ՆՈՒՅՆԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու Սյունիքով անցնող «միջանցքը»

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը սինքրոն են շատ հարցերում։ Այդ սինքրոնությունը նրանց թույլ է տվել միասին տարածաշրջան բերել եվրոպացի դիտորդների, հայերին Արցախից արտաքսել, որից հետո դուրս բերել ռուս խաղաղապահներին, որպեսզի չիրականացվի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը (չապաշարվեն տարածաշրջանային հաղորդակցությունները, իսկ Արցախի կարգավիճակի հարցը չթողնվի ապագա սերունդներին)։ Բայց կան հարցեր, որոնցում Ալիևը հրաժարվում է սինքրոն լինել Փաշինյանի հետ։ Ամեն դեպքում՝ գոնե հրապարակայնորեն։ Եվ դա հերթական անգամ դրսևորվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթի ժամանակ՝ հայկական օկուպացված Շուշիում։

Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքում չի լինի ոչ մի օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում (իսկ պաշտոնական Երևանը, դատելով արտասահմանյան լրատվամիջոցների որոշ հրապարակումներից, պնդում է, որ Հայաստանից դեպի Իրան Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղու անվտանգությունը պետք է ապահովի օտարերկրյա օպերատորը)։ Ալիևը նաև Հայաստանից պահանջեց անարգել մուտք դեպի Նախիջևան՝ հայտարարելով, որ ադրբեջանցի քաղաքացիները «չպետք է հայ սահմանապահների հետ առնչվեն իրենց անվտանգության սպառնալիքի պատճառով»։ Սա այն իրավիճակում, երբ Երևանն իր հերթին հայտարարում է, որ հաղորդակցությունները պետք է մնան իր իրավասության և ինքնիշխանության ներքո։

Ալիևի հայտարարություններն այնքան են հակասում Նիկոլ Փաշինյանի քարոզչական գծին, որ գործնականում անմիջապես դրանց պատասխանեց Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ով Ալիևի՝ ՀՀ տարածքով տարանցման մասին հայտարարությունը անվանեց «թաքնված տարածքային պահանջ»։

«ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»,- հայտարարեց Բաղդասարյանը։

Փաշինյանի մանիպուլյացիաներն, ամենայն հավանականությամբ, ձանձրացրել են նույնիսկ Ալիևին, ինչն էլ հանգեցրել է նման հայտարարությունների, որոնք ուղղակիորեն հակասում են Երևանում Ալիևի գործընկերոջ դիրքորոշմանը։ Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա տեղի ունեցող ամեն ինչի պատճառն այն է, որ հարավկովկասյան խճանկարից հանվել է ընդամենը մեկ տարր՝ հայկական Արցախը, ինչը հարվածել է ինչպես հենց Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի շահերին ու անվտանգությանը։

Արցախ չկա, Փաշինյանը համաձայնություն է տվել «աութսորսին» (այդ բառով որոշել են քողարկել «Զանգեզուրի միջանցքը» Սյունիքի տարածքով), հենց այդ պատճառով է Ալիևը սպառնում հայցերով ՌԴ-ի դեմ, Ուկրաինային առաջարկում է կռվել «մինչև վերջին ուկրաինացին», իսկ ադրբեջանական սփյուռքը Ռուսաստանում դարձել է ուկրաինական և բրիտանական հետախուզության հանցակիցը, որոնք ահաբեկչություններ են կազմակերպում Ռուսաստանի տարածքում։ Ահա թե ինչ էր նշանակում փոքրիկ հայկական Արցախը հսկայական Ռուսաստանի համար։ Ահա թե ինչ էր նշանակում փոքրիկ հայկական Արցախը հենց Հայաստանի պետականության պահպանման համար։ Տարածաշրջանային հավասարակշռության վերականգնումը, որը գոյություն ուներ մինչև 2020 թվականը, բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի շահերից։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News