ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՏ ՎԱՏ ՁԵՎՈՎ ՎԱՐՎԵՑԻՆ, ԳՈՌՈՒՄ ԷԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՎՐԱ
Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը:
Step1.am-ը այս հարցով զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մամլո հաղորդակցության պատախանատու Արամ Կևորկյանի հետ։
«Այս բանաձերը երկար ամիսների պատրաստվել է, նախապատրաստական աշխատանք էր կատարվել տարվա սկզբից։ Ապրիլին Բելգիայի խորհրդանի արտաքին հարցերի հանձնաժողովը լսումներ էր անցկացրել, որին մասնակցել էին նաև Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ֆրանսիայում Արցախի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Պարոն Կարապետյանն իրավիճակը երկար ներկայացրեց ներկայացուցիչներին և նրանց հարցերին պատասխանեց։ Շատ բուռն հարցուպատասխան տեղի ունեցավ, և պարոն Կարապետյանը կարողացավ մանրամասն ներկայացնել իրավիճակը։ Դրա հիման վրա կետեր ավելացվեցին այս բանաձևի մեջ։ Օրինակ՝ ավելացված կարևոր կետերից մեկը արցախահայության վերադարձի իրավունքի մասին կետն է»,- ասաց նա։
Կևորկյանը նշեց, որ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, նրանց հիմնարար իրավունքների և արդարադատության հասանելիության հարցը ևս առանցքային քննարկվող հարցերից մեկն է եղել։ Նա ասաց, որ շեշտել են՝ Ադրբեջանի գործիչների քայլերը պետք է դատապարտվեն։ Եվ Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների համար ևս դա կարևոր կետերից մեկն է։
«Բանաձևի լավ կետերից մեկն այն է, որ Հայաստանը չէ, որ չի ուզում խաղաղություն, այլ Ադրբեջանն է և Ալիևի քայլերն են։ Այսօր մեզ համար կարևոր է, որ իրենք հասկանան՝ խաղաղությունը խախտվում է Ալիևի քայլերի պատճառով»,- նշեց նա։
Արամ Կևորկյանը, անդրադառնալով արցախցիների վերադարձի վերաբերյալ կետին և հարցին, թե ի՞նչ է շեշատադրվում, ինչպե՞ս պետք է ապահովվի արցախցիների վերադարձը, ասաց․ «Բանաձևի մեջ նշված է, որ Ադրբեջանը պետք է արտոնի արցախահայության վերադառնալու իրավունքը։ Բայց միաժամանակ բանաձևը թելադրում է Բելգիայի կառավարությանը՝ մասնակցելու Ադրբեջանի վրա համաշխարհային ճնշում գործադրելուն։ Այս բանաձևը կառավարության համար ուղեցույց է, թե իրենց արտաքին գործունեությունը Հայաստանի և արցախահայության հանդեպ ինչպես պետք է լինի»։
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների՝ «արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։
Արամ Կևորկյանի խոսքով՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ապրիլի սկզբին տեղի ունեցած լսումներից մեկ շաբաթ անց՝ ապրիլի 8-ին լսումներ են անցկացվել նաև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հավասարության սկզբունքը պահպանելու համար։
«Ադրբեջանցիները շատ վատ ձևով վարվեցին, գոռում էին ներկայացուցիչների վրա և այլն։ Եվ քանի որ Գասպար Կարապետյանը մեկ շաբաթ առաջ նշել էր, որ այդ «արևմտյան Ադրբեջանը» վտանգ է Հայաստանի ինքնավարության համար, ներկայացուցիչները հարց ուղղեցին Ադրբեջանի դեսպան Սադիկովին։ Լսումների վիդեոն կա, Սադիկովը քարտեզի վրա Սյունիքի շրջանը ցույց տվեց, ասաց՝ երբ մենք ասում ենք «արևմտյան Ադրբեջան», սա է, Սյունիքը ցույց տվեց։ Դա շատ գեշ տպավորություն թողեց բելգիացիների վրա, որովհետև հասկացան, որ դա սպառնալիք է։ Եվ շատ խստորեն մի քանի կետով նշել են, որ Հայաստանի ինքնիշխանությունը և ինքնավարությունը պետք է պաշտպանվի, և Ադրբեջանը պետք է դադարեցնի այս ագրեսիվ ու ռազմական գործողությունները»,- մանրամասնեց նա։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հարցին, թե ինչ հետևանք կարող է ունենալ այս բանաձևն Ադրբեջանի համար։ Գործնականում այն կկիրառվի՞։ Նա ասաց, որ բանաձևի կետերից մեկն էլ այն է, որ Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները բարելավվեն ու ամրանան։ «Այս բանաձևն ուղեցույց է կառավարության համար, թե իրենց ապագա գործունեությունը Հայաստանի հետ ինչպես շարունակեն։ Բելգիայի բանաձևերն այդպես են, թե իրենք ինչ են թելադրում կառավարությանը, նաև Եվրոպական միության մակարդակով ինչ են թելադրում։ Եվ այդ բանաձևի մեջ նշված է, որ Բելգիայի ներկայացուցիչները, ինչպես որդեգրել է Եվրախորհրդարանը, Եվրոպական միության մեջ պետք է աշխատեն՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի մի քանի ղեկավարների վրա։ Օրինակ՝ այս մեկը ուղիղ որոշում է, որ խորհրդարանը պարտավորություն է դնում կառավարության վրա»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան, Step1.am