ՀԱՆՈՒՆ ԿԱՇԵՆԻ ՀԱՆՔԻ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՀԱՅԵՐԻՆ ՎՏԱՐԵՑԻՆ ԱՐՑԱԽԻՑ
Բրիտանական ընկերության և Կաշենի հանքավայրի միջև կանգնած էր Արցախն ու 120 հազար հայերը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2020 թվականի նոյեմբերի 5-ին Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մշտական պետություններից մեկը խորհրդի փակ նիստում ձախողել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման վերաբերյալ միասնական դիրքորոշման համաձայնեցումը։ Գրեթե անմիջապես ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Բրիտանիան էր արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը համաձայնեցվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։
Իսկ այժմ նայենք Լոնդոնի այս քաղաքական քայլին՝ այն տեղեկատվության համատեքստում, որ բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը պղնձի արդյունահանում է սկսել Արցախի Կաշենի հանքավայրում։ Հիշեցնենք, որ սա հենց այն հանքավայրն է, որը 2022 թվականի դեկտեմբերին «ադրբեջանցի բնապահպանները» պահանջում էին փակել, ինչով էլ սկսվեց Հայաստանի կողմից լքված ԼՂՀ-ի շրջափակումը։
2020 թվականի աշնան իրադարձությունները պետք է ազդանշան լինեին արցախյան ռազմաքաղաքական էլիտայի, Հայաստանի ռազմաքաղաքական էլիտայի համար, որ հակամարտության մեջ ներգրավված են շատ ավելի շահագրգիռ կողմեր, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սակայն դա տեղիչ ունեցավ, և այսօր, անգլիացիների կողմից Կաշենի շահագործման մեկնարկի մասին տեղեկությունների ֆոնին, պետք է արձանագրել, որ նրանց «Anglo Asian Mining»-ի և Կաշենի հանքավայրի միջև կանգնած էին Արցախը և Արցախի 120 հազար հայերը։ Պղնձին հասնելու համար անհրաժեշտ էր ճանապարհից հեռացնել այս երկու խոչընդոտները։ Պետք էր հեռացնել նաև ռուս խաղաղապահներին այս ճանապարհից։ Ինչն, ի դեպ, և արվեց։
Կաշեն հասնելուն՝ «հայերի և ռուս խաղաղապահների գլուխների վրայով», անգլիացիներին, օգնեց նաև «ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ», «ռուս ժողովրդի և ռուսական պետության փայլուն բարեկամ» Իլհամ Ալիևը։ Հենց այսպես են Ադրբեջանի նախագահին ներկայացնում ռուսական լրատվական և փորձագիտական ոլորտի որոշ ներկայացուցիչներ։ Ալիևին այդպես են տեսնում նաև Ռուսաստանի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ։ Կաշենի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ Ադրբեջանում հակառուսական «շաբաշի» հետ մեկտեղ, հնարավոր է, որոշ չափով փոխի ռուսական էլիտաների վերաբերմունքն Ալիևի հանդեպ։
Կաշենի իրավիճակն, իրականում, պետք է դաս լինի նաև իրանական էլիտաների համար։ Եթե Արցախում հանքավայրերին հասանելիություն ստանալու համար բրիտանացիներն՝ իրենց ադրբեջանցի պրոքսիի ձեռքերով, ոչնչացրեցին մի ամբողջ երկիր և տեղահանեցին 120 հազար մարդու, ինչո՞ւ Բրիտանիան չպիտի ցանկանա դա անել նաև Իրանի նկատմամբ։ Ընդ որում, դա անել նրանց ձեռքերով, ովքեր նրանց նվիրեցին Կաշենի և Արցախի մյուս հանքավայրերը։
Հիշեցնենք, որ XX-րդ դարի սկզբին ստեղծվել է Անգլո-պարսկական նավթային ընկերությունը (հետագայում դարձած British Petroleum)՝ Իրանում նավթային հանքավայրերի շահագործման համար։ Սա հանգեցրեց նրան, որ Մեծ Բրիտանիան վերահսկում էր իրանական նավթի զգալի մասը։ Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանն ազգայնացրեց իր նավթարդյունաբերությունը, Բրիտանիայում դեռևս շարունակում են «թարս նայել» իրանական հանքավայրերին։
Մտածե՛ք այդ մասին․․․»։