Պուտինի և Թրամփի զրույցը տևել է գրեթե մեկ ժամ. ի՞նչ են քննարկել ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ մեկ ժամ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Քիչ առաջ ավարտվեց Պուտինի և Թրամփի՝ գրեթե մեկ ժամ տևած հերթական հեռախոսազրույցը», - ասել է նա:

Ուշակովը հայտնել է, որ Պուտինը և Թրամփը հանգամանալից քննարկել են Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը: ՌԴ նախագահն ընդգծել է հակամարտությունը ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու դիրքորոշումը։

2 երկրների առաջնորդներն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին. ՌԴ նախագահն ընդգծել է Կիևի հետ բանակցելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հետ չի կանգնի հատուկ ռազմական գործողության նպատակներից, որոնք ուկրաինական առճակատման պատճառներն են։ Յուրի Ուշակովի խոսքով՝ Ստամբուլում բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլի կոնկրետ ժամկետներ չեն քննարկվել:

«Զրույցն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում և եղել է անկեղծ, գործնական և կոնկրետ», - հավելել է Ուշակովը:

Նախագահների հանդիպման հնարավորությունը, Ուշակովի խոսքով, չի քննարկվել, սակայն «այդ գաղափարը կախված է օդում»:

Նախագահները քննարկել են էներգետիկայի և տիեզերքի հետազոտման ոլորտում համատեղ մի շարք հեռանկարային տնտեսական նախագծեր:

Պուտինը նաև շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության մոտալուտ օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ամերիկյան պետականության կայացման գործում Ռուսաստանը ևս ունեցել է դերակատարում:

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները. անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օրվա ընթացքում ցանկացած պահի վերցնել հեռախոսը և զանգել միմյանց:

Հավելենք, որ Պուտինի և Թրամփի նախորդ հեռախոսազրույցը եղել է հունիսի 14–ին։

Sputnik Արմենիա