Պապոյան․ Կոնյակով բեռնված 52 հայկական մեքենա 14 օր կանգառից հետո Վրաստանից շարժվել է ՌԴ

Կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ես երեկ խոսեցի Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ, նա ինձ խոստացավ, որ 33 մեքենա կթողնեն, բայց հետո ինձ տեղեկացրեցին, որ Վրաստանը դրական վիզայով դեկլարացիա է տվել է 52 մեքենայի համար»,- ասաց նախարարը։

Պապոյանի խոսքով` այս պահին Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է պատրաստ ճանապարհ ընկնելու։

«Կա կոնկրետ պայմանավորվածություն ու կոնկրետ մեխանիզմ, որոնք դեռևս քննարկման մեջ են։ ՀՀ կառավարության միջամտության հետաևանքով կարող ենք արձանագրել, որ բազմաթիվ արտահանողների ապրանք այսօր կհասնի ՌԴ, ինչը կարևոր ու կենսական նշանակություն ուներ նրանց համար»,- ասաց նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին կայցելի Հայաստան, և այցի ընթացքում կքննարկվի նաև Վրաստանում մնացած հայկական բեռնատարների խնդիրը։ Պապոյանն ասաց, որ նախարարի այցը չի հետաձգվել։ Վաղը հանդիպումը տեղի կունենա, ու խնդիրը կլուծվի վերջնականապես։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։

Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նախկինում խոստացել էր խնդրի լուծման նպատակով մեկնել Վրաստան, լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումներն էլ երկու կողմերի միջև շարունակվում են օնլայն ձևաչափով։

Sputnik Արմենիա