ՀՅԴ-ն պահանջում է Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել

Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և նրան պաշտոնազրկելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

Դաշնակցությունից նշել են, որ Փաշինյանի գործողություններով խոչընդոտվելու է Մայր աթոռի բնականոն գործունեությունը և նրա կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։

ՀՅԴ–ն կոչ է անում հանրությանը՝ չտրվե´լ Փաշինյանի հակասահմանադրական և հակաիրավական սադրանքներին, չմասնակցե´լ նրա կողմից Վեհարան արշավելու ծրագրին, չդառնա´լ քրեական օրենսգրքով պատժելի համարվող խուլիգանության, զանգվածային անկարգությունների և այլ ծանր հանցագործությունների մասնակից։

Կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազից և քննչական մարմիններից պահանջում է Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ և նրան ներգրավել որպես մեղադրյալ, իսկ ՀՀ ոստիկանությունից և ԱԱԾ–ից՝ կանխարգելել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականության մեղսակից։

«ՀՀ քրեական օրենսդրության համաձայն, քաղաքացիները, ովքեր հանդես են գալիս նախապատրաստվող կամ իրականացվող ծանր հանցագործությունները կանխարգելելու դիրքերից՝ գործում են ՀՀ օրենսդրության համաձայն։ Դիմում ենք հավատավոր մեր ժողովրդին` պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին հայտարարությունը, շեշտելով, որ դա բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։

Sputnik Արմենիա