Արա Թորանյան. Անընդունելի է, որ Ֆրանսիան կարողանա զենք վաճառել Ադրբեջանին

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի խոսքով՝ ֆրանսահայ համայնքը ակնկալում է, որ Ֆրանսիան ավելի շատ տնտեսական ներդրումներ կատարի Հայաստանում այդ տեսակետից մեր հարաբերությունները թույլ են:

Tert.am-ի հետ զրույցում Թորանյանը նկատեց, որ այս հարցում նույն իրավիճակը չէ, ինչը որ Հայաստանի և Ռուսաստանի կամ Հայաստանի և Գերմանիայի դեպքում է:

«Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ցուցակում Ֆրանսիան հետևի շարքում է: Երբ հաշվի ենք առնում այն ներուժը, որ ունի Ֆրանսիայում հայ համայնքը, նկատում ենք, որ եղած տնտեսական կապերը տկար են»,- ասաց նա:

Արա Թորանյանի խոսքով՝ Ֆրանսիայում հայ համայնքը իսկապես քաղաքական մեծ ներկայություն է: «Մենք ապրիլի 24-ին ցույցեր ենք իրականացնում Ֆրանսիայում, և դա աջակցության է արժանանում Ֆրանսիայի իշխանությունների կողմից: Գիտեք, որ ապրիլի 24-ը հռչակվել է որպես Ֆրանսիայի Հանրապետության ազգային օր: Նախագահ Մակրոնը, ինչպես նաև իրեն նախորդող Ֆրանսուա Օլանդը, ներկա են լինում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կազմակերպած տարեկան ընթրիքին: Այդ առիթով մենք կարծիքներ ենք փոխանակում նրանց հետ և ասում ենք՝ ինչ ենք սպասում նրանցից»,- ասաց նա:

Արա Թորանյանն անդրադարձավ ֆրանսահայ համայնքի մտահոգությանն արժանացած ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանին զենքի վաճառքը իսկապես կասկածի տակ է դնում Ֆրանսիայի չեզոքությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

«Ֆրանսիան միակ համանախագահող երկիրը չէ, որ զենք է վաճառում Ադրբեջանին, Ռուսաստանն էլ է զենք վաճառում, բայց Ռուսաստանը Հայաստանին էլ է զենք վաճառում: Անընդունելի է, որ Ֆրանսիան կարողանա զենք վաճառել Ադրբեջանին: Այս հարցում մենք կոնֆլիկտ ունենք Ֆրանսիայի իշխանությունների հետ. Էմանուել Մակրոնը մեզ խոստացել է, որ Ադրբեջանին չեն վաճառի զենք, որը կօգտագործվի Արցախի դեմ, հայ սպանելու համար»,- ասաց նա:

Հիմա, ըստ նրա, իրենց գործն է, որ վստահ լինեն, որ այս խոստումը կհարգվի: «Տեղեկատվության բոլոր աղբյուրներն օգտագործում ենք, որ հետևենք գործընթացին, մանավանդ, որ այն ռազմական գաղտնիքի մաս է կազմում: Պետք է աշխատենք, որ Էմանուել Մակրոնի խոստումն իրական դառնա»,- ասաց Արա Թորանյանը՝ նշելով, որ իրենք պարզապես ապշած են այդ հնարավոր գործարքի պատճառով, չէր կարող այդպես լինել. «Ապշած ենք այս անբարոյական առևտրի պատճառով, որը Ֆրանսիայի չեզոքությունն է հարցականի տակ դնում»:

Միևնույն ժամանակ, Արա Թորանյանի կարծիքով, հարցը դեռ փակված չէ:

«Ես կարծում եմ և ուզում եմ մտածել, որ Էմանուել Մակրոնը շատ հայամետ է և մեծ համակրանք ունի մեր՝ հայ համայնքի նկատմամբ: Մտածում եմ, որ նա իսկապես դեմոկրատ նախագահ է: Մենք էլ ամեն ինչ կանենք, որ այս հարցի շուրջ քաղաքական երկխոսությունը նորից վերսկսենք բարեկամական և թափանցիկ մոտեցումներով՝ այն հույսով, որ ողջամիտ լուծման հասնենք՝ թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի համար, որը կհամապատասխանի նաև Ֆրանսիայի դերին որպես խաղաղության պաշտպան»,- ասաց նա: