Օկուպացված Արցախում մահացած Վերա Աղասյանի մարմնի ճակատագրից ԿԽՄԿ-ում անտեղյակ են
Միջազգային Կարմիր խաչի գրասենյակը դեռևս տեղեկատվություն չունի, թե ինչպես է լուծվել Արցախի տարածքում մահացած Վերա Աղասյանի մարմնի տեղափոխման հարցը։ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Փաստինֆո»-ին ասաց, որ փորձում են ճշտել իրավիճակը Ադրբեջանում դեռևս գործող Միջազգային Կարմիր խաչի գրասենյակից։ Այս պահին միայն ենթադրություն կարող է հնչեցնել, որ հարցը լուծվել է առանց Կարմիր խաչի մասնակցության՝ ինչ-որ այլ կերպ, սակայն ինչպես՝ գործընկերները դեռ փորձում են պարզել։
«Մեր գրասենյակի աշխատակիցների մուտքն այդ տարածք պարբերական է եղել, սակայն եթե գրասենյակը Բաքվում փակվի, դա լուրջ հարցականի տակ կդնի հետագա հնարավորությունները», – ասաց Ամատունին։
Ինչպես արդեն հայտնել ենք, 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ 2024 թ․ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների նախնական տվյալների՝ մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Ըստ նույն աղբյուրների՝ կինը վախճանվել է հոկտեմբերի 20-ին։
Նրա ազգականները պահանջում են աճյունը տեղափոխել ՀՀ՝ հուղարկավորության համար, սակայն առ այս պահը Վերա Աղասյանի մարմինը Հայաստանին չի փոխանցվել։