ԳԼՈԲԱԼ ԲԵԿՄԱՆ ԱՄԱՌԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Աբսուրդի բարձրակետը

Մտածող քաղաքական գործիչները կրկնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ «աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»։ Շատերը հուսով են, որ երրորդ նախագահը՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կխոսի, ինչպես խոստացել է, «շոգերն անցնեն, հետո», իսկ մենք ցանկանում ենք հիշեցնել ամռան առանցքային իրադարձությունները, որոնք բեկումնային դեր խաղացին ներքաղաքական իրադարձությունների զարգացման մեջ։ Ճտերին, որոնց, համաձայն ավանդույթի, աշնանն են հաշվում, թխսում են ամռանը։

2019 թվականի ամառը պատմության մեջ կմնա որպես քաղաքական գլոբալ բեկման ամառ. անցած երեք ամիսների իրադարձությունները հասարակությանը ստիպեցին հրաժարվել պատրանքներից ու հույզերից, քննադատական հայացք արթնացրեցին ամբոխի անցած տարվա թորվածքի կուռքերի նկատմամբ։ 2018թ. մարտի 31-ին Փաշինյանը դուրս եկավ Գյումրիից և քայլեց դեպի մեծ քաղաքականություն։ Ամառ-2019-ը դարձավ այն աբսուրդի բարձրակետը, որ այդ օրվանից տեղի է ունենում մեր և երկրի հետ։

Աբսուրդի ապոթեոզը դարձավ դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցի մասին։ XXI դարում Եվրախորհրդի անդամ երկրում դատավորը կայացրեց որոշում, չլսելով փաստաբանների կարծիքները, փոխարենը լսեց 2008թ. մարտի 1-ի զոհերի ազգականների կարծիքները, որոնք նույնիսկ չգիտեին, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են բնավ ոչ իրենց հարազատների մահվան մեջ։ Այդ մարդկանց օգտագործեցին դատարանի դահլիճում, հրապարակավ շահարկելով նրանց վիշտը։

Մինչդեռ Փաշինյանի փաստաբանը հայտարարեց, թե Փարիզում հնչեցրած այն արտահայտությունը, թե «կարելի է 10 մարդու սպանել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ» ՉԷՐ վերաբերում Ռոբերտ Քոչարյանին։ Դատավարության ընթացքում Նիկոլ Փաշինյանի անունից դա ընդունեց նրա ներկայացուցիչը։ Հայտարարությանը նախորդել էր Քոչարյանի հայցը Նիկոլի դեմ, որն այնուհետ հետ կանչվեց։ Այլ կերպ ասած, ամառը ցույց տվեց, որ Նիկոլը մեղավոր ՉԻ համարում Քոչարյանին 10 մարդու մահվան մեջ, բայց այդ հայցի և վարչապետի փաստաբանի հայտարարության մասին մի տեսակ արագ մոռացան։

Բռնության փորձնական կիրառում

Հուլիսի 10-ին Հյուսիսային պողոտայում ոստիկանությունը և «մորեգույն բերետները» ցրեցին երկրորդ նախագահի կողմնակիցների ցույցը, որոնք փորձում էին գոչելով իրենց ասելիքը հասցնել եվրոպական բարձրաստիճան հյուր Դոնալդ Տուսկին, երբ վերջինս Նիկոլի հետ գնում էր ռեստորանում ճաշելու։

Ոստիկանները ուժգին հրմշտեցին պիկետի մասնակիցներին, բայց նրանք այնուամենայնիվ հասան իրենց ուզածին. Տուսկը լսեց և հասկացավ անգլերեն գոչյունները. «Քոչարյանը քաղբանտարկյա՛լ է» «Նիկոլը զբաղվում է վենդետտայով»։

Հուլիսի 10-ի իրադարձությունները դարձան բռնության փորձնական կիրառում, որը ոստիկանությունը գործադրեց Իջևանում՝ ապօրինի անտառահատման մեջ կասկածվող բնակիչներին ձերբակալելիս, և ավելի ուշ Բաղրամյան պողոտայում, որտեղ ոստիկանությունը բռնություն կիրառեց Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող բնապահպան-ակտիվիստների դեմ։

Դատավոր Գրիգորյանի քաղաքական հետապնդումը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը՝ օրենքի խախտումով, բայց առաջին ատյանի դատարանի թույլտվությամբ, ցնցեց մտածող հասարակայնությանը, ընդ որում խուզարկության ժամանակ առգրավվեցին Քոչարյանի գործի նյութերը, այլ բնավ ոչ նրանք, որոնք կապ ունեին դատավորի դեմ հարուցված քրեական գործի հետ։

Դատավորի քրեական հետապնդումն այն բանի համար, որ նա (նախքան դատավոր Դանիելյանի վճիռը) համարձակվեց որոշում ընդունել երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին, ինչի արդյունքում Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հարուցեց պրոֆեսիոնալ իրավագետների վրդովմունքը։ Դատավորներին ուղղված կոչ հնչեց՝ դատապարտել քրեական հետապնդումը դատավոր Գրիգորյանի նկատմամբ։ Գրիգորյանի քրեական հետապնդման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի, Հատուկ քննչական ծառայության և Գլխավոր դատախազության գործողություններում ակներև են Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված հանցագործությունների նշանները։

Հենց դատավոր Գրիգորյանի քրեական հետապնդումը մեր քաղաքացիներին ստիպեց հարց տալ. եթե իշխանությունը այդ կերպ է վարվում դատավորի նկատմամբ, ապա ի՞նչ կլինի հասարակ մահկանացուների հետ, եթե նրանք հանդգնեն հակառակվել Նիկոլի կամքին։

Խախտումների 29 կետ

Որպես հեռացող ամռան գլխավոր արդյունքներից մեկը կարելի է արձանագրել, որ նրանց թիվը, ովքեր հավատում էին երկրորդ նախագահի առնչությանը 2008թ. մարտի 1-ին 10 մարդու մահվան հետ, անցած 3 ամիսների ընթացքում կրճատվեց նվազագույնի։

Երկրի քաղաքացիների մեծամասնությանը զայրացրեց վարչապետի հետևյալ արտահայտությունը. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»։ Մի շարք քաղաքագետների կարծիքով, այդ արտահայտությունը մոտենում է հոգեբուժական ախտորոշման՝ արևահարության առաջացրած հետևանքներով

Երկրորդ նախագահի գրասենյակը այս ամռանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների ոտնահարման 29 կետ։ Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով, խախտումների 10%-ն անգամ բավական է՝ ցանկացած դատարանում գործը շահելու համար։ Այս ամռանը հասարակության մտածող մասը վերջնականապես հասկացավ, որ երկրորդ նախագահի փաստաբանները փորձում են պայքարել մարդու իրավունքների համար համատարած անօրինության դաշտում ՝ հիմնվելով օրենքի վրա։

Քաղաքակիրթ հանրությունը ցնցվեց

Իշխանությունը, սակայն, մեկ դատավորի հետապնդումից ավելի հեռուն գնաց և գրոհ նախաձեռնեց Սահմանադրական դատարանի ողջ կազմի դեմ։ Հասկանալով, որ ՍԴ դատավորները չեն ցանկանում հրաժարական տալ, իշխանությունը հայտարարեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին, համաձայն որի՝ ՍԴ դատավորները, որոնք հոժարակամ հրաժարական կտան օոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, կպահպանեն պաշտոնեական դրույքները և սոցիալական վճարումները՝ ընդհուպ մինչև թոշակի անցնելը։

Քաղաքակիրթ համաշխարհային հանրությունը ցնցվեց ՍԴ դատավորներին օրենքի անունով կաշառելու իշխանության աննախադեպ փորձից։

Այնուհետ՝ ավելին. իշխանությունը սպառնաց, որ համապատասխան լրացումներն ընդունելուց հետո ՍԴ դատավորի լիազորությունները կդադարեցվեն քրեական գործի հարուցման դեպքում։ Քաղաքակիրթ հանրությունը երկրորդ անգամ ցնցվեց օրենքի անունով շանտաժից. չէ՞ որ այդ լրացումն ընդունելու դեպքում ցանկացած քննիչ կարող է գրչի մեկ հարվածով կաթվածահար անել ՍԴ յուրաքանչյուր դատավորի աշխատանքը։ Կաշառքն ու շանտաժը դարձան իշխանության յուրօրինակ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին ՍԴ-ի ուղղած դիմումին՝ ՀՀ Քր.օր.-ի 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ Այս ամռանը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու ակներև դարձավ, որ իշխանությունը փորձում է ամեն գնով փոխել ՍԴ կազմը՝ կապված Ռ.Քոչարյանի գործի հետ։

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ էներգահամակարգի ծավալուն վթար, հոսանքազրկվեցին մետրոն և ռազմավարական այլ օբյեկտներ. վթարի պատճառներն անհայտ են, պատասխանատուները նշված չեն։

«Որտե՞ղ եք տեսել, որ այդքան ղարաբաղցի ձերբակալեն»

Այնուհետ հաջորդեցին գիշերային ձերբակալությունները Իջևանում (ՆԳԺԿ-ի ոգով), հաշվեհարդարը Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև պառակտումը «Իմ քայլը» խմբակցությունում՝ հանքավայրի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերով։

