Ով է կանգնած ոստիկանապետի հրաժարականի հետևում, և ինչ է տեղի ունեցել Փաշինյանի ծննդյան օրը
ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը կարող է կապված լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանի 50-ամյակի օրը անվտանգության միջոցառումների ոչ պատշաճ կազմակերպման հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Հունիսի 1-ին, երբ Փաշինյանը հոբելյանը նշում էր Սևանի կառավարական ամառանոցում, մայրուղու երթևեկությունը փակ էր։ Պարբերականի տեղեկություններով՝ ճանապարհը ժամանակից շուտ էր փակվել և խցանման մեջ հայտնված դժգոհ վարորդները վարչապետի ավտոշարասյունը դիմավորել էին երկար ազդանշաններով։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը ևս մասնակցում էր Փաշինյանի ծննդյան խնջույքին, սակայն առաջիններից մեկն է հեռացել։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ Փաշինյանը նրան առաջարկել էր հրաժարական տալ։
Թերթը գրում է նաև, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր փորձել է Հովհաննիսյանին պաշտոնանկ անել, սակայն նա շարունակել է պաշտոնում մնալ վարչապետի անձնական աջակցության շնորհիվ: «Հրապարակը» հիշեցնում է, որ հենց Հովհաննիսյանի օրոք ոստիկանությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ ուժ կիրառեց զոհված զինվորների մայրերի նկատմամբ, երբ նրանք փորձում էին արգելել Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարաբերությունները միշտ են լարված եղել, վերջին լուրջ բախումը եղել է օրեր առաջ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցից հետո։
Այդ օրերին մի խումբ քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ փորձել էին բողոքի ակցիա անցկացնել արտաքին գործերի նախարարության շենքի առջև։ Ըստ իրավապաշտպանների և դիտորդների՝ ոստիկանության արձագանքը եղել է անհամաչափ, ուղեկցված ուժի կիրառմամբ։
Թերթի տեղեկություններով՝ այդ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննարկումը Արփինե Սարգսյանի և Արամ Հովհաննիսյանի միջև վերածվել է լարված վիճաբանության, որի ընթացքում փոխադարձ վիրավորանքներ են հնչել։
Ինչ վերաբերում է նոր ոստիկանապետ Արամ Ղազարյանին, ըստ «Ժողովուրդ»–ի` նա վարչապետի վստահությունը վայելող պաշտոնյա է և ի տարբերություն Հովհաննիսյանի՝ վարչապետի հետ ուղիղ կապի հնարավորություն ունի։
Հրաժարականի հնարավոր այլ պատճառների թվում նշվում է Հովհաննիսյանի որդու՝ մասնագիտական կրթություն չունեցող Կառլենին (նա տնտեսագետ է) Մասիսի ՄՌՈւ-ի պետի պաշտոնում նշանակելը։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե նա գումարի դիմաց վարորդական վկայականներ է տալիս, և քրեական վարույթ է նախաձեռնվել:
Sputnik Արմենիա