Արծվիկ Մինասյան. Եթե կորցնենք ՍԴ-ն, մենք ամբողջությամբ կորցնում ենք դատական համակարգը

Ներկա իշխանություններն ավելի դիկտատոր են, քան նախորդներին ներկայացվող մեղադրանքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Այն օրենքը, որն ընդունվել էր և որը պետք է գործադրվեր, և օրենսդրական, սահմանադրական խախտումներով այդպես էլ անգործունակ մնաց և վերափոխվեց ներկա իշխանությունների քմահաճույքին համապատասխան, ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխող քաղաքական ուժն ուզում է ամեն գնով իր ձեռքում պահել հակակոռուպցիոն մարմինը՝ նրան տալով լրացուցիչ լիազորություններ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հիշեց հայտնի դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանի խոսքը, որ մսավաճառի երբ փափուկ միս ես ուզում, վերջում մի քանի կտոր ոսկոր գցում է մեջը. «Այս կոնցեպտն է աշխատել: Ակնհայտ է, որ իրենք ուզում են ձևավորել մի հակակոռուպցիոն մարմին իրենց համար: Կոռուպցիան այնտեղ է, որտեղ կա իշխանություն: Պարզ է, որ այս մարմինն ծառայելու է իշխանության համար, ոչ թե ընդդեմ իշխանության:

Քաղաքական վրեժխնդրությունը փորձ է արվում իրավական փաթեթավորմամբ ներկայացնել: Անձնական վրեժխնդրությունը փորձ է արվում ներկայացնել իրավական այս կամ այն իրավունքի նորմը մեկնաբանելով: Իրականում այս ամենի նպատակը մեկն է՝ ամբողջական, տոտալ իշխանության նվաճում: Իրենք են տոտալիտար դառնում աստիճանաբար: Իրենք այդ ճանապարհին գիտակցում են, որ չի կարելի այնպիսի ձևակերպումներ տալ, որ հետո իրենց մեղադրանք ներկայացվի»:

Նա ընդգծեց, որ իշխանափոխության առաջին իսկ հնարավորության դեպքում զանգվածային քրեական գործեր են հարուցվելու՝ սկսած ամենապարզ հոդվածներից մինչև սահմանադրական կարգի տապալման հոդվածը:

«Այսօր միակ անկախ դատական համակարգը, ցավոք սրտի, սահմանադրականն է մնացել: Եթե սա էլ կորցրեցինք, մենք ամբողջությամբ կորցնում ենք դատական համակարգը, որովհետև ԲԴԽ-ն գլխատվեց և դարձավ այսօրվա իշխանությանը սպասարկողը: Մենք այսօր ունենք շատ քիչ դատավորներ, որոնք իրենց պարտականությունը կատարում են Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները գիտակցելով:

ՍԴ-ի աջակցությունը չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ցույց տալ, որ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ իրական անկախությունը այ հենց հիմա է, երբ ՍԴ-ն իշխանության քիմքին ոչ համապատասխան որոշում է կայացնում:

Նա կարծիք հայտնեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը առաջին անձն է և ԱԺ-ն առաջին խոշոր մարմինն է. վարչաետն էլ հետը, որ հեղինակազրկում են ՍԴ-ն»,-հայտարարեց Արծբվիկ Մինասյանը:

«Խոսքն այսօր արատավոր ընթացքը կասեցնելու մասին է: Դրա համար կա թե քաղաքական պարարտ հող, թե կա անմիջական ժողովրդավարության ուղիղ գործիքներ. Դուրս գալ և ստորագրահավաքի միջոցով պարտադրել հանրաքվեի կոնկրետ գործողություններ՝ դադարեցնել բարեփոխման անվան տակ պետաքանդման աշխատանքը»,-հավելեց նա, տեղեկացնում է NEWS.am: