ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ

Կարծում եք, ինչո՞ւ Փաշինյանն ակտիվորեն ձեռքը գցեց Սահմանադրական դատարանին։ Չկռահեցիք. բնավ ոչ այն պատճառով, որ բուռը հավաքի այդ ինստիտուտը, ոչ էլ, որ ՍԴ-ի միջոցով անցկացնի իրեն անհրաժեշտ որոշումները, իսկ անցանկալիները կասեցնի։ Այդ ամենը ճղճիմ է և մանր։ Իրականում կա սեփական կարգերը հաստատելու, ՍԴ դաշտում խաղի իր կանոնները մտցնելու փաշինյանական ցանկության շատ ավելի ծանրակշիռ պատճառ։

Բանն այն է, որ, ինչպես վերջերս հայտարարեց ինքը՝ Փաշինյանը, Սահմանադրական դատարանը գտնվում է «սեփականաշնորհված բուդկայի» կարգավիճակում։ Իսկ այդպիսի «բուդկաները», և ընդհանրապես «բուդկաները», նոր, ծաղկուն Հայաստան կառուցելու բանաձևի առանցքային երեք տարրերից մեկն են։ Տարրեր, որոնցից պետք է ազատվել։

Տարեսկզբին Փաշինյանը հայտարարեց, որ կազմել է երկրի հաջողության սեփական բանաձևը։ «Ես իմ մեջ բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, և երրորդը ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,-հայտարարեց Փաշինյանը հունվարին։

Եվ ահա անցել են ամիսներ, իսկ «երկրի իրավիճակը լիարժեք փոխելու» փաշինյանական մոդելը որևէ շոշափելի պտուղներ չի տալիս։ Վարչապետի կողմից, ըստ էության, երկրի զարգացման հիմնական արգելակներ հռչակված երեք բաներից ոչ միայն պարզապես չի ստացվում ազատվել. այդ երեքը նույնիսկ ագրեսիվ կերպով գրոհում են։

ԱՂԲԸ։ Երևանի օրինակով տպավորություն է ստեղծվում, որ մայրաքաղաքային վարչակազմը, ըստ երևույթին, գործածում է այլընտրանքային բանաձև՝ այլընտրանքային գերակայություններով։ Կամ էլ ջանում է հերքել վարչապետի բանաձևը։ Դատեք ինքներդ, աղբը գնալով ավելանում է, Երևանում այն բառացիորեն ամենուր է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները կանոնավորապես պարգևավճարներ են ստանում, իրենց վրա զգալով «երկրի լիարժեք փոխված իրավիճակը»։ Իրավացի չէ Փաշինյանը, համարելով, թե դրական փոփոխությունների համար պետք է ազատվել աղբից։

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԱՐԿԱՍՆԵՐԸ։ Այստեղ նույնպես Փաշինյանի բանաձևը հեռու է գործնական կիրառումից։ Ռեկորդային տեմպերով ընթանում է ավտոմեքենաների ներկրում Հայաստան։ Անցած տարի երկիր է ներկրվել մոտ 67 հազար ավտոմեքենա, իսկ ընթացիկ տարվա 7 ամիսներին՝ արդեն 70 հազար։ Կարելի է չկասկածել, որ տարվա արդյունքներով մեքենաների ներկրումը կգերազանցի 100 հազարի նիշը։ Ընդ որում հայտնի է, որ շատ հաճախ երկիր է ներկրվում էժանագին «ավտոհնոտի», համալրելով որտեղ ասես նետված հենց այդ «մեքենաների կարկասների» բազմությունը։ Իշխանությունը, իհարկե, տեսնում է խնդիրը, բայց լուծումներ չի գտնում։ Իրավիճակը բացարձակ անվերահսկելի է և բոլորովին ի կարգավորվում իշխանության կողմից։ Այնպես որ Փաշինյանի բանաձևի կիրառական նշանակությունը մեքենաների կարկասների առումով էլ չի գործում։

ԲՈՒԴԿԱՆԵՐԸ։ Այստեղ, ճիշտն ասենք, առայժմ ոչ մի, համենայն դեպս վառ իրադարձություն տեղի չի ունենում։ Բուդկաների թիվը չի ավելանում, բայց ինչ-որ նկատելի չէ նաև դրանցից ազատվելու գործընթացը։ Այլ հարց է, որ կարելի է գնալ ոչ այնքան ծեծված ճանապարհով։ Ազատվել ոչ թե բուդկաներից, այլ «բուդկա» անվանել այն, ինչից ուզում ես ազատվել։ Դատելով ամենից, Փաշինյանը հենց այդպես է սրբագրել սեփական բանաձևը և հենց այդ պատճառով ՍԴ-ն անվանեց «բուդկա»։

Վաղը նույն տրամաբանությամբ և նույն սրբագրված բանաձևի շրջանակներում նա կարող է աղբ անվանել ընդդիմադիր մամուլը, իսկ վաղը չէ մյուս օրը հին մեքենաների կարկասներ կանվանի իր քաղաքական ընդդիմախոսներին։ Միայն թե ակներև է, որ երկրում դրական փոփոխությունների ճանապարհին երևութական խոչընդոտներից ազատվելու ընթացքում ստեղծվում են շատ ավելի մեծաթիվ իրական խոչընդոտներ։ Սա նույնպես բանաձև է, որի առկայության մասին պիտի որ իմանա կառավարության ղեկավարը։

Основная тема:
Теги: