ԵԿԵՂԵՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԽԱՆԳԱՐՈՂ ՄԻԱԿ ԿԱՌՈՒՅՑՆ Է. ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ ֆեյսբուքյան վիրավորական գրառումները արձագանքն են Շվեյցարիայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի ելույթի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
ՀՀ վարչապետը երեկ կառավարության նիստում քննադատել էր եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի այս արտահայտությունները փոխադարձ քննադատության էին արժանացրել բարձրաստիճան հոգևորականները։
Այսօր առավոտյան Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառում էր արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
«Կաթողիկոսի Շվեյցարիայի ելույթը հենց այն քաղաքական ելույթն էր, որը պետք է ունենար Հայաստանի ղեկավարը։ Բայց Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները իրականացնող քաղաքական ղեկավարության պայմաններում այդ ֆունկցիան իր վրա վերցրել է Հայ առաքելական եկեղեցին։ Շատ գրագետ, շատ լավ կառուցված, միջազգային քաղաքական տրամաբանությամբ և արժեհամակարգով համեմված ելույթ էր։ Եվ այդ ելույթի արձագանքը եղավ այն, որ գործող վարչապետը սկսեց օգտագործել քաղաքական կոմպրոմատներ հոգևորականների դեմ, որպեսզի փոխի կաթողիկոսին և իրեն հնազանդ անձնավորություն բերի»,– նկատեց Դանիելյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ` եկեղեցին այսօր այն միակ կառույցն է, որը խանգարում է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին` հերթական զիջումները կատարել և այդ կերպ խաղաղության մասին նախընտրական քարոզարշավի հաղթաթուղթը ստանալ։
Քաղաքագետը հիշեցրեց, որ վարչապետն իր գրառման մեջ նաև հայտարարել է եկեղեցականների դեմ առկա կոմպրոմատների մասին, ուստի տրամաբանությունը հուշում է դրանց հետագա բացահայտման մասին։ Կամ հայտարարությունն արվել է իբրև շանտաժ, և Փաշինյանի ծրագրով եկեղեցու ղեկավար կազմը դրա արդյունքում պետք է հրաժարական ներկայացնի։ Միաժամանակ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ գործադիր իշխանության ղեկավարի կողմից քաղաքական նպատակներով հատուկ ծառայությունների, իրավապահ համակարգի օպերատիվ տվյալների օգտագործումն անօրինական է։
Դանիելյանի խոսքով` որոշում կայացնողը ՀՀ քաղաքացիներն են, որոնք ստեղծված իրավիճակում պետք է համախմբվեն եկեղեցու շուրջը իշխանության հակապետական ու ապազգային ծրագրերը ձախողելու համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Աննա Հակոբյանը վրդովված գրառում էր արել կաթողիկոսի` Շվեյցարիայում ունեցած ելույթի մասին. «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն»,–գրել էր նա։
Աննա Հակոբյանը Գարեգին Երկրորդին «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ» է անվանել։