ՇՏԱՊ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2018-ի «սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշե հեղափոխության» հետևանքն է լինելու սկզբում պատերազմը, հետո ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ տարածքում, ապա Արցախի էթնիկ զտումը: Եվ որպես բալեհատիկ գործող իշխանության օրոք ազգային կորուստների տորթի վրա՝ շարունակական հարձակումները Եկեղեցու վրա, հայ հոգևորականների՝ երկու եպիսկոպոսների և երկու սարկավագների կալանավորումը։

Ինչ-որ դավադրության պատրվակով, որի գոյության օգտին փաստարկ է ծառայում հայտնի չէ, թե որտեղ, ում կողմից և երբ գրված հեղաշրջման «ծրագիրը», որը, ըստ այդ թղթի կտորի, ենթադրվում էր իրականացնել մեկ տարի առաջ... Գումարած պատառիկներն ինչ-որ խոսակցություններից... Իշխանությունից հիասթափված մարդկանց այդօրինակ խոսակցությունները Հայաստանում ամեն օր հարյուրավոր են, եթե ոչ հազարավոր։

Այո, երևի ուսապարկերի համար պատկերացնելը դժվար է, բայց ի տարբերություն նրանց, շատ-շատերը որպես անձնական ողբերգություն են ընկալում 44-օրյա պատերազմն իր կորուստներով, Արցախի կորուստը, և երբեք չեն ների դա գործող իշխանություններին: Դրա համար էլ ասում ենք, որ ինչքան ավելի շուտ այս իշխանությունները հեռանան քաղաքական ասպարեզից, այնքան լավ բոլորի համար։ Դա է թելադրում ոչ միայն քաղաքական, այլև սովորական տրամաբանությունը։

Եթե «դավադրությունը» իրական ուրվագծեր ունենար, ապա հատուկ ծառայությունները կփորձեին ավելի ծանրակշիռ ապացույցներ գտնել, քան այն, ինչն այսօր ներկայացվում է հանրությանը։ Բայց վարչապետը շտապեցնում էր, քանի որ Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքն այն աստիճան անհեթեթ էր, որ պետք էր ինչ-որ կերպ արդարացնել նրա կալանավորումը։ Շտապ անհրաժեշտ էր «դավադրություն», որում կարելի էր ներառել նաև ռուսաստանցի գործարարին։

Մի՞թե Արմեն Աբազյանը հրաժարական տվեց ոչ այն պատճառով, որ հասկանում էր. առկա նյութը բավարար չէ որևէ հիմնավոր մեղադրանք ներկայացնելու համար: Բայց Փաշինյանին չէին հետաքրքրում իրավական տեսանկյունները, նրա համար կարևոր էր անհապաղ «բացահայտել դավադրությունը»։ Դե, իսկ եթե կա «դավադրություն», ապա բացի «հովանավորից»՝ հանձին Կարապետյանի, պետք էր նաև «չարանենգ հրահրիչ», և Միքայել արքեպիսկոպոսը բանտախցում միացավ Բագրատ արքեպիսկոպոսին։

Ոմանք տարակուսում են, որ նրանց պահում են նույն խցում։ Իբր, մեղադրանքի շահերի տեսանկյունից նրանց պետք է իրարից առանձին պահել, որպեսզի չկարողանան պայմանավորվել։ Բանն այն է, որ մեղադրողն էլ գիտի. գործը փուչ է, մինչև դատավճիռ չի ձգի։ Արքեպիսկոպոսների համար գլխավորը առողջությունը պահպանելն է, նրանք ազատ կարձակվեն ամենաուշը 2026 թվականի ընտրություններից հետո, իսկ հնարավոր է՝ արդեն այս տարվա աշնանը։

Ի դեպ, իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում Միքայել արքեպիսկոպոսին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարը առողջ միտք է, հնարավոր է, որ խորհրդարանական ընդդիմությունը դեռ վերադառնա դրան։ Փաստաբանների փաստարկները, թե նման քայլը կարող է վնասել արքեպիսկոպոսին, միամտություն են։ Կալանքի տակ նրա մնալը կախված է ոչ թե օրենքների մեկնաբանությունից, այլ նրանից, թե որքան ժամանակ իշխանության ղեկին կմնա ներկայիս թիմը։

Գործող վարչապետին իմպիչմենտ հայտարարելու ընթացակարգի շրջանակներում Միքայել արքեպիսկոպոսին վարչապետի թեկնածու առաջադրելը լուրջ հարված կլիներ վերջինիս դիրքերին։ Նման քայլը կարող էր արագացնել Փաշինյանի հրաժարականի գործընթացը. Միքայել սրբազանը կարող էր փայլուն օգտագործել վարչապետի թեկնածուին տրամադրվող խորհրդարանական ամբիոնը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հասարակությանը համախմբելու համար։ Չենք խոսում արդեն Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հալածանքների դադարեցման մասին։

Հասկանալի է, որ փաստաբանները արքեպիսկոպոսի դեմ գործը քննում են իրավական տեսանկյունից. դա իրենց փեշակն է: Բայց այստեղ չկա իրավական բաղադրիչ. միայն քաղաքական։ Եվ ստոր իշխանության կամայականությունների ու բռիության դեմ կարելի է պայքարել միմիայն քաղաքական մեթոդներով։