Առանձնակի ուշադրության է արժանի Փաշինյանի չհաջողված փորձը՝ ներկայացնելու Հայաստանը որպես ձախողված պետություն, 2014-ով թվագրված մի ինչ-որ գաղտնի փաստաթղթի վկայակոչումով։ Փաստաթուղթն այդպես էլ չգաղտնազերծվեց, կասկած առաջացավ, որ վարչապետը բլեֆի է դիմել։ Փոխարենը՝ եվրոպական փորձագետների հայտնի հայտարարությունը ինչպես հարկն է վակաբեկեց վեթինգի և անցումային արդարադատության ինստիտուտ մտցնելու իշխանության մտադրությունը։

Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը վերջնականապես համոզեց քաղաքացիներին, որ իրենք խաբված են, և որ Նիկոլը վաղուց մոռացել է կախարդական փայտիկի մասին, ուստիև դրական շարժերի մասին խոսում է միայն 2050 թվականի տեսլականով, ինչից հետևում է, որ մինչ այդ մարդիկ վատ են ապրելու։ Ձախողվեց ողջ մեղքը նախկին իշխանության վրա բարդելու փորձը, որն իբր հասցրել էր երկիրը «ինստիտուտային կաթվածահարության», ուստիև Նիկոլը ստիպված է ամեն ինչ սկսել զրոյից։ Գաղտնի փաստաթղթին հավատացին միայն Նիկոլի ամենազոմբիացված երկրպագուները։

Այս ամռանը ակնհայտ դարձավ, որ Նիկոլի ազդարարած տնտեսական հեղափոխությունն առաջ չի շարժվել ոչ մի քայլ։ Մտածող հանրության առանձնակի հիասթափությունն առաջացրեց պատգամավոր Հրաչիկ Հակոբյանի՝ Աննա Հակոբյանի եղբոր հայտարարությունը։

Իջևանում բարբարոսական ձերբակալություններից հետո նա հայտարարեց. «Որտե՞ղ եք տեսել, որ 19 ղարաբաղցի ձերբակալեն, հիմա 19 իջևանցի ձերբակալված է»։ Իբր Նիկոլը լավն է, նա կարող է նույնիսկ համերկրացիներին ձերբակալել։ Թե այսօր ինչ են մտածում Նիկոլի մասին իր համերկրացիները, կարծում եմ, առանձնակի մեկնաբանությունների կարիք չունի։

Ամառն ակներև դարձրեց, որ Նիկոլի նկատմամբ իջևանցիների վերաբերմունքը կիսում են Գյումրիում, Աբովյանում և մյուս քաղաքներում։ Պատահական չէ, որ այս խոսակցությունը մենք սկսեցինք 2018թ. մարտի 31-ի հիշատակումով, երբ Նիկոլն ու «Իմ քայլը» նախաձեռնության մյուս մասնակիցները հաղթահարեցին առաջին կիլոմետրերը մայրաքաղաքի ուղղությամբ։ Այսօր նա դժվար թե կարողանա նույնքան անարգել հաղթահարել այդ ուղին։ Ամեն քայլափոխի կթքեն նրա կոշիկներին, կշտամբելով, որ խոստացավ ու չկատարեց. օրինակ, խոստացավ նախքան վերջնական որոշում ընդունելը գալ Ջերմուկ և քաղաքացիների հետ տեղում քննարկել Ամուլսարը հանքի վերածելու հարցը։ Իրականում գնաց միայն այն ժամանակ, երբ որոշումն արդեն ընդունված էր։ Ջերմուկում վարչապետին դիմավորեցին «Նիկոլ և Ավինյան, հեռացե՛ք» գոչյուններով։

Այս ամռանը հայտնվեցին առաջին կանխատեսումները խորհրդարանի հնարավոր լուծարման, «Իմ քայլը» խմբակցությունից ավելի քան 20 պատգամավորների հեռանալու մասին։

Իսկ բացի այդ, այս ամռանը Երևանն անկախության պատմության ընթացքում առաջին անգամ այդչափ հիմնավորապես թաղվեց աղբակույտերի մեջ։ Այդ առիթով քաղաքապետը՝ շոումեն Հայկոն, և Նիկոլը կարծիքների զվարթ փոխանակում կատարեցին ուղիղ եթերում։ Նրանց համար ծիծաղելի էր գարշահոտ հակասանիտարական վիճակը, որը սպառնում էր և շարունակում է սպառնալ քաղաքացիների առողջությանը։ Բայց, ինչպես հայտնի է, ամենից բարձր ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։ Կարծում եմ, շատ շուտով պարոնների ծիծաղն արդեն չի գա. գլոբալ բեկման ամառը սահուն կերպով փոխարկվում է քաղաքական մեծ հույսերի աշնան։

Основная тема:
Теги: