ՀՆՉԵՂ ՎԵՐՆԱԳՐՈՎ ՆԱԽԱԳԻԾ ԿԲԵՐԵՆ, ՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՂԵՆ. ԱՆԱՆՅԱՆԸ` ՀԷՑ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Բուռն քննարկումների արդյունքում խորհրդարանում ընդունված ՀԷՑ–ին վերաբերող նախագծերի փաթեթը իշխանություններին հնարավորություն է տալիս 3-4 ամսվա ընթացքում հասնել ընկերության բաժնետոմսերի օտարմանը կամ, ինչպես իշխանությունն է բնորոշում, «պետականացմանը»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ-ի նախկին նախագահ Դավիթ Անանյանը` մեկնաբանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի` նախօրեին արած հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, քննարկումների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին` Ալեքսանյանը կարծիք էր հայտնել, թե նախագիծը միայն ՀԷՑ–ի կառավարման փոփոխության հարց է լուծում, իսկ պետականացնելն իրականացվելու է իրավական նոր նախաձեռնությամբ։
Դավիթ Անանյանի գնահատմամբ` իշխանական ուժի ներկայացուցչի այս հայտարարությունն ավելի շատ մարտավարական նշանակություն ունի, իսկ հնարավոր նոր նախագիծը` հանրության ուշադրությունը շեղելու։
«Օրինակ` կարող են բերել հնչեղ վերնագրով` պետականացման, ազգայնացման ինչ–որ նախագիծ։ Այդ նախագիծը կդառնա բուռն հանրային քննարկման առարկա, որից հետո նախագիծը կարող են չընդունել կամ հետ կանչել։ Հնարավոր է, որ այդ բուռն քննարկումները նաև որոշակի գործընթացներից հանրային ուշադրությունը շեղելու մտադրություն են հետապնդում»,– ասաց Անանյանը` հավելելով, որ նոր նախագծի կարիք ընդհանրապես չկա, քանի որ Էներգետիկայի մասին և Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում կատարված փոփոխությունները լիովին բավարար են ՀԷՑ–ի բաժնետոմսերը ներկայիս սեփականատիրոջ ձեռքից վերցնելու` իշխանությունների ծրագիրը ավարտին հասցնելու համար։
«Հստակ մեխանիզմը շարադրված է, թե ինչպես է կառավարությունը օրենքով միջամտում ՀԷՑ–ի գործադիր մարմնի գործունեությանը, փոխում գործադիր մարմնին, նշանակում կառավարիչ, լիազորություններով օժտում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ապա ՏԿԵ նախարարության, ՀԾԿ հանձնաժողովի և ՀԷՑ–ի գործադիր մարմնի միահամուռ և համաձայնեցված գործողությունների արդյունքում սկսվում է լիցենզիայից զրկելու գործընթաց, որի արդյունքում կառավարությունը օրենքի ուժով սեփականատիրոջն առաջարկում է ՀԷՑ–ի բաժնետոմսերն օտարել իրեն։ Իսկ եթե 3 ամսվա ընթացքում չի օտարում, գործում է Սահմանադրության 60-րդ հոդվածը, որի ուժով սեփականության իրավունքը օտարվում է պետությանը` գերակա շահի անվան տակ»,– ասում է Անանյանը` ներկայացնելով փոփոխված օրենքներով ընձեռված քայլերի հաջորդականությունը։
Վերլուծելով օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը` ՊԵԿ նախկին նախագահը ուրվագծում է իշխանությունների հնարավոր քայլերը։
«Առաջին փուլում ՏԿԵՆ–ի կողմից ՀԾԿՀ–ին են ներկայացվելու ՀԷՑ–ի կողմից առերևույթ խախտումների մասին հայտարարություն։ Հանձնաժողովը դրանց հիման վրա վարույթ է հարուցելու, 5-օրյա ժամկետում կիրառելու է կանխարգելիչ միջոցառումների համալիր, որի մեջ լինելու է առնվազն 2-3 որոշում. մեկով նշանակելու է ժամանակավոր կառավարիչ, մեկով կատարելու է կառավարող խորհրդի անդամների փոփոխություն, և կանոնադրության մեջ որոշ փոփոխություններ է իրականացնելու»,– նշում է Դավիթ Անանյանը։
Բացի այդ, կառավարության հեղինակած օրենսդրական փոփոխություններով ամրագրվել է, որ, եթե ՀԷՑ–ը հրաժարվի իր լիցենզիայից, ապա կարող է բնականոն գործունեություն իրականացնել մինչև նոր լիցենզիայի տրամադրումը։
Օրենքի այս կարգավորումը մեկնաբանելով` մեր զրուցակիցը չի բացառում, որ իշխանությունների միջամտության արդյունքում ՀԷՑ–ում նշանակված նոր կառավարիչը կամովին հրաժարվի լիցենզիայից։ Այս դեպքում, դարձյալ օրենքի նոր փոփոխություններով սահմանվել է, որ ՀԷՑ–ի բաժնեմասերի վաճառքի դեպքում կառավարությունը պետք է դրանք գնելու առաջնահերթություն ունենա։
«Եթե 3 ամսվա ժամկետում այդ իրավունքը չի իրացվում, բաժնետերը կամովին այդ գործարքին չի գնում, ապա կառավարությունը Սահմանադրության 60-րդ հոդվածի ուժով իրականացնում են ռեկվիզիցիա, բայց շուկայական արժեքը վճարելով։ Սրանից ավելի էլ ի՞նչ օրենք է պետք»,– հռետորական հարցադրում է անում Դավիթ Անանյանը։