ԲԵՆԶԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ. ՉԱՓԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՞
Ընթացիկ տարվա հուլիսի 2-ին Հայաստանի կառավարության նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին, որի մասին խոսակցություններն ընթանում էին արդեն շատ վաղուց:
Համաձայն այդ փաստաթղթի, Ղազախստանից ներկրումով՝ մեր երկիրը կարող է թեթև նավթամթերք (բենզին, դիզվառելիք) ստանալու նոր, այլընտրանքային աղբյուր ստանալ, որոնք ընդ որում ազատվում են արտահանման մաքսատուրքի գանձումից (նույն արտոնությունը գործում է նաև Ռուսաստանից իրականացվող համանման մատակարարումների նկատմամբ): Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները ս.թ. ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա…
2019 թվականի դեկտեմբերին Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը Նուր-Սուլթանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ հայկական կողմը չի նշել ներմուծման պահանջվող ծավալները։ «Ընդհանուր առմամբ նրանք պատրաստ են ցանկացած ծավալի։ Բայց այնտեղ բուն լոգիստիկան բարդ է։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը շահագրգռված է իրենց շուկայում մեր ցանկացած ներկայությամբ»,- ասել էր նա։ Հավելենք, որ փաստաթղթի համաձայն՝ երկու կողմերը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ն ընկած ժամկետում կկազմեն ապրանքների ցանկն ու ծավալները (արտահանման-ներկրման գործառնությունների ինդիկատիվ հաշվեկշիռները)։ Ընդ որում, ինչպես սահմանված է ԵԱՏՄ-ի կանոններով, ղազախստանյան նավթամթերքը պետք է օգտագործվի բացառապես Հայաստանի ներքին կարիքների համար, ուստի երրորդ երկրներ վերաարտահանման դեպքում Հայաստանը պարտավոր կլինի Ղազախստանին փոխհատուցել վերաարտահանված ծավալների համար մաքսատուրքի չափով գումար:
Իհարկե, տարբերականացումն ու մրցակցությունը և, համապատասխանաբար, ավելի ընդունելի գներն ու որակը հիանալի բան են, հոյակապ։ Այդ մասին հենց կառավարության նիստում անմիջապես շեփորեց վարչապետ Փաշինյանը, թեև Հայաստանի տնտեսության մենաշնորհայնությունը վերացնելու վերաբերյալ նա արտահայտվեց շատ ավելի զգուշավոր, քան իշխանության գալուց կարճ ժամանակ անց, երբ հայտարարում էր, թե Հայաստանում արհեստական մենաշնորհներ այլևս գոյություն չունեն։ Այսօր պարզվում է, որ մենաշնորհները մեր հայրենիքում լոկ թուլացած են, բայց ամենևին վերացված չեն։
Բայց վերադառնանք բուն թեմային։ ՀՀ կառավարության հակիրճ հաղորդագրությունը չի պատասխանում ամենակարևոր հարցերին։ Նախ, ելնելով այն հանգամանքից, որ առաքման լոգիստիկայի ծախսերը զգալի մաս են կազմում նավթամթերքի ինքնարժեքի և, համապատասխանաբար՝ գնի մեջ, ինչպիսի՞ն է լինելու ղազախստանյան բենզինի և դիզվառելիքի գնագոյացումը, որքանո՞վ դրանք մրցունակ կլինեն ռուսական համանման ապրանքների հետ և կկարողանա՞ն արդյոք առևտրային շահութաբերություն ապահովել: Եվ ով ՝ պետությունը, թե՞ ինչ-որ մասնավոր կազմակերպություն է զբաղվելու դրանով, այսինքն կոնկրետ ո՞ւմ է վաճառվելու Ղազախստանից բերված ապրանքը (ինչպես հայտնի է, ռուսաստանյան մատակարարումները Հայաստան իրականացվում են առավելապես «Ռոսնեֆտ» պետական ընկերության և ավելի քիչ չափով՝ «Գազպրոմնեֆտ»-ի միջոցով, որոնք այնուհետ վերավաճառում են այդ ապրանքները տեղական նավթաթրեյդերներին) ։
Համաձայնեք, տվյալ դեպքում բավական դժվար է պատկերացնել մեր երկիր նավթամթերքի առաքման ավելի էժան լոգիստիկա, քան ՌԴ-ից։ Ռուսական մատակարարումները ծովային տրանսպորտով տարանցիկ փոխադրվում են վրացական նավահանգիստներ և այնուհետ երկաթուղով բերվում Հայաստան (ընդ որում ամենամեծ խնդիրը վճարն է Վրաստանի տարածքով թանկարժեք տարանցման համար, ինչի վրա լավ կլիներ, եթե վերջապես կենտրոնանային հայկական իշխանությունները): Իսկ տվյալ դեպքում, առավել, այսպես ասած՝ տեսանելի տարբերակը Ղազախստանից ծովային տրանսպորտով երթուղին է Կասպից ծովով և այնուհետ Իրանի տարածքով ավտոտրանսպորտով տարանցիկ փոխադրումը Հայաստան։ Ի դեպ, հենց այդ երթուղին էր ժամանակին օգտագործվում Թուրքմենստանից Հայաստան նավթամթերք մատակարարելու համար։ Բայց այլընտրանքը՝ այլընտրանք, սակայն դա տնտեսապես նպատակահարմար է միայն այն դեպքում, եթե աշխատի ֆինանսական բաղադրիչը, ինչում մեծ կասկածներ կան։
Իմիջիայլոց, համաձայնագրի նախագծի սկզբնական տարբերակում Ղազախստանից Հայաստան նավթամթերքի փոխադրումը նախատեսվում էր երկաթուղային և/կամ ծովային տրանսպորտի օգտագործմամբ, և միայն ՀՀ պետեկամուտների կոմիտեի դիտողությունից հետո նախագծում մտցվեց խառը և/կամ համակցված լոգիստիկայի հնարավորությունը, որը ներառում է նաև ավտոմոբիլային և/կամ օդային տրանսպորտի օգտագործում: Ավտուտրանսպորտի համար «5+» թվանշան ենք դնում կոմիտեին, իսկ այ ինքնաթիռներով նավթամթերքի փոխադրում պատկերացնելու համար, համաձայնեք, պետք է օժտված լինել չափազանց հարուստ երևակայությամբ:
Կասկածների մյուս հատվածը կապված է Եվրասիական (ԵԱՏՄ) Եվրա-5 ստանդարտի նավթամթերքով Հայաստանի մատակարումն ապահովելու բուն Ղազախստանի հնարավորությունների հետ։ Ինչպես հայտնի է, մինչև վերջերս Ղազախստանն արտահանում էր անմշակ նավթ, իսկ ինքը էժան ճանապարհով նույն Ռուսաստանից ներկրում Եվրո-5 ստանդարտի բենզին, որի պակասն ուներ ներքին շուկայում։ Եվ ահա իր նավթավերամշակման գործարանների արդիականացումից հետո այդ երկիրն այժմ մտադիր է դուրս գալ նաև պատրաստի նավթամթերքի միջազգային շուկա։ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի նմանությամբ փաստաթղթեր են նախապատրաստվում Ղրղզստանի և Բելառուսի հետ: Կարծում ենք, այդ մատակարարումների ծավալներն ամեն դեպքում մեծ չեն լինի, այնպես որ խոսքը մեծ հաշվով վերաբերում է պարզապես մատակարարումների տարբերականացված աղբյուրի առկայությանը (ծայրահեղ դեպքերի համար), որոնց ծավալները դժվար թե կարող են արժանապատիվ մրցակցել Ռուսաստանից ներկրվող ծավալների հետ և, հետևաբար, հակառակ Փաշինյանի էքստազի, ամեն դեպքում էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի ներքին շուկայում գնագոյացման վրա։
Թեպետ, նոր նախագիծը միանգամայն տեղավորվում է նաև վերջին իրադարձությունների շարքում, որոնք այսպես թե այնպես կարելի է կապել Ռուսաստանից կախվածությունը ամեն կերպ ու տարբեր ուղղություններով նվազեցնելու Փաշինյանի աշխատակազմի փորձերի հետ (գազի գները, վարկը ՀԱԷԿ-ի համար, վարչապետի չմասնակցելը Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին, Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եթերի տրամադրումը ընդդիմադիր Նավալնիին) ։ Բայց դա արդեն քաղաքականություն է…