ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾԵՆՔ ԼՎԱՑՔԱՏԱ՞Ն

«Իմ քայլը» խմբակցության հերթական պատգամավորը անսպասելիորեն լայն համբավ ձեռք բերեց երկրում և զանգվածային ժողովրդականություն՝ սոցցանցերում։ Բայց, ինչպեսև մինչ այդ իր գործընկերները, բնավ ոչ հրատապ օրենսդրական նախաձեռնությունների, հայրենիքի բարօրության համար արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի և քաղաքական գործչի ու ժողովրդի ընտրյալի համար օգտակար և ծայրաստիճան ցանկալի այլ հատկանիշների շնորհիվ։

Ո՛չ, Հռիփսիմե Գրիգորյանի անունը սոցցանցերից օգտվողները սկսեցին ամեն ձևով հոլովել այն բանից հետո, երբ նախկինում բացարձակ անհայտ պատգամավորը հանդես եկավ, ինչպե՞ս ավելի մեղմ արտահայտվենք, խենթացուցիչ-ինքնօրինակ նախաձեռնությամբ, կապված Վարդավառի տոնակատարության հետ։ Հռիփսիմեն առաջարկեց նշել այդ տոնը Ազգային ժողովի այգում։ Բայց դա դեռ դժբախտության կեսն է. գաղափարի գլխավոր զարդն այն է, որ նույն օրը՝ հուլիսի 28-ին ԱԺ բակում լվանալու են գորգերը։

Երևակայությունն արդեն պատկերում է պատգամավորների երջանիկ դեմքերը՝ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի գլխավորությամբ, շալվարի քշտած փողքերով և շվաբրերը ձեռքներին գորգերը եռանդագին պռտելիս, Մարշալ Բաղրամյանի պողոտա հոսող կեղտոտ օճառաջրի գետերը, չորացնելու համար խորհրդարանի դարպասներին ու ճաղերին գցած գորգերը, զբոսաշրջիկների զարմացած հայացքները և պատգամավորական ուրախ Վարդավառի այլ գունեղ պատկերներ։ Համաձայնեք, ընտրողների հետ ընտրյալների ավելի սերտ միաձուլում պարզապես դժվար է պատկերացնել, իսկ մարմնին կպչող թաց շապիկները, կիսավարտիքներն ու կիսաշապիկները լիարժեք կդարձնեն միաձուլման գործընթացը։ Սոցցանցերից օգտվողնրն արդեն առաջարկում են ժողովրդական-պատգամավորական եղբայրացման այլ տարբերակներ. կոլեկտիվ բուրդ չբխել վերմակ-դոշակների համար, բադրիջանի խավիարի և այլ պահածոների զանգվածային պաշար «զակատել» խորհրդարանի բուֆետի համար, ընտրողների հետ համատեղ պատրաստել ամառային խորոված, տոլմա, բոզբաշ և այլն։

Գլխավորը, որ այդ ամենը տեղի ունենա Ազգային ժողովի բակում։ Ինչո՞վ է թվարկված ամենն ավելի վատ, քան տրանսգենդերի ելույթը ԱԺ ամբիոնից։ Հակառակը, կարելի է ասել, որ այդ ամենը լիովին տեղավորվում է ավանդական և արդեն նույնիսկ նահապետական արժեքների ներկապնակում։ Կարծրատիպերը, որոնք բացի ամենայնից վերաբերում են նաև օրենսդիր իշխանությանը, սրընթաց ցաքուցրիվ են լինում, ուրեմն ինչո՞ւ խորհրդարանի տարածքն էլ չդարձնենք լվացքատուն՝ ի զարճանք ամենքի։

