևի ցեղասպան ռեժիմը, մի բառ անգամ չասվեց թվարկված և բազմաթիվ այլ գոյաբանական խնդիրների մասին, որոնց բախվել է այս երկիրը։

Հրավիրվածներից և հայաստանյան ներկայացուցիչներից ոչ մեկը, համենայնդեպս՝ եթե դատենք մամուլի հրապարակումներից, չի բարձրացրել Հայաստանի համար կարևորագույն այդ հարցերը, իսկ միջոցառման օրակարգը լիակատար տպավորություն է ստեղծում, թե համաժողովն անցկացվում է բարեկեցիկ երկրում, որն ամենևին էլ իր ողջ պատմության ընթացքում ամենասուր ճգնաժամի մեջ չէ և ոչ էլ պետականության կորստի եզրին է:

Եվ այս խորապատկերին՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հերթական «սենսացիոն» խոստովանությունները նույնիսկ երկրի Հիմնական օրենքը փոփոխելու պատրաստակամության մասին, միայն հանուն «խաղաղության համաձայնագիր» անվանյալ թղթի կտորի ստորագրման։

Ի դեպ, «երկխոսության» ընթացքում էլ փաշինյանական ու ալիևյան ռեժիմները հերթական անգամ աննկատ «պաս» տվեցին իրար։ Նիկոլը կրկին հանրության առջև բարձրաձայն հայտարարեց, որ «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի տարածքում չկա», մի բառ անգամ չասելով «ադրբեջանցիների վերադարձի» պահանջի մասին։ Մեկ ժամ անց նրան պատասխանեցին Բաքվից՝ հայտարարելով, թե «ադրբեջանցիները նախկինում կազմել են Հայաստանի բնակչության մեծամասնությունը», բայցև փրկօղակ տալով Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքին հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ» արտահայտության տեսքով։

Այժմ դավաճանների ոհմակի պարագլուխը բոլոր հիմքերն ունի քարոզարշավ սկսելու հօգուտ «ադրբեջանցիների վերադարձի»՝ որպես հաղթաթուղթ թափահարելով «տարածքային պահանջների բացակայությունը»։

Վերադառնանք, սակայն, «Երևանյան երկխոսությանը»։ Սույն միջոցառումը նշանավորվեց ոչ միայն ազգի համար կարևորագույն հարցերի անտեսմամբ, այլև Եվրամիությունում փաստացի մերժյալ դարձած, բայց թուրքական երկու պետությունների հետ սերտ կապեր պահպանող, վառ արտահայտված հակահայկական քաղաքականությամբ աչքի ընկնող և, հետևաբար, փաշինյանական իշխանության առանձնահատուկ բարեհաճությունը վայելող երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ. խոսքը Սլովակիայի վարչապետի և Հունգարիայի արտգործնախարարի մասին է։

ОБ АРЦАХЦАХ, ПЛЕННЫХ И СОХРАНЕНИИ АРМЯНСКОГО НАСЛЕДИЯ ГОВОРЯТ В БЕРНЕ И ОСЛО, НО НЕ ЕРЕВАНЕ

Միեվնույն ժամանակ համաժողովին չեն եկել երկու կերպարներ, որոնք հայ հանրության հակակրանքին են արժանացել բռնազավթված Արցախ այցելելու պատճառով, և որոնց բացակայությունը ԱԳՆ-ը կցկտուր փորձեց բացատրել «տեխնիկական պատճառներով»:

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ «Երկխոսությունը» հայ հարկատուների վրա նստել է 66 մլն 602 հազար դրամ: Այսինքն մոտ 173 հազար դոլար է ծախսվել մեր երկրի իրական շահերի համար, մեղմ ասած, բացարձակապես անօգուտ միջոցառման վրա։ Կազմակերպվել է բացառապես փաշինյանական «խաղաղության խաչմերուկ» սևեռուն գաղափարն առաջ մղելու, ինչպես նաև միրզոյանական «դիվանագիտության» բացահայտ ձախողումները քողարկելու նպատակով։

