Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է պարզաբանել Ադրբեջանում ռուսաց լեզվի վիճակը
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պատվերով Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը արտերկրում, մասնավորապես՝ Ադրբեջանում, ռուսաց լեզվի տարածման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություն կանցկացնի։ Դրա մասին հաղորդում է «Ведомости»-ն։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վատթարացող հարաբերությունները որևէ ազդեցություն ունեցե՞լ են այնտեղ հետազոտություններ անցկացնելու ծրագրերի վրա հարցին ի պատասխան, Կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեդորովը նշել է. «Սրացումները գալիս և գնում են... Հետազոտությունն ինքնին դեռ չի սկսվել, մենք նոր ենք հաղթել մրցույթը, դեռ բանակցում ենք պայմանագրի շուրջ», - պարզաբանել է նա։
Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման կապակցությամբ, հուլիսի սկզբին սոցիալական ցանցերում հրապարակվել է տեղեկություն Ադրբեջանի կառավարության անունից «պաշտոնական ծանուցման» տարածման մասին, որում նշվում էր հանրապետության ուսումնական հաստատություններում ռուսերենով ուսուցման դադարեցման մասին։ Սակայն հուլիսի 2-ին Հանրապետության գիտության և կրթության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է այդ տեղեկությունը։
News.am