Եվ պետք չէ ասել, թե իբր՝ խորհրդարանի այսպիսի կազմը (այո, համամիտ եմ, նախորդները նույնպես ինտելեկտով չէին փայլում) արժանի է թերևս բառացիորեն բակի աղբանոցի։ Պետք չէ ծաղրել Հռիփսիմեին, որը վերջապես գտավ երկրով մեկ, իսկ գուցեև համաշխարհային մասշտաբով փառաբանվելու միջոց, քանի որ նման բան դժվար թե անցնի ցանկացած այլ խորհրդարանի պատգամավորի մտքով։ Պետք չէ նաև չարախնդալ ու սրամտություններ շռայլել, առաջարկելով զանգվածային այլ գործողություններ խորհրդարանի տարծքում. մեկ էլ տեսար նրա գործընկերները նախանձեցին և իրենք էլ մտադրվեցին նման մի բան նախաձեռնելՈ՜վ գիտե, թե ինչ է կատարվում սեփական կարգավիճակից, շոգից ու ապահովված պարապությունից գժված պատգամավորների ուղեղներում։

Մինչդեռ Հռիփսիմե Գրիգորյանի կենսագրությունն այդ աստիճան անհեթեթ ոչ մի բան չէր կանխագուշակում։ 31 տարեկանում, ինչպես հայտնում է ԱԺ կայքը, սույն անձնավորությունը հասցրել է դառնալ միջազգային հարաբերությունների գծով մասնագետ, ստանալ քաղաքագիտության մագիստրի կոչում և մասնակցել ամենատարբեր միջազգային ծրագրերի եվրոպական տարբեր երկրներում, ինչպես նաև աշխատել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Որտեղի՞ց, կասեք դուք, քաղաքագիտության մագիստրին այդ քարթու գավառականությունը։

Թեպետ, ենթադրենք, թե Հռիփսիմեն անկեղծորեն համարում է, որ Հայաստնի Հանրապետության Ազգային ժողովի բակում վիթխարի լվացք կազմակերպելը ամեն առումով զիլ գաղափար է։ Բայց ո՞ւր է նայում խորհրդարանի ղեկավարությունը, հենց նույն Միրզոյանը՝ Նազարյանի հետ միասին։ Դատելով նրանց լռությունից, «Լվացքատուն ԱԺ-ում» նախագծին բոլորը համամիտ են։ Ճիշտ է, խորհրդարանի նախագահի և նրա տեղակալի, ինչպեսև ԱԺ շարքային անդամների մասնակցության վերաբերյալ առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Գաղտնի է պահվում նաև այն նրբաբնույթ հարցը, թե կոնկրետ ում գորգերն են կեղտից մաքրելու ԱԺ-ի վեհաշուք շենքի առջև. մի՞թե պատգամավորները դրանք տնից են քարշ տալու։ Հայտնի չէ նաև, թե ով է լվացարարներին ապահովելու լվացքի փոշիով և այլ պարագաներով։ Ծայրահեղ դեպքում կարելի է ներգրավել Ալեքսանյանին և հետո պարգևատրել նրան «Խորհրդարանի ասպետ» պատվավոր մեդալով։

Հա, եվ էլի մի բան. պատվերներ ընդունո՞ւմ եք։ Թե չէ տանը մի գորգ ունեմ, փոքր-ինչ կեղտոտվել է, իսկ ձրի լվանալու այսպիսի հնարավորություն, այն էլ ՀՀ ԱԺ անդամների ձեռքերով, կյանքում այլևս չի լինի։

Իսկ եթե լուրջ, ապա արդեն չգիտես՝ լաս, թե՞ խնդաս։ Ծիծաղես նման անհեթեթություն առաջարկող պատգամավորների վրա. բայց ախր դրանք մեր օրենսդիրներն են, իշխանության ճյուղերից մեկի ներկայացուցիչները, ընդ որում՝ երկրի համար կարևորագույնիԾաղրես նույն այդ ճյուղի առանձին ներկայացուցիչների սակավամտությունը. բայց չէ՞ որ վաղը օրենքներ են ընդունելու և երկրի համար կարևոր որոշումների շուրջ քվեարկության կոճակներ են սեղմելու դարձյալ իրենք։ Հումորը, նույնիսկ ամենից սև, այստեղ իսկապես միախառնված է արցունքների հետ, քանզի բալագանի է վերածվում իշխանության և Հայաստանի բուն պետականության խորհրդանիշերից մեկը՝ Ազգային ժողովը։

Ուրեմն ասում եք՝ ո՞ւմ գորգերը և ովքե՞ր են լվանալու