Դա առանձնակի ցայտուն դրսևորվեց այն խորապատկերին, որ հենց այդ օրերին Եվրոպայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան համաժողովներ, որոնց ընթացքում հնչեցին հայկական աշխարհի ամենահրատապ խնդիրները։ Խոսքն առաջին հերթին Շվեյցարական Բեռնի մասին է, որտեղ միաժամանակ երկու միջոցառում է անցկացվում՝ նվիրված Արցախին, հայերի վերադարձի իրավունքին և Ադրբեջանի կողմից բարբարոսաբար ոչնչացվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին։

Մայիսի 26-ին Բեռնում իր աշխատանքն է սկսել 19 պատգամավորներից բաղկացած միջկուսակցական հանձնաժողովը՝ ի աջակցություն «Շվեյցարական խաղաղարար նախաձեռնության», ինչը հետևանք է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման միջազգային մեխանիզմների ներդրման վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի որոշման: Բացմանը ելույթ է ունեցել Արցախի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վարդան Օսկանյանը, որը ներկայացրել է հայ հասարակությանը այսօր հուզող հարցերը:

Մայիսի 27-ին նույն Բեռնում բացվել է «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային գիտաժողով, որը Գարեգին Բ Կաթողիկոսի կոչով կազմակերպվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից: Համաժողովի բացումը նշանավորվեց Նորին Սրբության փայլուն ելույթով, որն անդրադարձավ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանին պատուհասած ազգային աղետի բոլոր տեսանկյուններին և նախանշեց հայության ու համաշխարհային քրիստոնեական համայնքի գլխավոր առաջնահերթությունները Արցախի հարցում:

Այդ նույն ժամանակ եվրոպական մեկ այլ քաղաքում՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բացվեց Ազատության ֆորումը, որտեղ ելույթ ունեցավ ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը: Նրա ելույթը նվիրված էր Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և պատանդների խնդրին։ «Օսլոյի Ազատության Ֆորումի «Խղճի գերիների ազատագրման համար ՄԱԿ-ի մարմինների ներգրավում» սեկցիան կարևոր հարթակ է Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ գերիների ազատ արձակման անհետաձգելի կոչի հնչեցման, Ալիևի ռեժիմի վրա միջազգային ճնշման և բանտային պայմանների ու դատավարությունների մոնիտորինգի համար»,- հայտարարեց նա:

Ի դեպ, Ալվինա Գյուլումյանը նույնպես անդրադարձավ տարածաշրջանում խաղաղության թեմային: Նա ընդգծեց, որ հայ գերիների ազատ արձակումը «ոչ միայն առանձին անձանց համար արդարության հարց է, այլև կարևոր քայլ դեպի իրական խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»:

Թե զուգադիպություն էր արդյոք Փաշինյանի «պիար ակցիայի»՝ «Երևանյան երկխոսության» անցկացումը, որտեղ Հայաստանի համար կարևորագույն հարցերը ջանադրաբար անտեսվեցին, և եվրոպական համաժողովների անցկացումը, որտեղ դրանք բարձր հնչեցին, էական չէ։ Մի կողմից, նիկոլական ոհմակին հստակ ցույց տրվեց, որ իրենց ու թուրքերի համար անցանկալի թեմաները հնչելու են միջազգային հարթակներում, չնայած դրանցք մոռացության մատնելու և հայ ժողովրդին լռեցնելու բոլոր ջանքերին։

Բայց, մյուս կողմից, լիակատար տպավորություն է ստեղծվում, որ ընթանում է յուրօրինակ «վտարանդի պետության» ձևավորման գործընթաց, որը ստիպված է խոսել ու պահանջել պաշտպանել իր հիմնարար իրավունքներն ու շահերը որտեղ ասես, բայց միայն ոչ Հայրենիքում։