Այդպես էր Սաակաշվիլիի օրոք. վրացի փորձագետը՝ ՀԱԵ-ի շուրջ տեղի ունեցողի մասին

Հայաստանում եկեղեցին քաղաքական գործիչների ճնշման տակ է հայտնվում այնպես, ինչպես Վրաստանում էր Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում։ Այս մասին Sputnik Գրուզիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն՝ անդրադառնալով վերջին տասն օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։

Սիխարուլիձեի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցողն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պատճառներ: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ցածր վարկանիշ ունի, փորձում է ստվերել հազարամյակներ շարունակ ձևավորված հեղինակավոր ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին:

«Ընտրությունների և ֆրուստրացիայի ֆոնին Փաշինյանը «մեղքի արտաքին աղբյուր» է փնտրում և եկեղեցին օգտագործում է որպես հարմար թիրախ, փորձում է բոլոր խնդիրներն ու վրիպումները դնել ՀԱԵ-ի վրա», - ասաց Սիխարուլիձեն:

Միևնույն ժամանակ, նա եկեղեցու հետ կապված այս ամբողջ պատմությունը դիտարկեց ավելի գլոբալ համատեքստում, այն է՝ քաղաքակրթությունների դիմակայության և բախումների մեջ՝ արևմտյան և նրանց, ովքեր դրա մաս չեն կազմում: Սիխարուլիձեն կարծիք հայտնեց, որ այս ամենի հետևում թաքնված է գլոբալ գաղափարախոսությունը։

Փորձագետը չբացառեց Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում ընդհանրական հայացքներ և մոտեցումներ ունեցող լիբերալների միջև փոխկապակցվածության առկայությունը:

Այսպես, ըստ նրա՝ դեռևս Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք փորձ է արվել վերահսկողության տակ վերցնել եկեղեցին։ Նա փորձեց պայմանավորվել հասարակական մեծ կշիռ ունեցող ինստիտուտի հետ՝ համոզելու եկեղեցուն աջակցելու, իր կարծիքով, կարևոր բարեփոխումներին: Սակայն վրացական եկեղեցին լավ էր հասկանում, որ այդ բարեփոխումներին աջակցելը հավասարազոր է իրեն հետին պլան մղելուն։

«Սաակաշվիլին որոշեց, որ եթե հնարավոր չէ պայմանավորվել եկեղեցու հետ, ապա ցանկալի է վերահսկել այն», - ասաց Սիխարուլիձեն:

Հիմա արվում է հերթական փորձը. այսպես, օրերս Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եկեղեցուն մեղադրեց հակաժողովրդավարական տրամադրությունների և կառավարությանն օժանդակելու մեջ:

Մոլդովայում գործընթացները հիմնականում կրկնվում են վրացական սցենարով, բայց որոշակի հապաղմամբ։ Կիևում իրագործվում է առավել արմատական տարբերակ։ Սիխարուլիձեն կարծում է, որ Ուկրաինայում հոգևոր ավանդույթները ապամոնտաժված են, նախկին հոգևոր-բարոյական ուղենիշներից զուրկ նոր մտածելակերպ է ձևավորվել: Այդ կապակցությամբ նա նշեց Սուրբ Ծննդյան օրը դեկտեմբերի 25 տեղափոխելու մասին։

Ավելի վաղ սերբ հրապարակախոս Վլադիմիր Դիմիտրիևիչը Sputnik Serbia-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ներկայում արևելյան եկեղեցիները գտնվում են գլոբալիստական կարգի թիրախի տակ: Նրա կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հարված են ոչ միայն հայ եկեղեցու առաջնորդի, այլև ողջ հայ ժողովրդի և նրա ինքնության դեմ: Նա մատնանշեց ուկրաինական եկեղեցական պառակտումը, որի հետևում, ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո, կանգնած է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը։ Ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ ճնշում կա նաև Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում:

Փորձագետը նաև մատնանշեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ներքին պատճառները։ Մասնավորապես, նրա խոսքով, դա կապված է վերջին տարիներին Փաշինյանի քաղաքական անհաջողությունների և Արցախի կորստի հետ։ Նրա կարծիքով, Հայաստանի վարչապետի համար ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանքը հանրության ուշադրությունը շեղելու փորձ է։

Sputnik Արմենիա