ՌԴ ԱԳՆ․ Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկայունանան:

«Հարգելի պարոն պետական քարտուղար, խնդրում եմ իմ անկեղծ շնորհավորանքները փոխանցել ամերիկյան ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ռուսաստանն աջակցում է ԱՄՆ-ի միասնականության ձգտմանը և ավանդական արժեքների պահպանմանը, որոնք հայտնի են որպես ամերիկյան երազանք»,-ասված է շնորհավորանքի ուղերձում, որը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում:

Լավրովը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կզարգանան փոխադարձ հարգանքի և ազգային շահերը հաշվի առնելու ոգով, ձեռք կբերեն կայունություն և կանխատեսելիություն:

«Օգտվելով առիթից՝ ամերիկյան ժողովրդին մաղթում եմ ընթանալ խաղաղության և ընդհանուր բարգավաճման ճանապարհով, որպեսզի Անկախության հռչակագրի պատգամները՝ կյանքի իրավունքը, ազատությունը և երջանկության ձգտումը, մնան անսասան», - հավելել է նախարարը:

ԱՄՆ Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին և համարվում է երկրի գլխավոր ազգային տոնը: Այն խորհրդանշում է 1776 թվականին Անկախության հռչակագրի ընդունումը, որով հյուսիսամերիկյան 13 գաղութներ պաշտոնապես հայտարարեցին Մեծ Բրիտանիայի ենթակայության տակից դուրս գալու մասին։

Նշենք, որ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո երկկողմ շփումները զգալիորեն կրճատվել են, իսկ համագործակցությունը նվազագույնի է հասցվել։ Չնայած դրան, կողմերը շարունակում են դիվանագիտական փոխգործակցությունը, այդ թվում՝ պետական տոների կապակցությամբ պաշտոնական ուղերձների փոխանակման ձևաչափով:

Sputnik Արմենիա