Սեյրան Օհանյանից ու Արծվիկ Մինասյանից բացի ևս 4 անձի է մեղադրանք առաջադրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի ու ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 7-ին Ազգային ժողովի որոշմամբ զրկվեցին անձեռնմխելիությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։ Վարույթը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։
Արծվիկ Մինասյանը մեղադրվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Բացի այդ, ըստ նյութերի՝ Սեյրան Օհանյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա․Գ․-ին (Աշոտ Գրիգորյան- խմբ.) և այլ անձանց, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել իր համար առանձնատան կառուցումը, իսկ դրա պահպանությունը 2011-2016թթ․ իրականացրել են ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, որոնց այդ տարիներին պետբյուջեի միջոցներից վճարվել է ավելի քան 13 միլիոն դրամ աշխատավարձ։
Այսպիսով, Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը)։
ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Ա․Գ․-ի նկատմամբ հանրային քրեական հեպանդում է հարուցվել 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), Լ․Բ․-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), Արծվիկ Մինասյանի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Բ․Ղ․-ի (Բենիամին Ղալեչյան, ըստ մեղադրանքի՝ վերջինս Օհանյանի վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին է- խմբ․) և Է.Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):
6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա