ՓԱՍՏԱԲԱՆ․ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ՝ ՈՉ ԹԵ ՈՉՆՉԱՑՐՎԵԼ Է, ԱՅԼ ՊԱՀՎՈՒՄ ԵՆ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե դա ոչ թե իր ավտոշարասյուն է եղել, այլ վարչապետի, և ինքը անգամ վկա չէ այս գործով, քանի որ մեքենայի մեջ նստած է եղել և ոչինչ չի տեսել։
«Ես նույնիսկ մտածում եմ, որ ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ կերպով։ Այդտեղ կա մի հանգամանք, որը շատ խնայողաբար թաքցվում է։ Օրինակ մենք կտեսնեինք ով հրահանգեց,։ Տեսեք պաշտպանն ակնարկում է, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի, այսինք մարդուն գուցե ասել են՝ արագացրու, սա է ամբողջ խնդիրը։ Երբ լսում ենք պաշտպանական եզրափակիչ ելույթները, տպավորությունն այն է, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմի մոտ։ Եթե այդպես է, ապա Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տա դրա մասին, թե արդյոք իրեն արագության վերաբերյալ ցուցում տրվել է, թե ոչ։ Երեկ վերջին խոսքում ինքը ակնարկեց, որ արագությունը իր լիազորությունը չի, բայց ինքը երբեք չի ընդունել, որ արագություն է գերազանցել։
Մեր ասելիքը հենց դա էր, որ շարասյան ղեկավար կազմի արարքի գնահատման իմաստով շատ կարևոր է ավտոմեքենաներում ռադիոկապի ձայնագրությունը։ Այդ ձայնագրությունով մենք կտեսնենք, թե յուրաքանչյուրը ինչպիսի հրահանգ է տվել, ինչ գործողություն է կատարել։ Այսօր դատախազությունը մեկնաբանում է, որ շարասյան ղեկավար կազմին հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել օրենքի անորոշության պատճառով, որովհետև անձնական պատասխանատվությունը, թեև կառավարության որոշմամբ դրված է նրանց վրա, բայց դրա իրագործման իրավական մեխանիզմները չկան։ Այսինքն օրենսդրական բաց է ստացվում։
Ընդ որում գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա կառավարության այդ որոշումը փոխվեց շատ արագ, հիմա արդեն վարորդների վրա են դրել պատասխանատվությունը, որպեսզի հետագայում, եթե նման դեպք լինի, ավտոշարասյան ղեկավար կազմը պատասխանատվություն չկրի։
Տուժող կողմը միշտ պնդել է, որ այդ ձայնագրությունները պետք է անպայման ներկայացվեն։ Ընդ որում, քննություն չի արվում այդ ձայնագրությունների շուրջ, համապատասխան սարքը քննիչը առգրավեց, բայց նորից փորձաքննություն չի նշանակել այդ սարքով, որպեսզի մենք տեսնենք, ի վերջո, ջնջվել է, թե չի ջնջվել, մեխանիկական ներգործություն կա, թե չկա։ Հիմա ոստիկանության պատասխանը հետևալն է, որ տեխնիկական խոտանի պատճառով իբրև թե ձայնագրություն չի իրականացվել։
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ձայնագրությունը ի հայտ գա, քանի ձայնագրությունը ի հայտ չի եկել, նրա յուրաքանչյուր խոսքը մենք արժանավորության տեսանկյունից կարող ենք կասկածի տակ դնել, նաև իր անձը հաշվի առնելով։ Ես ինքս չեմ հավատում իր խոսքին»,– ընդգծեց Րաֆֆի Ասլանյանը։
Նա նաև նշեց, որ տուժող կողմի կարծիքով առնվազն քրեական պատասխանատվության տիրույթ պետք է բերվեին նաև ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձինք, այսինքն կորտեժի ղեկավարը, պետական պահպանության ծառայության պետի տեղակալը և ավտոշարասյան ղեկավարը, այսինքն ճանապարհային ոստիկանության գումարտակի հրամանատարը։
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 30–ին, Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։
Իսկ վերջնական դատավճիռը կկայացվի օգոստոսի 13–ին, ժամը 12.00–ին։