ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄ, ԻՍԿ ՃԱՇԸ՝ ԸՍՏ ԺԱՄԱՑՈՒՑԱԿԻ՞

Երևանի քաղաքապետարանը 49,2 մլն դրամ կծախսի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանտրանս» ՓԲԸ-ի ավտոկայանատեղին բարեկարգելու համար, երեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նրա խոսքերով, միջոցները կհատկացվեն կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:

«Շինարարական աշխատանքները թույլ կտան հեշտացնել տրանսպորտի մուտքը կայանատեղի, ինչը թույլ կտա բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու մատչելիությունը»,- ասել է Ներսիսյանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. չէ, դե իհարկե, պատերազմի թեժ պահին անգամ ոչ թե բուն կայանատեղին, այլ դրա մուտքը բարեկարգելը հույժ կարևոր խնդիր է։ Անշուշտ, ափսոս չէ ինչ-որ 100 հազար դոլար ծախսել այդ «սուրբ» գործի վրա։ Պատերազմը՝ պատերազմ, իսկ ճաշը, ինչպես ասում են՝ ըստ ժամացուցակի…

Բլիցկրիգի մասին ալիևյան երազանքի ձախողումից հետո պարզ դարձավ, որ պատերազմը կընթանա «հյուծման» մարտավարությամբ։ Համապատասխանաբար, բոլոր ռեսուրսների մոբիլիզացումը դարձել է մեր պետության գերխնդիրը։ Ասենք ուղղակի, բավական է հաշվի առնել, թե որքան գումար է փոխանցվել «Հայաստան» հիմնադրամի հաշվին «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» շարժման շրջանակներում (մոտ 140 միլիոն դոլար), որքան գումար է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (ավելի քան 4,5 միլիոն դոլար), որպեսզի արձանագրենք. ողջ աշխարհի հայերը մասնակցում են մեր ամուր ֆինանսական թիկունքի ապահովման գործընթացին։ Բավական է ուշադրության առնել տասնյակ, հարյուրավոր մասնավոր նախաձեռնությունները՝ ուղղված առաջնագծին սննունդ կամ հագուստ մատակարարելուն, փախստականներին օգնելուն։

Եվ ահա «Ամեն ինչ ճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» գաղափարի շուրջ համընդհանուր համախմբման, «հյուծման» ձևաչափով պատերազմի ընթացքի ակներևության այս խորապատկերին, երբ ամեն գրոշն ահռելի նշանակություն ունի ռազմաճակատի համար, Երևանի քաղաքապետարանը որոշել է ֆինանսավորել... «կայանատեղիի մուտքի բարեկարգումը»։ Տպավորություն է ստեղծվում, թե Երևանի քաղաքապետարանում ընդհանրապես տեղյակ չեն, որ պատերազմ է ընթանում։ Թեև կարող էին կռահել՝ նկատելով, որ քաղաքապետը կարծես թե մեկնում է կռվելու։

ԱՍԵՆՔ, ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, ԿԱ ՆԱԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ։ Եվ այստեղ վիճակն առհասարակ դուրս է եկել վերահսկողությունից։ Իշխանությունները խոստովանում են, որ առողջապահական համակարգը կանգնել է կաթվածահարության սպառնալիքի առջև. չեն բավականացնում հիվանդատեղերը, կարիք ունեցող բոլոր հիվանդների հոսպիտալացման հնարավորությունն արդեն սպառված է։ Բացի այդ, առողջապահական համակարգը ծանրաբեռնված է վիրավորների բուժմամբ։ Թերևս իմաստ չունի խոսել այն մասին, որ նույն այդ 49,2 միլիոն դրամը կարող էր ծառայել խնդրի թեթևացմանը։ Սակայն քաղաքապետարանն այլ առաջնահերթություններ ունի. կայանատեղին ավելի կարևոր է:

Խոստովանեմ, չեմ զարմանա, եթե վաղը մայրաքաղաքի վարչակազմի աշխատակիցները, տարբեր տրամաչափի պաշտոնատար անձինք հերթական անգամ պարգևավճարներ ստանան։ Պատերազմը՝ պատերազմ, իսկ ճաշը՝ ըստ ժամացուցակի... Ըստ երևույթին, այդ սկզբունքը մայրաքաղաքի վարչակազմի համար շատ ավելի նախընտրելի է, քան «Ամեն ինչ ճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» կարգախոսը»։

Основная тема:
Теги: