«ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔՈՒՄ ՆԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ»

Այս հայտարարությունն արեց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը «ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում, որում անդրադարձավ Հայաստանի այսօրվա ներքին քաղաքականության և երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակի ամենահրատապ հարցերին:

Մենք ստիպված էինք դիմել դատարան

-Դուք հայտարարել եք, որ «կորոնավիրուս» ախտորոշմամբ քաղաքացիների մահվան իրական պատճառների հետաքննության դեպքում հայ հասարակությանը շոկ է սպասվում, բայց չէ՞ որ իշխանությունը նախապես հոգ է տարել դիահերձման արգելանքի մասին... Ստացվում է՝ չկա մարմինը, չկա գո՞րծը։

-Ժամանակակից դատական բժշկության և լաբորատոր հետազոտությունների տեխնոլոգիաները թույլ են տալիս հարյուրավոր տարիներ առաջ մահացած մարդկանց դիակների վրա գտնել մահվան պատճառի մասին վկայող նմուշներ: Դիահերձման արգելանքը չի կարող խոչընդոտ լինել մահվան իրական պատճառների հետաքննման համար։ Իշխանությանը անսահման հավատացող մարդիկ շոկ են ապրում այն բանից հետո, երբ բացահայտվում է, թե ինչ է կատարվել իրենց հարազատների հետ փակ դռների հետևում։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնց ստորագրությունները դրված են մարդու կյանքի իրավունքը երաշխավորող կոնվենցիաների ներքո, պարտավոր են ուսումնասիրել մահվան պատճառները (դա ամրագրված է հիշյալ կոնվենցիաներով), բացահայտել մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել նրանց։

Իմ տրամադրության տակ կան իրավասու մասնագետների տվյալները իրական վիճակի մասին, բայց քանի դեռ չկա քրեական գործ, չկան ցուցմունքներ ու վկաներ, ստիպված եմ սահմանափակվել քրեական գործ հարուցելու, ավելի քան 1200 մահերի իրական պատճառների օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն անցկացնելու պահանջով։ Անհրաժեշտ է ստանալ եզրակացությունը, թե հնարավոր էր արդյոք փրկել այդ մարդկանց, թե՞ ոչ։ Ցավոք, Քննչական կոմիտեն քննության չառավ հարազատների մասնավոր հայտարարությունները, իսկ Հատուկ քննչական ծառայությունը գործնականում առանց հիմնավորման հրաժարվեց ընդունել մեր կուսակցության դիմումը։ Մենք բողոքարկեցինք այդ որոշումը դատախազությունում, բայց մեզ կրկին մերժեցին, և ստիպված եղանք դիմել դատարան։ Առաջին նիստն արդեն կայացել է, երկրորդը նշանակված է սեպտեմբերի 30-ին։ Մենք փորձում ենք դատական կարգով չեղարկել քրեական գործ հարուցելու մերժումը։

-Քրեական գործ հարուցելու դեպքում կպահանջվի զանգվածային արտաշիրմո՞ւմ:

-Չեմ կարծում, բայց այն դեպքերում, երբ կասկածներ կան, որ օգտագործվել են որոշակի կլինիկական միջոցներ, կարծում եմ, առանց դրա անհնար է:

-Համաշխարհային պրակտիկայում կա՞ նախադեպ, որ քաղաքական ուժերը պնդած լինեն նման հետաքննություններ անցկացնել:

-Ոչ միայն քաղաքական ուժերը, այլև հասարակական կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները: Իտալիայում դատախազությունն արդեն հետաքննություն է վարում կառավարության նկատմամբ, Ֆրանսիայում համանման հետաքննություններն արդեն հանգեցրել են աղմկահարույց պաշտոնանկությունների: Քրեական գործեր են հարուցված բոլոր այն դրվագներով, երբ մինչև վերջ հետազոտված չեն մահվան պատճառները և պահանջվում է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ հանգամանքներում և ո՞ւմ մեղքով են տեղի ունեցել այդ մահերը:

-Իշխանությունը կարող է տեղափոխել սլաքները բժշկական սխալմունքի վրա և խուսափել պատասխանատվությունից. մի՞թե այդպես չէ։

