Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՐԲԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

Հայ առաքելական եկեղեցին ամեն ինչ կանի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական հավաքին բախումներ չլինեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս պնդումն արեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմանը։

Դանիելյանի խոսքով` իրենք մարդկանց արդեն իսկ հորդորել են, որ սադրանքների չտրվեն և հնարավորինս սթափ գործեն, զգոն լինեն։

«Միաժամանակ նաև հասկանում ենք, որ կհրահրվեն արարքներ, և ամեն ինչ կանխատեսելի դարձնելն անհնարին կլինի։ Եթե նման բախում տեղի ունենա, դա խայտառակություն կլինի և՛ պետական իշխանության, և՛ եկեղեցու համար։ Այս ամբողջ էպոպեան հաղթողներ չի ունենալու»,– ընդգծեց նա։

Դանիելյանը նշեց, որ եկեղեցին իր դիրքորոշումը հայտնել է իշխանության քայլերի վերաբերյալ և փորձել է արհեստական օրակարգի մեջ չներքաշվել` հնարավորինս զուսպ և պատշաճ արձագանքելով. խնդիրն այս պարագայում ամեն ինչին հակադրվելը չէ, այլ բացասական զարգացումների կանխումը` իր անկանխատեսելի հետևանքներով։

«Կարևորն այն է, որ իշխանության հրահրած հակաեկեղեցական այս արշավին մարդիկ հակադարձում ու արձագանքում են բավականին սուր արտահայտություններով։ Սա նաև վկայում է այն մասին, որ անգամ հրապարակային միջոցառումները չեն կարող անվտանգ լինել, կարող են նույնիսկ հանգեցնել բախումների։ Յուրաքանչյուր ոք, ով նման միջոցառում է կազմակերպում, պետք է գիտակցի դրա հետևանքների մասին. եթե կան նման սուր տարաձայնություններ, դրանք կարող են ունենալ շատ կոնկրետ դրսևորումներ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կհաղթի սթափությունն ու զգոնությունը, և իշխանությունը կհասկանա, որ նման քայլերի գնալը լավագույն տարբերակը չէ»,– ընդգծեց նախկին նախարարը։

Նրա համոզմամբ` հակաեկեղեցական այս արշավը հենց այնպես չի սկսվել, այլ ունի շատ կոնկրետ պատճառահետևանքային կապ։ Դանիելյանը հիշեցրեց Շվեյցարիայում Ամենայն հայոց կաթողիկոսի ելույթը, որտեղ նա անդրադարձել էր Բաքվում պահվող հայ գերիների և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Այս ելույթին հաջորդեցին Ադրբեջանում Հայ եկեղեցու դեմ քարոզչությունը, իսկ օրեր անց Փաշինյանը քայլեր սկսեց այս ուղղությամբ ։

«Այստեղ խնդիրը ճշգրիտ բարձրացնելու մեջ է, և իրավասու կառույցներին հասցնելու մասին է խոսքը, իսկ կաթողիկոսն առաջին անգամ չէ, որ կարողացել է ապացուցել, որ իր հեղինակությամբ ու կապերով ինչ–որ չափով լուծում տվել է այդ խնդիրներին։ Ես վստահ եմ, որ կաթողիկոսը երբեք հրաժարական չի տա, ու կարծես թե իշխանություններն այս պահը լավ չեն գիտակցում»,– նշեց Դանիելյանը։

Ըստ նրա` իշխանությունը հարցը դնում է այնպես, թե իբր սա եկեղեցու դեմ ուղղված քայլ չէ, այլ կոնկրետ եկեղեցու վարքագիծն է քննարկման առարկա դարձրել, սակայն իրականությունն այլ է։

«Եթե ընդունենք, որ որևէ մեկը հանդես է գալիս որպես մասնավոր անձ, հավատացյալ և գտնում է, որ իրավունք ունի հարցերը բարձրացնել աշխարհիկ կանոնակարգով, ապա պետք է գիտակցի, որ այդ կանոնները չեն կարող գործել եկեղեցական ինքնակառավարման մարմինների գործունեության համատեքստում։ Այստեղ միայն ՀՀ Սահմանադրության խնդիրը չէ, այլև նաև եկեղեցու կանոնադրության հարցն է։ Մասնավոր անձն ընդամենը կարող է հարց բարձրացնել, իսկ գործողությունների դիմել ու հանդես գալ ժողովրդի անունից, դա խնդրահարույց է»,– ասաց Դանիելյանը։

Նա չբացառեց, որ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին կմիանան նաև բազմաթիվ աղանդավորներ, որոնց համար դա ինքնադրսևորման լավագույն հարթակներից մեկը կլինի։ Ըստ Դանիելյանի` կլինեն մարդիկ, որոնք ուղղակի իրենց սուբյեկտիվ կարգավիճակը պահպանելու համար կգնան` տարբեր շահագրգռվածություններից ելնելով։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամն ընդգծեց` եթե այս ամենն արվում է Ադրբեջանի բարեհաճությունը շահելու և խաղաղություն հաստատելու համատեքստում, ապա այսպիսի քայլերով բավականին բարձր և անդառնալի գին ենք վճարում դրա համար։

Sputnik Արմենիա