-Դա այնքան էլ հեշտ չէ: Ոչ մի բժիշկ չի ցանկանա իր վրա վերցնել ուրիշի մեղքը, ընդ որում բժիշկն իրականացնում է բուժումը գլխավոր բժշկի ցուցումների հիման վրա, իսկ նա էլ իր հերթին ղեկավար հրահանգներ է ստանում նախարարությունից։ Մենք չենք փորձում թիրախավորել այն բժիշկներին, որոնք զօրուգիշեր կյանքեր են փրկում, մեր նշանակետը առողջապահության կազմակերպիչներն են, որոնք պարբերաբար կեղծ տեղեկություններ ու չստուգված տվյալներ են մատուցել հանրությանը։

Աննպատակահարմար է ներքաշել պետությունը պերմանենտ հեղափոխությունների մեջ

Գոլոս»-ին տված նախորդ հարցազրույցում դուք խոսում էիք իշխանության կողմնակիցների և հակառակորդների միջև փողոցային բախումների սպառնալիքի մասին։ Պահպանվո՞ւմ է արդյոք այդ վտանգն այսօր, չէ՞ որ Փաշինյանի վարկանիշն էապես ընկել է։

-Սպառնալիքը պահպանվում է, քանի դեռ հավանականություն կա, որ Նիկոլը կդիմի կողմնակիցներին փողոց դուրս գալու և «նախկին իշխանության ռևանշի փորձից հեղափոխության հաղթանակը պաշտպանելու» կոչով։ 2,5 տարվա ընթացքում մեզ չհաջողվեց չեզոքացնել ատելության այն չափաբաժինը, որը ներարկվել է հասարակությանը։ Հասարակության մեջ դեռևս գերիշխում են հույզերը, իսկ ես կողմնակից եմ ապագային միտված հստակ հաշվարկված ծրագրերին։ Ցավոք, մեր երկրում ամենից քիչ բանավիճում են ապագայի մասին, նախընտրելով չքփորել անցյալն ու մեղավորներ փնտրել։ Այո, Փաշինյանի վարկանիշն ընկել է, բայց երաշխիք չկա, որ նա չի գործարկի կեղտոտ տեխնոլոգիաներն ու այն ողջ գործիքակազմը, որը կարող է հանգեցնել փողոցային բախումների։ Աննպատակահարմար է ներքաշել պետությունը պերմանենտ հեղափոխությունների մեջ. եթե մեկին հաջողվեց փողոցից գալ իշխանության, ապա դա չպետք է դառնա նորմ։

-Խոսքը ոչ թե նոր հեղափոխության մասին է, այլ փափուկ ուժի, որը կդրսևորվի Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային ակցիաների ժամանակ։ Ի դեպ, նախատեսո՞ւմ եք առաջիկայում միանալ ընդդիմության երեք բևեռներից մեկին՝ ՀՀԿ-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին կամ ԲՀԿ-«Հայրենիք»-ՀՅԴ եռյակին։

-Հանրահավաքները վտանգ չեն պարունակում իշխանության համար. չէ՞ որ նույնիսկ 100 հազար մասնակիցը դեռ ժողովուրդը չէ։ Ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ ժողովուրդը քաղաքական ուժերի նկատմամբ իր վերաբերմունքը դրսևորում է ընտրությունների միջոցով, ես կողմ եմ, որ գործընթացներն ընթանան քաղաքական հունով։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր բևեռներին, ապա մենք գերադասում ենք գնալ մեր ճանապարհով՝ կենտրոնամետ քաղաքական գաղափարախոսության ձևաչափով։

-Դուք համամի՞տ եք Փաշինյանի այն տեսակետին, թե երկրում չկա տնտեսական ու սոցիալական ճգնաժամ:

-Ամենևին։ Գործող քաղաքական համակարգը սպառել է իրեն։ Նկատի ունեմ և՛ կորոնավիրուսի տարածումը կանխելու անյուրաժամանակ միջոցները, և՛ տնտեսական լճացումը, և՛ գործազրկությունն ու բազմաթիվ այլ բաներ։

-Բայց չէ՞ որ այս խորապատկերին բազմահազարանոց հանրահավաք անցկացնելու եռյակի մտադրությունը առավել քան հասկանալի է. մի՞թե ընդդիմադիր երեք բևեռների օրակարգը, որը հանգում է Փաշինյանի հրաժարականի պահանջին, չի համընկնում «Մեկ Հայաստան» կուսակցության օրակարգին։

-Իսկ մի՞թե այդ օրակարգը ստիպեց նրան հրաժարական տալ:

Մեզ քաղաքական պայքար է պետք քաղաքականության մեջ «ռեալիթի շոուի» դեմ

-Իսկ ի՞նչ եք առաջարկում կենտրոնամետ գաղափարախոսության ձևաչափով:

-Մեզ իրական քաղաքական պայքար է պետք քաղաքականության մեջ «ռեալիթի շոուի» դեմ։ Թող ժողովուրդը դուրս գա փողոց, բայց փողոցում իշխանություն փոխելը լավ չէ, դրա համար պետք են համակարգային գործընթացներ։ Ես խոսում եմ Փաշինյանին հրաժարական պարտադրելու հնարավորության մասին՝ այն հիմնավորմամբ, որ նա անկարող է կառավարել երկիրը։ Որպեսզի նա հասկանա դա՝ բավարար չէ 50 հազար մարդ հավաքել փողոցում։ Մենք գործընթացները տանում ենք դեպի այն, որ համակարգը ճաք տա ներսից, որ իշխանությունը դադարի գործել, որ կաթվածահար լինեն պետական ինստիտուտներն ու չկատարվեն հրամանները, որ կորսվի վերահսկողությունն իշխանության նկատմամբ։ Մենք փորձում ենք դատարանում ապացուցել, որ անհրաժեշտ է քրեական գործ հարուցել և ներգրավել Փաշինյանին ու Թորոսյանին որպես մեղադրյալներ, դադարեցնել նրանց լիազորություններն իրավական ճանապարհով։ Դա գրագետ, հիմնավորված և օրինական է։ Փաշինյանին հրաժարական պարտադրելու համար ժողովրդի աչքում նա պետք է լինի հանցագործ, մեղավոր ավելի քան 1200 մարդու մահվան համար։ Հայկական ընդդիմության պայքարի պատմության մեջ իրավական իրավաբանական գործիքակազմը կիրառվում է առաջին անգամ, դա մեր նոու-հաուն է։ Ես իրավաբան եմ, ուստի հավատում եմ այդ գործիքակազմի ուժին։

-Ինչու չեք դիմել դատարան՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի զավթման վերաբերյալ հայցով:

-Հասարակ մարդկանց շատ ավելի հետաքրքրում է այն, ինչը կապված է իրենց հարազատների կյանքի և առողջության հետ: Փաշինյանը շատ է վախենում այդ բացահայտումներից։

-Ավելի շատ, քան ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքի՞ց:

-Նիկոլն անցել է փողոցային պայքարի ճանապարհը, նա գիտի այդ ճանապարհի բոլոր շրջադարձերն ու փոսերը. պայքարել նրա դեմ իր իսկ գործիքակազմով, այսինքն պոպուլիզմով, չարժե. ավելի հեշտ է գտնել աքիլլեսյան գարշապարը, նրա թույլ տեղը։ Այդ թույլ տեղը իրավագիտության և իրավունքի ոլորտն է։ Օրինակ, Սերժ Սարգսյանի թույլ տեղը պոպուլիզմն էր, հանրապետականները չէին կարողանում պատշաճ ձևով ներկայացնել իրենց նվաճումները։ Փաշինյանը օգտվեց դրանից, նախաձեռնեց բողոքի փողոցային ալիքն ու զավթեց իշխանությունը։ Հարկավոր է, որ մարդիկ իրենք հասկանան, որ սխալվել են, որ իշխանափոխության պետք է հասնել ոչ թե հույզերի, այլ ճշգրիտ հաշվարկների և ծրագրերի միջոցով։ Անցյալի սխալների գիտակցումը կօգնի խուսափել ապագայում դրանց կրկնությունից։

-Մինչ մարդիկ գիտակցեն իրենց սխալները, Նիկոլն ու Սորոսի գվարդիան հիմնահատակ կփլուզեն երկիրը

-Քաղաքականության մեջ սրընթաց արդյունքները շատ վտանգավոր են, ընդ որում դրանք, որպես կանոն, զուրկ են ամուր հողից, ուստի անհարատև են։